«Գեոթիմ»-ը պատասխանում է շահագրգիռ կողմերի հարցերին - Mediamax.am

10427 դիտում

«Գեոթիմ»-ը պատասխանում է շահագրգիռ կողմերի հարցերին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Գեոթիմ

Լուսանկարը` Գեոթիմ

Լուսանկարը` Գեոթիմ


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Ինթերնեյշնլը» եւ դուստր ընկերությունը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, հուլիսի 20-23-ը իրականացրել են Ամուլսարի ծրագրի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ քննարկումներ:

 

Քննարկումներն անցկացվել են Ամուլսարին հարակից Գորայք, Գնդեվազ եւ Սարավան համայնքներում, Ջերմուկում եւ Երեւանում: ԲՍԱԳ-ը հրապարակվել է մայիսի 27-ին: Այն մանրամասն հետազոտություններով 5 հատորից բաղկացած աշխատանք է:

 

«Գեոթիմը» հաղորդագրություն է տարածել՝ համառոտ հարց ու պատասխանի միջոցով ներկայացնելով քննարկումների ընթացքում եւ տարվա ընթացքում շահագրգիռ կողմերի բարձրացրած որոշ հարցեր:

 

1. Ի՞նչ է կույտային տարրալվացումը եւ ինչո՞վ է կույտային տարրալվացման հարթակը (ԿՏՀ) տարբերվում պոչամբարից:

 

Ամուլսարում կիրառվելիք կույտային տարրալվացման դեպքում հանքաքարը մանրեցվում է եւ տեղադրվում հատուկ նախագծված հարթակի վրա՝ կույտի տեսքով: Որից հետո կույտի միջով անցնում է ցիանային նոսր լուծույթ, որը տարրալուծում է ոսկին: Ոսկով հարստացած լուծույթը հավաքվում է կույտի հիմքում եւ մղվում է գործարան, որտեղ ոսկին անջատվում է լուծույթից: Սա ամբողջովին փակ ցիկլ է՝ առանց որեւէ արտադրական արտահոսքի: Ծրագրի ավարտից հետո շրջանառությունը շարունակվում է հատուկ մշակման պրոցեսով՝ մնացորդային ցիանիդը չեզոքացնելու համար: Այսպիսով՝ կույտը (մանրացրած հանքաքարը) մաքրվում է ցիանիդից: Այլ մետաղների պարունակությունը կույտում նույնն է, ինչ բնականից առկա է հանքաքարում: Կույտն այնուհետեւ կպատվի կավաշերտով, հողի բերրի շերտով եւ խոտածածկույթով:

 

Մինչդեռ մյուս մեթոդի դեպքում հանքաքարը աղվում է, ոսկին առանձնացվում է իսկ լուծույթը իր հետ տանում է մնացորդային նյութերը: Դա աղացած հանքաքարի եւ ջրի խառնուրդ է, որ սովորաբար կոչվում է «պոչանք»: Այն մղվում է արհեստական պատրաստված ամբար եւ նստեցման ավազան:

 

2. Որքա՞ն է Ամուլսարում ոսկու պարունակությունը հանքաքարում եւ որքա՞ն է լինելու տարեկան միջին արտադրողականությունը: Արդյոք աշխարհում կա՞ն համանման այլ հանքավայրեր:

 

Ոսկու միջին պարունակությունը Ամուլսարում 0.78 գրամ է՝ մեկ տոննա հանքաքարում: Տարեկան միջին արտադրողականությունը 10 միլիոն տոննա հանքաքար է լինելու: Համադրելի չափանիշներով շատ հանքավայրեր կան: Քրիփլ Քրիք եւ Վիկտոր հանքավայրը ԱՄՆ Կոլորադո նահանգում ունի 0.55 գ տոննայում ոսկու պարունակություն եւ տարեկան 23.5 միլիոն տոննա արտադրողականություն: Նեվադա նահանգում Կորտես հանքավայրի միջին պարունակությունը տոննայում 0.58 գ, արտադրողականությունը՝ 23.1 միլիոն տոննա: Կիշլադագ հանքավայրը, որը տնօրինում է կանադական ընկերություն Թուրքիայում  ունի 13,5 միլլիոն տոննա արտադրողականություն, 0.72 գրամ պարունակությամբ: Իգլ Գոլդ նախագիծը Կանադայում արտադրելու է տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար, միջինը՝ 0.82 գրամ պարունակությամբ: Աշխարհում գոյություն ունեցող հանքավայրերի միջին պարունակությունը տոննայում 0.82 գրամ ոսկի է (visualcapitalist.com):

 

3. Ինչպե՞ս է կառավարվելու ցիանիդը:

 

Ամուլսարի ծրագրի համար մշակվել է ցիանիդի կառավարման պլան՝ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին համապատասխան: Լիդիանը դառնալու է այդ նախաձեռնության անդամ:

 

Ցիանիդի նոսր լուծութի (0.05%) միջոցով ոսկին կորզվում է մանրացված հանքաքարից: Ջրի հետ խառնած ցիանիդը մտնում է փակ համակարգ, իսկ pH (թթվայնությունը) վերահսկվում է կրաքարի ավելացմամբ՝ ցիանաջրածնի առաջացումը կանխելու նպատակով: Կտեղադրվեն նաեւ արտահոսքի եւ գազի հայտնաբերման սարքավորումներ եւ կիրականացվի օդի եւ ստորերկրյա ջրերի որակի մշտադիտարկում՝ կանխելու բնական միջավայր ցիանիդի արտահոսքի ռիսկը: Ցիանային լուծույթի արտահոսքը կհանգեցնի նաեւ ոսկու կորուստի: Հետեւաբար, ցանկացած ժամանակակից հանք, ներառյալ Ամուլսարը, նախագծվում է այնպես, որ բացառվի արտահոսքը բնական միջավայր՝ կանխելու  թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական կորուստները:  

 

Այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվում է մի քանի տասնյակ տարի այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Չիլին, Կանադան եւ այլն:

 

Աշխարհում արտադրվող 1.1 միլիոն տոննա ցիանիդի միայն 6% է օգտագործվում ոսկու կորզման համար ռեագենտ արտադրելու նպատակով: Մնացած 94%-ը կիրառվում է այնպիսի ճյուղերում ինչպիսիք են նայլոնի, պլաստիկի, սոսնձող նյութերի արտադրության, կոսմետիկայի, դեղագործության եւ այլ ոլորտներում (cyanidecode.org):

 

4. Հանքավայրում կա՞ ուրան կամ ռադիացիայի վտանգ:

 

Ոչ: Ամուլսարը ոսկու հանք է լինելու եւ հանքաքարում ուրանի պարունակության հետքերը աննշան են: Հայաստանյան եւ միջազգային մասնագետների կողմից իրականացրած գիտական հետազատությունները հետեւողականորեն ցույց են տվել, որ ռադիացիայի մակարդակը Ամուլսարում թույլատրելի սահմաններից զգալիորեն ցածր է, ավելի ցածր, քան Երեւանում:

 

5. Արդյո՞ք ենթակառուցվածքները սեյսմակայուն են:

 

Համապատասխան սեյսմիկ հաշվարկները ներառված են հանքավայրի նախագծի մեջ: Նման տեխնոլոգիաներ են կիրառվում Չիլիում կամ Պերույում, որտեղ երկրաշարժեր հաճախ են լինում: Հանքավայրի ենթակառուցվածները, ներառյալ՝ դատարկ ապարների լցակույտը, կույտային տարրալվացման հարթակը, կուտակման ավազանները եւ վերամշակման ֆաբրիկան կառուցվելու են երկրաշարժերի համար նախատեսված կայունության միջազգային բոլոր չափանիշներով: Ամուլսարի մոտակա խզվածքը Փամբակ-Սեւան-Սյունիք խզվածքն է, որը Ամուլսարի հանքավայրից 10 կմ դեպի հյուսիս է: Այն չի հարուցել մեծ երկրաշարժ վերջին մոտ 10.000 տարիներին: Սեյսմիկ ակտիվության քիչ հավանական դեպքի համար իրականացվել է լրացուցիչ ռիսկերի կանխարգելման վերլուծություն, որը ներառվել է թույլտվությունների մաս կազմող տեխնիկական հետազոտություններում:

 

6. Սեւանա լիճը ազդեցություն կկրի՞:

 

Ոչ, չի կրի: Այս հարցը կարելի է բաժանել երկու մասի. 1. իրավական տեսանկյունից հանքաքարի վերամշակման ենթակառուցվածքները Սեւանի անմիջական ազեցության գոտուց դուրս են, որը Սեւանի մասին օրենքով եւ կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է Սպանդարյան-Կեչուտ եւ Կեչուտ-Սեւան թունելների շուրջ բուֆերային գոտով (3 կմ): 2. բնապահպանական տեսանկյունից՝ կույտային տարրալվացման հարթակից, դատարկ ապարների լցակույտից եւ բացահանքերից ջրերի հոսքը նախագծված է, կառուցվելու եւ կառավարվելու է այնպես, որ աղտոտիչները չունենան արտաքին միջավայր որեւէ արտահոսք:

 

Այսպիսով, ոչ միայն Սեւանը, այլեւ շրջակա բնական ընկալիչները՝ ջուրը, հողը եւ օդը խստորեն պաշտպանվելու են: Ընկերությունը տեղի համայնքների եւ ՀԿ-ների հետ համատեղ կիրականացնի ջրի, օդի եւ հողի մշտադիտարկում՝ բացառելու աղտոտումը:

 

7. Ջերմուկ քաղաքը եւ հանքային ջրերը կենթարկվե՞ն բնապահպանական ազդեցության:

 

Ոչ: Ծրագիրը նախագծվել է եւ փորձարկումներ են իրականացվել ապահովելու համար բոլոր ջրային ռեսուրսների, ներառյալ՝ Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցության բացակայությունը: Ջերմուկը բացահանքերից 10 կմ հեռավորության վրա է: Ի լրումն՝ 2013թ. լայնածավալ իզոտոպային հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տալիս, որ Ջերմուկի աղբյուրները տարբեր են Ամուլսարին առնչվող աղբյուրներից: Տեղական եւ միջազգային փորձագետների կողմից իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշվի առնելով զգալի հեռավորությունը  հանքավայրի աղմուկը եւ փոշին քաղաքի վրա ազդեցություն չեն ունենա: Հանգստավայրերի շրջակայքում գործող հանքավայրերի օրինակներ կան: Օրինակ՝ Քրիփլ Քրիք եւ Վիկտոր հանքավայրը, որը Քրիփլ Քրիք քաղաքից 1 կմ-ից պակաս հեռավորության վրա է:

 

Հանքավայրի որոշ հատվածներ տեսանելի կլինեն Ջերմուկից, սակայն իրականացվել են լայնածավալ հետազոտություններ տեսանելիությունը նվազագույնի հասցնելու միջոցներ ներդնելու ուղղությամբ:   

 

8. Ծանր մետաղների պարունակությունը կավելանա՞ պայթեցումների եւ հանքաքարի վերամշակման արդյունքում:

 

Ոչ: Ծանր մետաղների պարունակությունը վերամշակված հանքաքարում կամ պայթեցումների արդյունքում առաջացած փոշում նույնն է, ինչ այսօր է՝ բնական վիճակում: 

 

9. Ամուլսարի հանքաքարը սուլֆիդայի՞ն է, թե՞ օքսիդային: Ո՞րն է տարբերությունը:

 

Ամուլսարի հանքաքարը օքսիդային է: Օքսիդային հանքաքարը տարբեվում է սուլֆիդայինից նրանով, որ օքսիդայինը չունի թթվային ապարների դրենաժի պոտենցիալ: Այսինքն՝ հանքաքարը ինքնին թթվային ապարների դրենաժ առաջացնող չէ: 

 

10. Ի՞նչ է թթվային ապարների դրենաժը եւ արդյոք այն կառաջանա՞ Ամուլսարում:

 

Թթվային ապարների դրենաժը թթվային ջրերն են, որոնք առաջանում են երբ սուլֆիդային ապարները բաց են օդի կամ ջրի համար եւ բնական քիմիական ռեակցիայի միջոցով առաջացնում են ծծմբական թթու: Սա կարող է տեղի ունենալ թե՛ բնական պայմաններում, թե՛ հանքարդյունաբերության ժամանակ, եւ կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին: Թեեւ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների մի մասը ունի ծծմբի ցածր պարունակություն հանքայնացված պիրիտներում, որ առկա է բնականից: Այն ունի թթվային ապարների դրենաժ առաջացնելու պոտեցիալ: Դա կանխելու համար դատարկ ապարների լցակույտը նախագծված է այնպես, որ նախ՝ թթվայնություն առաջացնելու պոտենցիալ ունեցող շերտը պատվի թթվայնություն առաջացնելու պոտենցիալ չունեցող շերտով՝ թթվային ապարների դրենաժը նվազեցնելու համար: Բացի այդ, դատարկ ապարների հետ առնչվող բոլոր ջրերը կհավաքվեն ջրահեռացման համակարգով ավազանի մեջ եւ պոմպով հետ կմղվեն՝ արտադրական պրոցեսում օգտագործվելու համար: Հանքի փակումից հետո ջուրը կենթարկվի պասիվ մաքրման, մնացորդային ազդեցությունները կանխելու նպատակով:    

 

11. Որո՞նք են կենսաբազմազանության հետ կապված խնդիրները, ինչպե՞ս են դրանք կառավարվելու:

 

Հայաստանյան եւ միջազգային կազմակերպություների եւ փորձագետների ավելի քան 7 տարվա ելակետային ուսումնասիրությունների եւ մանրամասն հետազոտությունների արդյունքում մշակվել է Կենսաբազմազանության կառավարման համապարփակ ծրագիր: Ծրագրի նպատակն է հանքի գործունեության ընթացքում ապահովել «հաշվեկշռի ոչ մի կորուստ»: Սա նշանակում է, որ ծրագրի ազդեցությունը կենսաբազմազանության վրա պետք է հավասարակշռվի համապատասխան միջոցառումներով, որոնք ուղղված են ազդեցություններից խուսափելուն կամ դրանք մեղմացնելուն՝ վերականգնողական եւ զգալի մնացորդային ազդեցությունների փոխհատուցման ծրագրերի միջոցով: Այս նպատակով Լիդիանը պարտավորվել է իրականացնել «կենսաբազմազանության փոխհատուցում»: Սա պահպանության ծրագիր է, որը պետք է իրականացվի Ամուլսարի մոտակայքում, կենսաբազմազանության վրա մեղմացման ոչ ենթակա ազդեցությունները փոխհատուցելու համար:  Հայաստանյան Կարմիր գրքում ներառված տեսակների դեպքում իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ, ներառյալ՝ մանրակրկիտ հետազոտական ծրագիր Մատնունի Ծիրանավոր բուսատեսակը Ամուլսարից տեղափոխելու, պահպանելու եւ հանքարդյունաբերության ավարտից հետո բնական կենսամիջավայր վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես նաեւ բազմակողմանի ելակետային ուսումնասիրություն է իրականացվում ընդհանուր տարածքում գորշ արջի վերաբերյալ:  

 

12. Ի՞նչ հնագիտական գտածոներ են հայտնաբերվել Ամուլսարում:

 

Ընկերությունը 2011 թվականից պատվիրել եւ ֆիանասավորել է հնագիտական ուսումնասիրություններ տեղական եւ միջազգային փորձագետների: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 75 պոտենցիալ հնագիտական վայր, որոնք ծրագրի ազդեցության գոտում են: Հնագիտական պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող վայրերը ներառում են գերեզմաններ, գերեզմանատներ, դամբարաններ եւ կառուցվածքային ավերակներ: Մեծ մասի դեպքում հնագիտական արժեքը պետք է գնահատվի: Տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը ներառում են կավե իրերի մնացորդներ եւ օբսիդիանից գործիքներ: Հնագիտական խնդիրներին առնչվող գործողությունները համակարգելու համար մշակվել է Մշակութային ժառանգության կառավարման պլան: Այն ներառում է ծրագրի տարածքում մշակութային ժառանգության պոտենցիալ վայրերի ուսումնասիրության եւ անհրաժեշտության դեպքում՝ ծրագրի հետ կապված աշխատանքներ իրականացնելուց առաջ պեղում իրականացնելու պարտավորություն: Ընկերությունը պարտավորվել է հոգալ պեղումների եւ պահպանման բոլոր ծախսերը:

 

13. Որո՞նք են հնարավոր առողջապահական ազդեցությունները:

 

Հանքի նախագիծը եւ կառավարումը ապահովում է համայնքների, հողի, անասունների կամ բերքի վրա հանքի պոտեցնիալ ազդեցության բացակայություն: Ծրագրի ԲՍԱԳ-ը ներառում է համայնքների առողջության եւ անվտնագության հետ կապված բոլոր հարցերը ներառյալ՝ ծրագրի հետ կապված ռիսկերը, օրինակ՝ վարակիչ հիվանդությունները, միջատների միջոցով տարածվող հիվանդությունները, սեռավարակները, սնուցման հետ կապված խնդիրները, պատահարները եւ վնասվածքները, առողջապահական ենթակառույցները: Որպես ԲՍԱԳ-ի մաս կազմվել է Համայնքի առողջության եւ անվտանգության մանրամասն պլան, որը ներառում է հանրային առողջության ապահովման համար մեղմացման եւ կառավարման միջոցառումները: 

 

14. Ինչպե՞ս է կառավարվելու ջուրը ծրագրի տարածքում եւ ինչպե՞ս դա կարող է ազդել գյուղատնտեսության եւ անասնապահության վրա:

 

Ջրի կառավարման ռազմավարությունը հիմնված է մեկ կարեւոր սկզբունքի վրա. ծրագրի ենթակառուցվածքներին առնչվող ջրերը բաց չեն թողնվի բնական միջավայր, մինչեւ չանցնեն համապատասխան մշակում եւ չհամապատասխանեն Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին:  

 

Հանքի զարգացման եւ շահագործման ողջ ընթացքում կիրականացվի ջրի համապարփակ մոնիտորինգ: Սա կներառի մոնիտորինգը ստորգետնյա ջրերի դիտակետերում, որոնք տեղադրվել են դատարկ ապարների լցակույտից, կույտային տարրալվացման հարթակից եւ բացահանքերից ավելի ցածր մակարդակներում ջրի որակը մշտադիտարկելու համար: Ենթակառույցներին առնչվող բոլոր ջրերը վերաշրջանառվելու են կույտային տարրալվացման հարթակի միջոցով:

 

Աննախադեպ տեղումների դեպքում ջուրը կկուտակվի համապատասխան տարողունակությամբ ջրավազաններում: Ջրավազանները կունենան գեո-սինթետիկ երկշերտ պաշտպանություն եւ կապահովվեն արտահոսքի հայտնաբերման եւ կանխման համակարգերով: Գյուղատնտեսության կամ այլ նպատակներով օգտագործվող ջրի քանակի վրա ազդեցություն չի սպասվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին