Քրիս Հեդֆիլդ. Շատ կարեւոր է, որ մարդիկ ավելի լավ ապագա ցանկանան - Mediamax.am

exclusive
3610 դիտում

Քրիս Հեդֆիլդ. Շատ կարեւոր է, որ մարդիկ ավելի լավ ապագա ցանկանան


Քրիս Հեդֆիլդը
Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ
Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ

Լուսանկարը` Starmus

Քրիս Հեդֆիլդը
Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Քրիս Հեդֆիլդը
Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ
Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ

Լուսանկարը` Starmus


Քրիս Հեդֆիլդը տիեզերագնաց է, Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատարը: Նրա խորհրդատվությունից օգտվում են SpaceX եւ Virgin Galactic ընկերությունները: Կայուն շուկաների նախաձեռնության շրջանակում Քրիս Հեդֆիլդը Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի խորհրդատուն է տիեզերական բիզնեսի ոլորտում: Քրիս Հեդֆիլդը Վաթերլոյի համալսարանի պրոֆեսոր է եւ նախագահում է Open Lunar հիմնադրամի խորհուրդը:

 

Նախկինում Հեդֆիլդը ԱՄՆ NASA-ի գործառնությունների տնօրենն էր Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ, նա ավելի քան երեք տասնամյակ ծառայել է Զինված ուժերում, NASA-ում եւ Կանադայի տիեզերական գործակալությունում:

 

Քրիս Հեդֆիլդը հեղինակել է հինգ միջազգային բեսթսելեր. «Տիեզերագնացի ուղեցույցը երկրի վրա ապրելու համար», «Դու այստեղ ես», մանկական «Ամենամութ մութը» գիրքը, եւ երկու գեղարվեստական «Փախստակը» եւ «Ապոլոնի սպանությունները» վեպերը։

 

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը զրուցել է Քրիս Հեդֆիլդի հետ 2024թ. մայիսի 12-ից 18-ը Բրատիսլավայում կայացած Starmus Earth փառատոնի ընթացքում:

 

- Չարլզ Դյուքը Starmus-ում ներկայացրեց NASA-ի «Artemis» նախագիծը. մոտ 50 տարի անց մարդիկ պատրաստվում են Լուսին վերադառնալ: Ես գիտեմ Ձեր պատմությունը. երբ 9 տարեկան էիք, տեսաք Լուսնի վրա քայլող Նիլ Արմսթրոնգին եւ որոշեցիք տիեզերագնաց դառնալ: Չարլզ Դյուքն ասաց, որ «Artemis»-ը կարեւոր է, որպեսզի ոչ միայն վերաբացահայտենք Լուսինը, այլեւ, ինչպես ինքն է ասում, «հասնենք Լուսնին եւ դրանից անդին»:

 

- Սա հասկանալի է դառնում, երբ նայում ենք պատմական կտրվածքով: Մոտ 80,000 տարի առաջ ոչ ոք չէր լքել Աֆրիկան, բոլորս ապրում էինք Աֆրիկայում: Հետո մի քանիսը որոշեցին անցնել Կարմիր ծովն ու այլ տեղ գնալ: Չգիտեմ՝ ինչու: Գուցե պատճառը կլիմայի փոփոխությունն էր կամ սովը:

 

70,000 տարի առաջ, երբ հասանք Ավստրալիա, տեխնոլոգիա էր պետք, քանի որ ստիպված էինք նավարկել: Դրա համար նավակներ էին պետք: Իսկ Նոր Զելանդիա հասանք ընդամենը 800 տարի առաջ, քանի որ մեր նավերը բավականաչափ լավը չէին Թասմանյան ծովով նավարկելու համար: Անտարկտիդա հասանք միայն մոտ 120 տարի առաջ, որովհետեւ պատշաճ նավեր չունեինք: Տիեզերքում հայտնվեցինք 60 տարի առաջ, իսկ Լուսին հասանք 50 տարի առաջ, որովհետեւ մեր տիեզերանավերը բավական լավը չէին:

Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ

Լուսանկարը` Starmus

1400-ականների վերջին իտալացի հետազոտող Ջովաննի Կաբոտոն ցանկանում էր նոր աշխարհ բացահայտել: Բայց 1492 թվականին մի մարդ նրանից առաջ անցավ (Կոլումբոսը – խմբ.): Կաբոտոն չկարողացավ ֆինանսավորում գտնել Իտալիայում, չհաջողվեց միջոցներ գտնել նաեւ Իսպանիայում ու Պորտուգալիայում: Այդ պատճառով եկավ Անգլիա, փոխեց իր անունը Ջոն Քեբոթի եւ համոզեց բրիտանական թագավորին ֆինանսավորել իրեն: 1496 թվականին նա մեկնեց Անգլիայից: Նավարկությունն աղետալի էր. նավի վրա խնդիրներ առաջացան, այն մի կերպ հետ բերեցին նավահանգիստ: Վերջապես՝ 1497 թվականին նա բավական գումար ստացավ ու նավարկեց Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսն ու հայտնաբերեց մի նոր հող, որն անվանեց Նյուֆաունդլենդ: Այսպիսով Նյուֆաունդլենդն անցավ բրիտանացիներին: Բայց գրեթե 100 տարի պահանջվեց տիրանալու այս ողջ տարածքին, քանի որ Անգլիայում ներքին խնդիրներ կային: Գրեթե 100 տարի պահանջվեց հետազոտությունից հետո, մինչեւ սկսեցին բնակություն հաստատել եւ օգտվել նրանից, ինչ բացահայտել եւ ուսումնասիրել են:

 

Նույն բանը տեղի է ունենում հիմա տիեզերքում: Ամենաառաջին թռիչքը տեղի է ունեցել 1961 թվականին: Այն շատ վտանգավոր էր: Մենք հազիվ կարողացանք մի քանի հետազոտողներ ուղարկել Լուսին: Հիմա կարծես նույն օրինաչափությունն է. մենք կարող ենք հասնել Լուսին շատ ավելի էժան եւ, հուսով ենք, շատ ավելի ապահով ձեւով: Հետեւաբար, սա պատմության մեջ այն ժամանակն է, երբ կարող ենք ողջամտորեն սկսել բնակություն հաստատել Լուսնի վրա: Հենց այն պահին ենք, երբ սկսում ենք հետազոտելուց հետո անցնել բնակվելու հարցին: Նույնը տեղի կունենա Մարսի հետ, չնայած Մարսի դեպքում մենք նույնիսկ 1492 թվականի մակարդակին չենք հասել: Մարս դժվար է հասնել: Եվ չկա իրական կարեւոր պատճառ. մենք չենք ուզում մարդկանց սպանել: 1400-ականներին չնավարկեցինք Անտարկտիկա, քանի որ բոլորը կզոհվեին: Պետք է խելամիտ հնարավորություն ունենալ, եթե նավարկելու գերկարեւոր նպատակ չկա: Այժմ Լուսինն ընդամենը երեք օր հեռավորության վրա է, եւ մենք գիտենք, որ այն Աֆրիկայից մեծ է: Այն ունի արժեքավոր հանքային պաշարներ: Այդ պատճառով ճիշտ ժամանակն է այն դարձնել Երկիր-Լուսին տնտեսական համակարգի մի մասը:

 

- Դուք տիեզերքում եղել եք երեք անգամ՝ 1995-ին, 2001-ին եւ 2012-ին: Ենթադրում եմ, որ յուրաքանչյուր թռիչքում եղել են տարբերություններ ու նմանություններ: Բայց հարցը հետեւյալն է. այդ թռիչքները տեղի էին ունեցել Երկրի վրա ընթացող տարբեր զարգացումների ժամանակ: Երբ գնում եք տիեզերք, եւ այստեղ ինչ-որ բան է տեղի ունենում, անպայման չէ՝ վատ, արդյո՞ք դա ազդում է Ձեր զգացողության եւ աշխատանքի վրա:

 

- Երկրի վրա 8 միլիարդ մարդ կա, եւ բոլորը տարբեր բաներով են զբաղված: Մեծ մասը փորձում են իրենց գործն անել, գեղեցիկ աշխարհ ստեղծել իրենց ու երեխաների համար: Կան վատ մարդիկ, կան հոյակապ մարդիկ, կան հանցագործներ, կան խելագարներ: Միշտ այդպես է եղել: Բայց որքանո՞վ է դա ազդում ձեզ վրա: Օրինակ որքանո՞վ է ազդում Ձեզ վրա այսօր Ինդոնեզիայում տեղի ունեցողը: Զրո ազդեցություն, այդպես չէ՞: Թեեւ Ինդոնեզիայում հսկա թվով բնակչություն կա: Բայց Դուք սեփական հոգսերն ունեք: Իսկ երբ տիեզերանավի վրա ես, ամեն օր տեսնում ես բոլորին, տեսնում ես բոլոր այն վայրերը, որտեղ քաղաքական խնդիրներ են բռնկվում հենց հիմա: Դա մարդկային վարքագծի վատթարագույն դրսեւորումն է: Մենք սպանում ենք միմյանց միայն այն պատճառով, որ առիթներ ենք հորինում, ոչ թե այն պատճառով, որ դա մեզ անհրաժեշտ է. սպանում ենք միմյանց, որովհետեւ խանդից ու վախից դրդված որոշումներ ենք կայացնում:

 

Եթե քեզ դաստիարակում են ատելության մթնոլորտում, իրոք դժվար է հաղթահարել այն: Իսկ տիեզերանավի վրա դա երեւում է համատեքստում: Օրինակ, եթե հենց հիմա թերթ բացեք, գրված կլինի Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մասին, Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում տեղի ունեցողի մասին: Բայց որքան ժամանակ է անցնում, այնքան սովորական է դառնում, որքան էլ սարսափելի չհնչի: Եթե Հայաստանում չես, Հայաստանի մասին չես կարդա, որովհետեւ դա նորություն չէ մնացած աշխարհի համար, այդպես չէ՞:

 

Տիեզերանավի վրա տեսնում ես ամեն ինչ՝ նորից ու նորից: Սարսափելի պահվածքը ամենեւին ներելի չէ, բայց այն տեսնում ես համատեքստի մեջ: Այդ ամենը երկրորդական մտահոգություն է տիեզերանավի վրա գտնվող անձնակազմի համար, որն ուսումնասիրում է տիեզերքը եւ փորձում է մտածել ապագայի մասին ու լավ օրինակ ծառայել: Եվ ես չգիտեմ մարդկային վարքագծի ավելի լավ օրինակ, քան Միջազգային տիեզերական կայանը 2000 թվականից ի վեր. 15 երկրներ օրական 24 ժամ եւ շաբաթը 7 օր խաղաղ համագործակցում են՝ հանուն ընդհանուր նպատակի: Ամեն օր: Ի հեճուկս քաղաքականության:

 

- Ուզում էի այդ մասին հարցնել: Տիեզերքն այսօր թերեւս միակ վայրն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցում են: Երկրի վրա գրեթե ողջ համագործակցությունը սառեցված է:

 

- Ռուսները դա արեցին միտումնավոր. նրանք չափազանց վստահ էին, որ իրենց նավթաքիմիական պաշարներն այնքան արժեքավոր են, որ կարող են իրենց թույլ տալ դառնալ վտարակ եւ անպատիժ մնալ: Ինչ-որ չափով դա նրանց հաջողվել է: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանում բոլորը վատն են: 1980-ականներին՝ Խորհրդային Միության հետ դիմակայության ժամանակ, ես կործանիչի օդաչու էի: 1990-ականներին, երբ աշխարհաքաղաքականությունը փոխվեց, մենք բարեկամներ էինք, եւ ես օգնեցի կառուցել նրանց տիեզերական կայանը: Իսկ հիմա սարսափելի ղեկավարության պատճառով ճոճանակը մի տեսակ հետ շրջվեց: Կարելի է գլուխ կորցնել դրանից, կարելի է պարզապես ընդունել այդ փաստը: Սա մարդկային վարքագիծ է, եւ մենք պետք է ձեւեր գտնենք որպես տեսակ՝ անընդհատ փորձելու եւ քաղաքակիրթ դարձնելու մեր ամենաստոր վարքագիծը: Բայց այն երբեք կատարյալ չի լինի: Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք լավ գործերից:

 

- Կարծում եք՝ «Սառը պատերազմը» վերադառնո՞ւմ է: Դուք եղել եք այդ պատերազմի մի մասը. կարդացել եմ, որ առաջին կանադացի օդաչուն էիք, ով «որսացել» էր խորհրդային ծանր Tu-94 ռմբակոծիչը: Դուք գիտեք, թե ինչ էր «Սառը պատերազմը»:

 

- Հիմա նույնը չէ: «Սառը պատերազմն» իրականում հանգիստ ու խաղաղ դարաշրջան էր աշխարհի համար, քանի որ կային երկու գերտերություններ, որոնց ոչ ոք չէր կարող սպառնալ: Ասես բարում երկու հսկա խուլիգաններ կռվում են իրար հետ, իսկ մնացածները մտածում են. «Ես չեմ խառնվի, պարզապես կխմեմ գարեջուրս ու կնստեմ այստեղ»: Մոտավորապես այդպիսին էր «Սառը պատերազմը»: Բայց հիմա Չինաստանը հզորանում է, Հնդկաստանը հզորանում է, Սաուդյան Արաբիան ու մուսուլմանական աշխարհը փոխում են քաղաքականությունն այնպես, որ բախումներ են տեղի ունենում, Միացյալ Նահանգները դեռեւս գերիշխող ուժն է, բայց երկու ուժերի միջեւ հավասարակշռություն չկա: Ավելի շատ նման է պարտիզանական պատերազմի, քան «Սառը պատերազմի»:

Քրիս Հեդֆիլդը Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Մարդկանց մեծամասնությունն ապրում է խաղաղ, բայց միշտ էլ կան մարդիկ, որոնք պայքարում են սակավ ռեսուրսների համար, կռվում վախից կամ ատելությունից: Երբեմն մենք կարող ենք շրջանցնել նրանց, երբեմն՝ չենք կարող: Ես ատում եմ դա: Շատ ցավում եմ, որ այդպես է: Եվ անընդհատ ուղիներ եմ փնտրում ավելի լավ մարդկային վարքագիծ դրսեւորելու համար: Բայց հաստատ բոլոր հարցերի պատասխանները չունեմ:

 

- Խոսենք արհեստական բանականության (ԱԲ) մասին: Կարծում եք՝ հնարավո՞ր է ճիշտ հավասարակշռություն գտնել ռիսկերի եւ հնարավորությունների միջեւ: Թե՞ «մեքենաների ապստամբության» մասին կանխատեսումները մի օր իրականություն կդառնան:

 

- Եկեք դիտարկենք օրինակներ անցյալից: Պատկերացրեք, թե ինչ զգաց առաջին Homo Erectus-ը, երբ ինչ-որ մեկը մտավ վառվող փայտի կտորով ու ասաց՝«Սա լավ բան է»: Մինչ այդ կրակը պարզապես սպանում էր մարդկանց՝ անվերահսկելիորեն տարածվելով: Բայց ինչ-որ մեկը հասկացավ, թե ինչպես ընտելացնել կրակը, եւ դա փոխեց ամեն ինչ, որովհետեւ հանկարծ հնարավոր դարձավ տաք մնալ ձմռանը, ապրել ավելի հյուսիսային վայրերում, կերակուր եփել եւ այդպիսով ավելի շատ սննդանյութ ստանալ: Կրակը մարդկային կյանքի որակի ահռելի բարելավում էր, բայց աներեւակայելիորեն վտանգավոր նոր բան: Կամ երբ մենք հորինեցինք մետալուրգիան, որպեսզի կարողանանք սուր եզրեր պատրաստել: Այն իրոք կարեւոր է, բայց բոլոր օգտակար տեխնոլոգիաները երկակի նպատակի են ծառայում՝ լավ եւ վատ: Նույնը միջուկային էներգիան. սարսափելի կործանարար, բայց միեւնույն ժամանակ՝ օգտակար: Բոլոր այդ դեպքերում տեխնոլոգիան առաջ անցավ կանոնավորումից: Բայց որոշ ժամանակ մարդիկ միասնաբար գտան դրա հետ գործ ունենալու ձեւը, մինչեւ կանոնակարգումը հավասարվեց տեխնոլոգիային:

 

Արդյո՞ք մեր կանոնակարգը կկարողանա հետ չմնալ արհեստական բանականությունից: Հիմնվելով անցյալի փորձի վրա, կարծում եմ, որ պատասխանը դրական է: Մեզ անշուշտ պետք է ԱԲ-ն, եւ պատճառն այն է, որ մեր բնակչության թիվն այլեւս չի աճելու, քանի որ մենք ավելի քիչ երեխաներ ենք ունենում: Ո՞վ է անելու աշխատանքը: Եթե 200 տարի առաջ կանայք ունենում էին 12 երեխա, նրանց կեսը մահանում էր նախքան չափահաս դառնալը, բայց քանի որ կրթական համակարգ չունեին, որոշ դեպքերում երեխաները ութ տարեկանից սկսում էին աշխատել հանքում, հողի վրա:

Քրիս Հեդֆիլդը Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Եթե ուզում ենք 10 միլիարդ մարդու համար կյանքի լավ որակ ապահովել, մեզ անհրաժեշտ է գոլորշու շարժիչների պես մի բան հորինել՝ ծանր աշխատանքը կատարելու համար: Զուտ մկանային աշխատանքից մենք անցանք մեքենայական աշխատանքի՝ կենդանիների եւ մարդկանց խառնուրդի, բայց հիմնականում մեքենայական աշխատանքի: Այստեղ գալու համար Դուք ձի չեք նստել, կարող էիք քայլելով գալ, բայց հավանաբար մեքենայով եք եկել: Բայց մեզ անհրաժեշտ է, որ մեքենաները բարելավվեն: Իսկ ռոբոտները հիմար են, նրանց ավելի լավ ուղեղ է պետք: Մեր հնարավորության սահմաններում է՝ ունենալ խելացի եւ շոշափող ռոբոտներ: Դա բացարձակապես անհրաժեշտ է: Դա է պատճառը, որ շատ ընկերություններ եւ առաջատար տեխնոլոգիաներով զբաղվող մարդիկ աշխատում են ինչպես ԱԲ-ի, այնպես էլ ռոբոտատեխնիկայի ուղղությամբ:

 

- ԱԲ-ից հետո ցանկանում եմ հարցնել մարդկային հարաբերությունների մասին: 1985 թվականին «Չելենջերի» աղետից հետո Դուք ուզում էիք հրաժարվել տիեզերագնաց դառնալու երազանքից: Ձեր կինն էր, որ աջակցեց ու քաջալերեց Ձեզ շարունակել: Կարծում եմ՝ սա այն բանն է, որ մեզ իրոք պակասում է այսօր: Այս բոլոր տեխնոլոգիաների, սոցցանցերի պատճառով մենք հաճախ չենք խոսում մեր սիրելիների հետ, մարդիկ երբեմն նախընտրում են խորհուրդներ ստանալ սոցցանցերից:

 

- Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարգավորել սոցիալական մեդիան: Այն հիմա վերահսկողությունից դուրս է, եւ դա խանգարում է հարաբերություններին: Բայց դա նորույթ չէ: Պատմության մեջ երբեք չի եղել մի ժամանակ, երբ ամեն ինչ կատարյալ էր: Ե՞րբ էր եղել այնպես, որ բոլորը գեղեցիկ շփվեն ու հոգ տանեն միմյանց մասին: Դա միայն հեռուստատեսային կյանք է, իրական չէ:

 

Չափահաս դառնալուց հետո դժվար է ընդունել, որ կանոններ դարձյալ չկան: Երեխաներս ինձ ասում են.

Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ Արա Թադեւոսյանը զրուցում է Քրիս Հեդֆիլդի հետ

Լուսանկարը` Starmus

«Մտածում էինք, որ երբ 30 տարեկան դառնանք, կանոններ կլինեն, բայց հիմա ամեն ինչ նույնքան խճճված ու շփոթեցնող է, որքան այն ժամանակ, երբ մենք 15 տարեկան էինք: Ու հիմա պետք է որոշ բաների պատասխանատվություն ստանձնենք»: Յուրաքանչյուր սերունդ անցնում է այս գիտակցման միջով. թեեւ 50 տարեկան ես ու կարծես մեծահասակ ես, իրականում դեռ փոքր երեխա ես ու դեռեւս ամեն ինչից գլուխ չես հանում:

 

Շատ կարեւոր է լավ անձնական օրինակներ ունենալը, իսկ սոցիալական մեդիան խրախուսում է վատ օրինակները: Երբ երեխա էի, հնարավոր չէր անպարկեշտ ֆիլմ դիտել: Այդպիսի ֆիլմ գտնելու համար պետք էր մեկին ճանաչել: Հիմա հեռախոսիս մեջ հնարավոր չէ խուսափել անպարկեշտ ֆիլմերից, դրանք այնտեղ են: Այնպես որ, շատ բան չի փոխվել, միգուցե պարզապես հասանելիությունն է փոխվել։ Բայց մենք պետք է լավ օրինակներ ունենանք: Իսկ դրանք շատ են:

 

Նայե՛ք լավ մարդկանց: Երբ հասնում եք ինչ-որ բարձունքների որպես չափահաս, գիտակցե՛ք, որ ձեր պատասխանատվությունն է տվյալ հասարակության մեջ օրինակելի լինել: Այդ պատճառով մարդիկ, որոնք հասնում են բարձր պետական պաշտոնների եւ դեռեւս սարսափելի օրինակ են, կործանարար են հասարակության համար:

 

Ես ու կինս շատ անկատար հարաբերություններ ունենք, ինչպես եւ բոլորը, բայց գրեթե 50 տարի միասին ենք: Մենք շատ ենք աջակցում միմյանց: Փորձեք ազատություն տալ Ձեր զուգընկերոջը անել կյանքում այն բաները, որոնք կարեւոր են նրա համար, նույնիսկ եթե դրանք Ձեզ համար կարեւոր չեն: Որովհետեւ դա նշանակություն ունի նրանց համար: Եվ դրա կարիքը բոլորն ունեն, եթե կարողանաք դա անել: Բայց եթե սպասեք, որ ամեն ինչ կատարյալ լինի, առհավետ սպասելու եք: Իսկ եթե մեղքը գցեք ուրիշի վրա, ուրեմն դուք խնդրի մի մասն եք: Այդ երկու բաները մարդիկ դժվարությամբ են ընդունում: Նրանք չեն ցանկանում փոխվել, չեն ցանկանում պատասխանատվություն կրել: Այդ պատճառով շատ կարեւոր է ստիպել մարդկանց ավելի լավ ապագա ցանկանալ, ավելի լավ վարվել, ոգեւորվել նրանից, ինչը ոգեշնչում է նրանց, հուզում, մարտահրավեր է նետում, հեռու պահում կյանքի նվաստ կողմերից: Այս ձեւով եմ փորձել գործել իմ կյանքում՝ ոգեշնչվել լավ բաներից:

 

Քրիս Հեդֆիլդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին