Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր ասել է, որ Հայաստանում «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի առկայությունն անհրաժեշտություն է:
Այս մասին նա ասել է` լրագրողներին ներկայացնելով 2016թ. դեկտեմբերի 1-ին կառավարության կողմից հաստատված եւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագծի գլխավոր գործառույթները:
Օրենքի ընդունմամբ ստեղծվելու է «Հայաստանի ճարտարապետների պալատ» ոչ առեւտրային հաստատությունը, որի գործունեությունը կանոնակարգվելու է ինքնակարգավորման սկզբունքով:
Պալատն իրականացնելու է ճարտարապետների արտոնագրման եւ գրանցման, էթիկայի կանոնների հաստատման եւ մի շարք այլ գործառույթներ:
«ճարտարապետների պալատը դառնալու է ճարտարապետների միության ժառանգորդը: Այն իրավական հիմքով կարգավորելու է ճարտարապետների, կառուցապատողների, պետության հարաբերությունները»,- ասել է միության նախագահը:
Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ կարեւոր է ունենալ միասնական օրենք, որը խաղի նույն կանոնները կսահմանի դաշտում գործող բոլոր ճարտարապետների համար:
Ճարտարապետների միության վարչության անդամ Սաշուր Քալաշյանն էլ ընդգծել է, որ այս օրենքով ճարտարապետն ավելի պաշտպանված կդառնա:
Միության պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանն էլ հավելել է, որ օրենքով ճարտարապետը պաշտպանված կլինի կառուցապատողների կամայականություններից: Նրա խոսքով՝ իր տարբերություն միության, պալատն իրավասու կլինի իր վրա վերցնել շրջակա միջավայրի ստեղծման վերաբերյալ ողջ պատասխանատվությունը:
Բորիս Քոչարյանն ընդգծել է, որ այսօր միությունը դա չի կարող անել, քանի որ դաշտում գործող ճարտարապետներն անկախ են եւ իրենց չեն ենթարկվում:
«Պալատի ստեղծմամբ այդ հարցերը, եթե ոչ կատարյալ կերպով, ապա գոնե մասամբ կկարգավորվեն»,- հույս է հայտնել Բորիս Քոչարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: