Երեւան: Մեդիամաքս: “Սալվադոր Դալին եւ սյուռեալիստները” ցուցահանդեսը, որը հուլիսի 7-ին կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահում, “հայտնություն կլինի”:
Մեդիամաքսի հետ հարցազրույցում այս մասին ասել է պատկերասրահի գեղանկարչության բաժնի պետ, նախագծի համադրող Իրինա Բագդամյանը:
Ցուցահանդեսում ընդգրկված են 160 աշխատանքներ ֆրանսիացի հայտնի հրատարակիչ եւ նկարահավաք Պիեռ Արժիլեի անձնական հավաքածուից: Պատկերասրահի այցելուները կկարողանան դիտել Սալվադոր Դալիի յուրօրինակ օֆորտները, որոնց մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թթ-ին եւ ընդգրկվել 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում:
Երեւանյան ցուցադրություններում կներկայացվեն նաեւ ֆրանսիացի բանաստեղծ Պիեռ դե Ռոնսարի ստեղծագործությունների, Գյոթեի` “Ֆաուստ”-ի եւ “Դոն Ժուան”-ի համար արված Դալիի նկարազարդումները:
Կներկայացվեն նաեւ աշխատանքներ “Հիպպի” եւ “Դիցաբանություն” շարքերից:
“Դալին առանձնանում էր հայտնի դիցաբանական հերոսներ` Նարցիսի, Վեներայի, Մեդուզա Գորգոնային ազատ մեկնաբանություններով”, - ասել է ցուցահանդեսի համադրողը: Դալիի օֆորտներից բացի, ցուցահանդեսում կներկայացվեն նաեւ հայտնի գոբելեններ:
Իրինա Բագղամյանը հավելել է, որ ցուցահանդեսում ընդգրկված են նաեւ այլ սյուռեալիստների, մասնավորապես, գերմանացի նկարիչ Հանս Բելմերի, ֆրանսիացի նկարչուհի Լեոնոր Ֆինիի, իտալացի գեղանկարիչ Ջորջո դե Կիրիկոյի աշխատանքները: Երեւանում կներկայացվեն նաեւ Ժան Կոկտոյի նկարները, ինչպես նաեւ Վասիլի Կանդինսկու վաղ աշխատանքները:
Բոլոր աշխատանքները Արժիլե ընտանիքի անձնական հավաքածուից տրամադրել է նրա դուստրը` Քրիստինա Արժիլեն, որը ցուցահանդեսի բացման օրը ներկա կլինի Երեւանում:
“Ողջ աշխարհում հայտնի սյուռեալիստների գրաֆիկական արվեստը առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նման ծավալով: Իհարկե, սյուռեալիզմի կուլմինացիան արտահայտված է Դալիի ստեղծագործություններում: Սա հայտնություն է լինելու մեզ համար, մեծ իրադարձություն Հայաստանի գեղարվեստական կյանքում”, - ասել է նա:
Իրինա Բաղղամյանը ավելացրել է, որ հուլիսի 7-ին Ազգային պատկերասրահում կբացվի եւս մեկ ցուցահանդես` “Սյուռեալիզմը եւ հայ նկարիչները”, որտեղ կներկայացվեն Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի, Լեւոն Թութունջյանի եւ Արշիլ Գորկու աշխատանքները:
Երկու ցուցահանդեսն էլ կտեւեն մինչեւ հոկտեմբեր: