Փիթըր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակին - Mediamax.am

1795 դիտում

Փիթըր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակին


Փիթըր Բալաքյանը
Փիթըր Բալաքյանը

Լուսանկարը` http://www.stonehill.edu/


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանն իր «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է ամերիկյան ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակին:

Այս մրցանակը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։

 

Բալաքյանի «Օզոնի հանդես» շարքի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

 

Բանաստեղծ, հուշագրող եւ գիտնական Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի եւ մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սեւ շունը» (Black Dog of Fate) բեսթսելլերն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի եւ համարվում է ամերիկահայերի երիտասարդ սերնդին սեփական արմատների վերաբացահայտմանն ուղղորդող լավագույն գործերից մեկը։

 

Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի՝ ընդգրկվելով New York Times թերթի բեսթսելերների ցանկում։ Տեր Գրիգորիս Եպիսկոպոս Պալաքյանի «Հայ Գողգողթան» գրքի նրա թարգմանությունը (երջանկահիշատակ Արիս Սեւակի հետ) համեմատվում է Հոլոքոստի վերաբերյալ Էլի Վիզելի եւ Պրիմո Լեւիի հուշագրությունների հետ։

 

Փիթեր Բալաքյանն ունի ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում փիլիսոփայության դոկտորի կոչում (Բրաունի համալսարան) եւ 1980թ. ի վեր դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, որտեղ այժմ անգլերենի ֆակուլտետում հումանիտար գիտությունների պրոֆեսոր է եւ ստեղծագործական գրավոր խոսքի կենտրոնի տնօրենը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին