Լուսինե Մուսաելյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1515 դիտում

Լուսինե Մուսաելյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Լուսինե Մուսաելյանը
Լուսինե Մուսաելյանը

Մենք կորցրել ենք Հայկական աշխարհը …Այո…

 

Կորստի հետ պետք է համակերպվել ոչ թե լալկան երեխայի դեմքի արտահայտությամբ, այլ կորցրածի խորը ընկալմամբ ու ետ վերադարձնելու հաստատակամությամբ:

 

«Խրիմյան հայրիկի» սինդրոմը արմատակալել է հայի գիտակցության մեջ` վերածելով վերջինիս զոհի: Երբեմն համեմատելով մեզ  փոքր ազգերի հետ, մանավանդ ցեղասպանված ու բարդ ճակատագրով, ամոթալի եմ համարում հարյուր տարի շարունակ փակ դռներ ծեծելն ու երեք հարյուր հազար քառակուսի մետր պահանջելը` ունենալով մեկ հիմնավորում. մենք ունենք հազարամյակների քաղաքակրթություն, մեր գենը հայտնաբերված է շումերների, եգիպտացիների, բասկերի մեջ, բոլոր ազնվագույն արվեստների ,  արհեստների մեջ մեր ազգի քանքարի կնիքը կա, Սթոունհենջից առաջ Քարահունջ է եղել ու ընդհանրապես մենք բացառիկ ազգ ենք և այլն…

 

21-րդ դարի մարտահրավերները  կոչ են անում վերակենդանացնել Տիգրան Մեծի ֆանտաստիկ գենը` հաշվի առնելով ներկայիս գեոքաղաքական, ԻՊ-ն խալիֆաթություն ստեղծելու ցանկությունը, անընդհատ եվրոպաների ու մեծ տերությունների քաղաքական շահերի չնչին մասը սպասարկելու մեր սովորությունը:

 

Ասածիս կարելի է հակադրվել այն պնդմամբ, թե իբր մեր դարավոր թշնամիները` Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ շահավետ աշխարհագրական դիրքը, մոնոպոլիզացված շուկայական հարաբերությունները, գործազրկության խայտառակ ցուցանիշը, արտագաղթն ու աղքատության աճի տեմպերը թույլ չեն տալիս ոտքի կանգնել մեր երիտասարդ պետությանը:

 

Պետությունն է երիտասարդ, իսկ ա՞զգը…

 

Իսկ մեր կենտրոնախույս, ղեկավար ու թագավոր չսիրե՞լը, օտարին մի քանի ոսկով բերդ հանձնելու կամ էլեկտրացանց, հեռախոսակապ նվիրելու ավանդու՞յթը, ազգայինը դավելու ու եվրոպան աղբը ներմուծելու պատրաստակամությու՞նը` հանուն տրվող վարկերի ու գրանտերի…

 

Ապրիլի մեկից սկսած մեր գոյապայքարի հերթական փայլուն էջը նորից եկավ ապացուցելու, որ Հեթանոս Գագոյի սրտի տրոփյունը չի դադարել, այլ շարունակվում է Արմենակ Ուրֆանյանի ու մնացած նահատակ հերոսների մեջ: Սա առհավատչյան է մի բանի.մենք ենք տնօրինում մեր իրավունքներն ու սեփական ազգի ճակատագիրը:

 

Հայկի, Տիգրան Մեծի, Նժդեհի հետնորդի դեմ ոսոխը այլընտրանք չունի` միայն պարտություն:

 

Ցավալին այն է, որ մեզ միայն ապոկալիպսիսը կամ ոչնչացման վտանգը կարող է համախմբել, այնինչ այդպես պետք է լինի ամեն օր: Մենք չունենք նավթ, գազ, ծով ու օվկիանոս, մեծ տարածք… Մեր ռեսուրսը հայ մարդն է: Պետք է պահել ու փայփայել նրան:

 

Ժամանակակից աշխարհում մարդու պատկանելությունը հայ ազգին որոշում է սեփական լեզուն, մշակույթը, ավանդույթները ամուր պահպանելն ու շարունակելը: Հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս վիճակը ստիպում է շատերին լքել երկիրը, արտագաղթել ընդմիշտ: Շատերը ուծացվում են… Ապացուցված է, որ նույնիսկ այլ լեզվով խոսելը կարող է փոխել գենը. այն զգայուն է արտաքին ազդակն երի հանդեպ, և երբ հայ մարդը որոշակի տարիքում լքում է հայրենքը, այլ լեզվով շարունակաբար խոսելը հայի գենը դարձնում է ընկալունակ այդ կոնկրետ լեզվի նկատմամբ և… հարմարվելով` վերածվում է ուրիշ, ոչ հայկական գենի:

 

Սա հաստատված փաստ է, ոչ թե ենթադրություն:

 

Պատկերացրեք, քանի հայի տրանսֆորմացված գեն կա, և հազար փառք այն ընտանիքներին, որոնք օտար հողում ամեն գնով պահում են իրենց մայր լեզուն: Ինչ մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենանք մեր լեզվին, ունեցած հոգևոր հարստությանն ու զուտ հայկական սովորույթներին:

 

Փառավոր անցյալ և  ներկա ունեցող ազգի պատկանելը ինչպես պատասխանատվություն է ենթադրում, այդպես էլ հսկայական հնարավորությունների շտեմարան է: Ըստ իս, մենք չենք կարողանում մատուցել մեր հրաշալի երկրի պատմամշակութային գանձերն, ու այս պատճառով թույլ է զարգանում տուրիզմը: Պետական մակարդակով է պետք ԶԼՄ-երի, հեռուստատեսության, վիրտուալ տարածքի օգնությամբ լայնամասշտաբ քարոզարշավ սկսել` մեր տպավորիչ «ծովից-ծովը»,  Արցախյան գոյամարտն ու նրա ցեղակրոն հերոսներին ու մեզ` որպես մարդու բացառիկ տեսակ ներկայացնելու ուղղությամբ: Ամեն տարի ասֆալտապատման, բիոզուգարանների համար ստացվող միլիոնները մի տարի էլ փորձենք ծախսել հոլիվուդյան չափանիշներով ֆիլմ նկարահանելով. ոչ ցեղասպանության մասին, այլ օրինակ Տիգրան Մեծի (դրա համար պետք է հրավիրել աշխարհահռչակ ռեժիսորի և նույնիսկ դերասանների` առանց ուշադրություն դարձնելու մեր սերիալային աստղերի նվնվոցին,): Վճարել այնքան, որքան պետք է` թող որևէ կարիերիստ-չինովնիկ մի վիլլա էլ պակաս կառուցի միջերկրականի ափին կամ օֆշորային գոտու միջոցներից մի քիչ պակասի…

 

Անհրաժեշտ է ներկայացնել հայի արգասաբեր  տաղանդի,  շնորհի պտուղները գիտության, մշակույթի, արվեստի ոլորտում:

 

Շատ բան կա սովորելու Սփյուռքի մեր հայրենակիցներից ` լեզուն, կրոնը պահելու, ամեն գնով հայկական հարցին արդար լուծում տալու պատրաստակամությունից: Ըստ այդմ, քսան, երեսուն կամ հիսուն տարի անց ոչ միայն նույն կազմակերպվածությամբ կաշխատի սփյուռքի հայկական լոբբինգը, այլև բազմաթիվ Մոնթեներ անսպասելի կհայտնաբերեն իրենց ով լինելը ու կգան հայրենիք արյան կանչով: Ուզում եմ հավատալ, որ ոչ սեփական կյանքով հայրենիքը պահելու, այլ իրենց տաղանդն ու կորովը ի փառս հայրենյաց նվիրաբերելու…Այս գործում մեզ կմիավորի մեր քրիստոնյա լինելը, մանավանդ աշխարհում անընդհատ պոռթկացող ծայրահեղական իսլամիստների` քրիստոնյաների հանդեպ ատելության, նրանց ոչնչացման համար «դրախտ ընկնելու» բարբաջանքներին հավատալու գործոնը հաշվի առնելով: Եթե հավելենք մեր դարավոր ոսոխներ Ադրբեջանի և Թուրքիայի պանիսլամիզմի, պանթուրքիզմի նույնքան դարավոր զառանցանքը, ապա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռաթև միասնությունը մեզ պարտադրված է առհավետ:

 

Առանձին խոսակցության առարկա է Արևմտյան Հայաստանը վերադարձնելու, այնտեղ բնակվող հայերի սերունդներին իրենց ապուպապերի կուտակած նյութական բարիքները համարժեք կերպով փոխհատուցելու, հայոց ցեղասպանության ընդունման հարցը: Հայոց պատմության այս սոսկալի եղեռնագործություններով լեցուն էջը ընդմիշտ հայի գենետիկ կոդի մեջ է, փոխանցվում է սերնդե-սերունդ` լարված զարթուցիչի զնգոցի պես հիշեցնելով ամեն նոր սերնդի եղածի մասին:

 

Իմ համոզմամբ պետք է ընդմիշտ ազատվել  մորթվածի, ցեղասպանվածի կնիքից, առանց զգացմունքային ենթատեքստի միավորել մեր համատեղ ջանքերը Սփյուռքի հետ` ետ վերադարձնելու կորցրած դրախտը: Ընդունելի են ցանկացած` նույնիսկ ամենաֆանտաստիկ գաղափարները. օրինակ` մեր իրավաբանական կորպուսի` Արևմտյան Հայաստանը վերադաձնելու իրավական աներկբա հիմքերը ներկայանելուց հետո, երբ հարց կծագի, թե ու՞ր տեղափոխեն այնտեղ ապրող թուրքերին ու քրդերին, առաջարկել վարձով տալ մեր իսկ հողերը նրանց: Ինչո՞ւ ոչ… Սեփականատիրոջ իրավունքով…

 

Առայժմ գոնե այդպես….

 

Լիահույս եմ, որ տիեզերական արդարությունը հաղթելու է եվրոպական, ամերիկյան ու ցանկացած գերտերության վարած ոչ հայանպաստ քաղաքականությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին