Ջերմուկի եւ Ամուլսարի ջրերի իզոտոպները տարբեր են - Mediamax.am

2071 դիտում

Ջերմուկի եւ Ամուլսարի ջրերի իզոտոպները տարբեր են


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Լիդիան ինթերնեյշնլ ընկերության դուստր կազմակերպությունը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն երեկ Երեւանում ամփոփել է Ամուլսարի միջազգային Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականի(ԲՍԱԳ) շուրջ քննարկումները: Միջոցառմանը ներկա են եղել փորձագիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանքաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ:

ԲՍԱԳ փաստաթուղթը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի սոցիալական եւ բնապահպանական ազդեցության գնահատականն է: ԲՍԱԳ-ը սահմանում է մեղմացման եւ կառավարման այն միջոցները, որոնք պահանջվում են ծրագրի իրականացման ընթացքում՝  հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար: Հետազոտության համար ծախսվել է մոտ 5 միլիոն դոլար:

 

«Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, ԲՍԱԳ-ն իրականացվել է միջազգային անկախ փորձագիտական խմբի կողմից.

 

«ԲՍԱԳ փաստաթուղթը կազմվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի չափանիշների ու պահանջների համապատասխան: Նման որակի աշխատություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում»,-ասել է նա:

 

Ընկերությունն այս փաստաթղթի վերաբերյալ հանդիպում-քննարկում է ունեցել Ամուլսարի հարակից համայնքներում, նաև Ջերմուկ քաղաքում: Տեղեկատվական հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների հետ:

 

Երեկ կայացած երեւանյան հանդիպում-քննարկման ժամանակ բրիտանական անկախ խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Բրիգնալը ներկայացրել է փաստաթղթի եւ ծրագրի կարեւոր կետերը:

 

Փորձագետի փոխանցմամբ, նախատեսվում է, որ հանքում շինարարությունը կմեկնարկի 2016-ի սկզբին եւ կտեւի երկու տարի:  Շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ: Հանքարդյունաբերությունը կտեւի 11 տարի, որի ընթացքում 770 ուղղակի աշխատատեղ կստեղծվի: Եւս 5 տարի կպահանջվի հանքի փակման եւ տարածքը վերջնական տեսքի բերելու համար:

 

Փորձագետը նշել է, որ ԲՍԱԳ-ից ելնելով լիահույս է՝ հանքի փակումից հետո տարածքը հնարավորինս կբերվի նախկին տեսքի: Բրիտանական անկախ փորձագիտական ընկերության ներկայացուցիչը փաստաթղթից առանձնացրել է հետեւյալ կարեւոր կետերը՝

 

2009-ից ի վեր «Գեոթիմ»-ն անցկացրել է  հանրային քննարկումներ շահագրգիռ կողմերի եւ ազդակիր համայնքների բնակիչների հետ, որոնց արդյունքում ստեղծվել են համայնքային փոխգործակցության խմբեր:

 

Ինչպես որոնողահետազոտական աշխատանքների ընթացքում, այնպես էլ հետո, ընկերությունն իրականացրել է մի շարք սոցիալական եւ զբաղվածության ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել եւ ստեղծվելու են նոր աշխատատեղեր՝ բերելով տարածքի բնակչության կենսակերպի փոփոխության: Նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսակերպի փոփոխությունից բացի, կանխում է արտագաղթն ու նպաստում ներգաղթին:

 

Փաստաթղթում ծավալուն անդրադարձ կա նաեւ ծրագրի արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ռիսկերին ու հնարավոր անհարմարություններին:

 

Դեյվիդ Բրիգնելն առանձնացրել է այն հանգամանքը, որ հանքի շահագործման ընթացքում օդի որակի, ներառյալ՝ փոշու ու աղմուկի մակարդակը Ամուլսարի շրջակա համայնքներում կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Աղմուկը կլինի բավարար ցածր, իսկ անհարմարություն պատճառելու հավանականությունը՝ փոքր:

 

«Ծրագիրը ցույց է տալիս, որ փոշու արտանետումները կառավարելի են: Օրինակ՝ ջարդիչ կայանն ու փոխարկիչը կլինեն փակ շենքում, փոշու տարածումը կանխելու համար, չոր մակերեսները շարունակաբար կխոնավեցվեն»,-ասել է փորձագետը:

 

ԲՍԱԳ-ում անդրադարձ կա նաեւ Ջերմուկի հանքային ջրերին վրա հնարավոր ազդեցությանը, որտեղ նշվում է, որ, իզոտոպային և մի շարք այլ ուսումնասիրությունների համաձայն  Ջերմուկի տարածքում գտնվող ստորերկրյա ջրերը կապված չեն Ամուլսարի տարածքի ջրերի հետ.

 

«Այս մասով կա երկու մասնագիտական հիմնավորում, որոնք փաստում են՝ Ջերմուկի եւ Ամուլսարի ջրերի իզոտոպները տարբեր են»,-նշել է փորձագետը:

 

Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենն իր հերթին նշել է, որ ոչ միայն Ջերմուկի, այլ որևէ ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը կանխվելու է այն հանգամանքով, որ հանքում օգտագործվող ջուրը փակ ցիկլով հավաքվելու և վերօգտագործվելու է հանքում, առանց արտադրական արտահոսքի դեպի բնական միջավայր: Ջրի անհրաժեշտ պաշարն ընտրությունը ստանալու է ձնհալից եւ անձրեւներից, լրացուցիչ այլ աղբյուրից տարածք ջուր չի բերվելու:

 

Անդրադառնալով ԲՍԱԳ-ին՝ Դեյվիդ Բրիգնելը նկատել է, որ կույտային տարալվացման հարթակը եւ դատարկ ապարների լցակույտը լանդշաֆտի մշտական տարրեր են կազմելու, որոնք մշակելիս հաշվի է առնվել հիմնական լանդշաֆտի տարրերի կառուցվածքը, ինչը, հանքի փակումից հետո, նախնական տեսքի կբերվի: Հանաքի շահագործման ընթացքում օգտագործվող ցիանիդը կառավարվելու է միջազգային լավագույն փորձի եւ օրենսդրության համաձայն,-նշել է անկախ փորձագետը:

 

Ընկերությունը պարտավորվել է հոգալ նաեւ տարածքում հայտնաբերված մշակութային ժառանգության պահպանման մասին:

 

Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից փորձագետը կարեւորել է Կարմիր գրքում գրանցված մատնունի ծիրանավորի եւ գորշ արջի տեղափոխման ու պահպանման հարցը, որի ուղղությամբ ընկերությունը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հիմնվելով ժամանակակից հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձի վրա:

 

ԲՍԱԳ-ի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխանը: Փորձագետ Սեյրան Մինասյանը,  բարձր գնահատելով ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունը, առաջարկել է Ջերմուկի հանքային ջրերի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ, հաշվի առնելով հարցի կարևորությունը:

 

Ընկերության ներկայացուցիչները դեմ չեն եղել լրացուցիչ ուսումնասիրություն եւ քննարկում կազմակերպելուն, թեև համոզմունք են հայտնել, որ ուսումնասիրությունը արդեն իսկ հիմնավոր է և մանրակրկիտ:

 

«Ջերմուկի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Գալստյանին հետաքրքրում էր Ջերմուկի տուրիզմի վրա հնարավոր ազդեցությունը:

 

Դիդիե Ֆոլենը նշել է, որ Ջերմուկի տուրիզմի առկա վիճակի վերաբերյալ կան ուսումնասիրություններ, որոնք հաշվի են առնվել ընկերության կողմից: Ինչ վերաբերվում է հնարավոր ազդեցության վերաբերյալ մարդկանց ընկալումներին, ապա այդ մտահոգությունները փարատելու միջոցներից մեկը կարող է լինել համատեղ մոնիտորինգը՝ հասարակական կազմակերպությունների և Ջերմուկի բնակիչների հետ: Հանքարդյունաբերության ընթացքում իրականացվող նման մշտական մոնիտորինգը թույլ կտա համոզված լինել, որ բացասական ազդեցություն չկա:

 

«Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ ԲՍԱԳ-ում ներկայացվել է ընկերության՝ 5-6 տարիների աշխատանքի արդյունքը եւ նկատել, որ քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները տեղ կգտնեն փաստաթղթի համապատասխան հավելվածում: ԲՍԱԳ-ի վերջնական տարբերակը կհրապարակվի 2015-ի ավարտին:

 

Նշենք, որ գնահատականի համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման նպատակով «Գեոթիմ» ընկերությունը 5 տարվա ընթացքում ներդրել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին