Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ - Mediamax.am

Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ
1984 դիտում

Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ


Մաս Դ

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

Երուսաղեմի օրը, երբ ամբողջ Իսրայելից երիտասարդները գալիս են Հին քաղաք աղոթքի ու օրհնության, առաջին անգամ Երւսաղեմի երկնքում երևացին ամպեր: Հեռու ու գեղեցիկ, ինչպես անկառավարելի գեղեցիկ կարող է լինել միայն երկնաբնակը: Իսկ մենք գնացինք Բեթղեհեմ, այսինքն՝ Պաղեստին: Ճանապարհը կարճ էր, համարյա մեկ ժամ, գուցե ավելի քիչ: Ու մինչ կհասնեինք Իսրայելն ու Պաղեստինը բաժանող նշանավոր պատին, որ, բնականաբար, պիտի անցներ հայերին պատկանող հողով, ձախում Եղիա մարգարեի վանքը տեսանք, որտեղից նա կառքով բարձրացել է երկինք: Այսօր Իսրայելում նույնիսկ մարգարեները նախընտրում են ինքնաթիռը՝ ժամանակները իրապես փոխվել են: Ձախում Եղիա մարգարեի վանքն էր, իսկ աջում արածում էին ոչխարները՝ անտարբեր ու երևի անհիշողություն: Պարոնտեր պատրիարքի գնած կալվածքը ժամանակին մեծ աջակցություն է եղել պատրիարքարանին, այնտեղ ևս ձիթենիներ են աճում և ձիթապտղի բերքը տնօրինում է պատրիարքարանը, իսկ ճգնարաններն արդեն նորոգության կարիք ունեն: Կարճ ժամանակ առաջ, երբ կառուցվում էր Իսրայելը Պաղեստինից անջատող պատը, նախագիծը հատում էր Պարոնտեր պատրիարքի կալվածքը համարյա կենտրոնից և պատրիարքարանից մեծ ջանքեր պահանջվեցին փրկելու ձիթենյաց այգին ու պարիսպը տեղաշարժելու: Հաջողվեց: Հենց այդ հատվածում են նաև Իսրայելի կառուցած նոր շենքերը, որոնց բնակեցման դեմ առարկում է Պաղեստինը՝ այդ հողերը համարելով վիճելի տարածք: Ու մինչ վիճում են, Իսրայելը խաղաղ բնակեցնում է այդ հողերը, որովհետև հողը քոնն է, երբ ապրում ես հողի վրա: Ինչ-ինչ, այդ ճշմարտությունը Իսրայելում լավ գիտեն:

Բեթղեհեմում, որ մի քանի տարի առաջ 90 տոկոսով բնակեցված է եղել արաբներով, իսկ հիմա մնացել է մոտ 40 տոկոս, հայերի 30-40 ընտանիք է ապրում ու 90 տոկոսը նույն ազգանունն ունեն: Հայկական դպրոց չկա, երեխաները դանդաղ արաբանում են, առավելևս, որ հաճախացել են հայերի խառն ամուսնությունները հունադավան արաբների ու անգլիկանների հետ: Բեթղեհեմում է ծնվել Դավիթ թագավորը:

Վկայված էր, որ նրա տոհմից ու նրա քաղաքում պիտի ծնվեր հրեաների փրկիչը: Իսկ Հովսեփն ու Մարիամն ապրում էին Նազարեթում, ուր 200 տարի առաջ տեղափոխվել էին նրանց ծնողները: Իր վերջին հրամաններից մեկով Հուլիոս Կեսարը կարգադրել էր Հռոմեական ողջ կայսրության տարածքով մարդահամար անցկացնել: Օկտավիանոսը, որ պիտի դառնար Օգոստոս կայսր, Կեսարի սպանությունից հետո կատարելով նրա հրամանը, շարունակեց մարդահամարը, որ մեզնից 2000 տարի առաջ տևում էր ոչ մեկ օր ու ոչ մեկ տարի, հռոմեացիները այնքան մշակված ընթացակարգ ունեին, որ հաշվարկում էին նաև մարդահամարի ընթացքում ծնվելիք ու մեռնելիք մարդկանց մոտավոր թիվը: Մարդահամարի համար Նազարեթից Բեթղեհեմ եկած ու Բեթղեհեմում իջևանատեղի չգտած Հովսեփը, Մարիամին տեղավորեց քարայրում, որտեղ հովիվներն էին ապրում ու իրենց հոտն էր գիշերում: Այդպես Հիսուսը ծնվեց գառների հետ: Այդ մսուրի տեղում այսօր սուրբ Ծննդյան տաճարն է, որ պատկանում է հայերին, հույներին ու կաթոլիկներին: Եռաթև տաճարի հայկական հատվածում է այն մսուրը, ուր ծնվել է Հիսուսը: Եվ հայ հոգևորականներն այնտեղ ամեն օր իրենց ժամին պատարագ են անում: Ամեն օր: Հիսուսի կյանքին առնչվող միակ տաճարն է սուրբ Ծննդյան տաճարը, որ չի քանդվել երբեք: Նույնիսկ թուրքերի տիրապետության ժամանակ: Ավանդությունը հաստատում է, որ երբ թուրքերը ցանկացել են իրենց սովորական գործն անել, նրանց ցույց են տվել տաճարի վրա պատկերված մոգերի պատկերները, որ Բեթհեղեմի աստղով լուսավորված ճանապարհ էին ընել՝ ընծաներ բերելու մանուկ Հիսուսին: Եվ թուրքերը չեն ավերել իրենց մոգերի պատկերով տաճարը: Իսկ գուցե և դա չէ պատճառը, կան չավերվող շինություններ, ու՝ վերջ: Տաճարի փայտե դռանը եղել է 1303 թվին Հեթում թագավորի կամքով արված արձանագրություն, որը, սակայն, հիմա չի երևում, որովհետև այն ժամանակվա դուռը տախտակվել է: Տաճար մտնելիս անպայման պիտի երկտակվես, ու դա պատահական չէ: Եղել են ժամանակներ, երբ օրվա տերերը իրենց ուղտերով են փորձել մտնել քրիստոնյաների տաճարները, դա էլ տարբերակ է քոնը հաստատելու ու քեզ տեր զգալու: Այսօր խոնարհված տաճար մտնելը բոլորովին այլ իմաստ ունի ու այս իմաստը շատ ավելի բովանդակային է ու գեղեցիկ: Հիսուսի ծննդյան մատուռում հայկական պատարագ էր ու պատարագիչ քահանայի աղոթքից խզված ձայնը այնքան ներդաշնակ էր փոքրիկ, համարյա ժամանակից ու տարածությունից դուրս գտնվող մատուռում, որ թվում էր՝ շարականները աղոթքներից, մոմավառությունից, խնկահարությունից մգացած պատերն են երգում: Սուրբ Ծննդյան եկեղեցու հայոց վանքը գործում է խաչակրաց ժամանակներից, խորանը վերջերս է վերականգնվել:

…Գեղեցիկ մի ավանդույթ կա Հայոց վանքի հետ կապված: Երբ երեխայի լեզուն ուշ է բացվում, ծնողները նրան բերում են Վանքի եկեղեցի, աղոթք են անում ու եկեղեցու բանալին հպում են խոսք չունեցող մանկան շուրթերին: Խոսում է: Վանքի եկեղեցի գալիս են նաև մահմեդականները, որոնց մարգարեները խոսք պարգևելու ուժ չեն գտնում: Գալիս են ոչ միայն շրջակայքից, այլև հեռուներից, անգամ Սաուդյան Արաբիայից, որովհետև հայոց աղոթքի ու վանքի բանալին բոլոր հոգիներն է բառավորում: Վանքի եկեղեցու տակ ձիթհանքն է, որ վերականգնել են իսպանացիները, հսկա աղորիքով: Այս ձիթհանքից ուղիղ ճանապարհ կա դեպի Երուսաղեմ, որի մասին գիտեն բոլորը, բայց անցնել կարող են քչերը: Նախ՝ դարեր շարունակ եղել է գաղտնի գետնուղի, որ գործել է միայն հարձակումներից պաշտպանվելու, օգնության կանչելու ու այլ վտանգների ժամանակ, և հետո՝ հիմա այդ ճանապարհը փակ է: Բեթղեհեմում է նաև Կաթի քարայրը: Ավանդությունը պատմում է, որ երբ մանուկ Հիսուսին գրկած Մարիամը անցնում է քարայրների կողքով, երեխան կաթ է ուզում ու Մարիամը մտնում է քարայր, նրան կերակրելու: Կաթի մի կաթիլ գլորվում է քարին, ու այդ օրից այս քարայրը պտղաբերություն է շնորհում: Քարայրում նաև փոշի են վաճառում, որ ըստ ավանդության քերված է քարայրի պատերից ու բուժիչ է:

***

Բեթղեհեմը մեծ ու գեղեցիկ քաղաք է, և այսքանով չի ավարտվում ու չի կարող ավարտվել Բեթղեհեմի պատմությունը, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը:
Բեթղեհեմի աստղը տասնչորս թև ուներ, որ խորհրդանշել է Իսրայելի երեք անգամ տասնչորս սերունդները: Այդ աստղը այսօր էլ կա երկնքում, բայց տեսնում են քչերը:

***

Ես վերջապես հեռացա Երուսաղեմից: Սրբապղծություն է այս նախադասությունը: Իսկ հեռանալը սկսվեց դեռ երեկ, երբ երրորդ ու վերջին անգամ Հարության տաճարում հրաժեշտ տվեցի Հիսուսի գերեզմանատեղիին: Դժվար հրաժեշտ, որովհետև այս մի քանի օրը Երուսաղեմում ու ամենօրյա այցերը Հարության տաճար, ստեղծել են ձգողականության այնպիսի դաշտ, որտեղ գործում են միայն տիեզերական օրենքները: Իսկ այդ օրենքները մարդկանց հասու չեն. կարող ես գնալ ուր ասես, ու, միևնույն է, հայտնվելու ես Հարության տաճարի հազարամյա սալաքարերի վրա: Բացատրությունը, որ դու որոշում ես, Աստված տնօրինում, համարյա մանկական է: Բացատրություն իրականում չկա: Կա Աստված, կաս դու ու կա սպիտակ քաղաք Երուսաղեմը, որ ուր էլ գնաս ու ով էլ լինես, ուղղորդում է քո քայլերը: Չկա նաև միստիկա, կա պարզ ու անքթիթ ճշմարտություն: Եվ, այնուամենայնիվ, այսօր ես հեռացա Երուսաղեմից: Առավոտ վաղ, երբ քաղաքը նոր միայն արթնանում էր: Եվ միայն այս երկար օրավարտին ես հասկացա, որ ընդամենը դեպի Երուսաղեմ ճանապարհին եմ:

***

Վերստին հատելով Պաղեստինի սահմանը ու վերադառնալով Իսրայել՝ ճանապարհը կամաց-կամաց ազատվելով ավազուտներից ու անապատային օխրայից՝ դարձավ կանաչ, հետո թավշե: Ճանապարհը, որ տանում էր Տիբերիա: Ես հիմա ավելի լավ եմ հասկանում հռոմեացիներին, որ ապստամբություն առ ապստամբություն ավերում էին հրեական քաղաքները ու այդ քաղաքներից վտարում հրեաներին՝ նրանք չէին կարող Հռոմեական կայսրությունից կորցնել այս հատվածը, որտեղ հատվում էին ռազմաստրատեգիական ճանապարհները, իսկ ճանապարհները, ինչպես հայտնի է, այն ժամանակ տանում էին միայն Հռոմ:

***

Թաբոր լեռը այնքան բարձրադիր է, որ ավտոբուսները չեն բարձրանում, միայն հատուկ երթուղայինները, այն էլ տաս ուղևորով ու նկատելի դանդաղ: Սկզբում փորձեցի հաշվել ոլորանները, հետո թիվը կորցրի ու միայն զգում էի ինչպես է օդը դառնում ավելի ու ավելի սթափ: Պայծառակերպության եկեղեցին: Կարապետ սարկավագը երկար ու հանգամանալից պատմում էր Հիսուսի պայծառակերպության պատմությունը, Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ լեռը բարձրանալու նպատակի, Մովսես ու Եղիա մարգարեների հատնության, մեռյալների ու ողջերի վրա նրա անսահման իշխանության մասին: Բայց Կարապետ սարկավագն էլ չգիտեր, որ իր բոլոր խոսքերը ընդամենը պատմության պատմություն են, իսկ Հիսուսի ներկայությունը անիմաստ է պատմելը: Անիմաստ է բացատրելը, որ ամեն ինչից առաջ մարդ պատասխանում է իր կյանքի ամենաբարդ հարցին՝ ո՞վ է ինքը, ու միայն հետո իմաստ ունի ընտրությունն ու մնացյալ ամեն ինչը: Պայծառակերպության եկեղեցի տանող երկար ճեմուղին անցնում է ձիթենիների ու դափնու ծառերի միջով: Եվ վստահ եղեք, որ հիշողություն ունի ոչ միայն ջուրը, այլև ծառերն են հիշում ամեն ինչ: Ու երբ Հիսուսն ասում էր իր աշակերտներին՝ աշխարհի լույսը և աղը եղեք, ինքն էլ շատ լավ գիտեր, որ նրանք չեն լինելու ոչ լույս, ոչ աղ, նրանք ընդամենը փորձելու են հնարավորինս երկար իրեն ունենալ իրենց կողքին: Եվ հետո, շատ հետո միայն ընդհանրական ինչ անել հարցին փորձելով պատասխանել՝ նորից վերադառնալու են իր հետ ապրած օրերին: Բնական է ու հասկանալի՝ մարդուն Աստծո գործերը հասու ու հասկանալի դառնում են միայն ժամանակի մեջ, եթե ընդհանրապես դառնում են: Թաբոր լեռան պատմությունից հետո է միայն սկսվում բուն Երուսաղեմի պատմությունը, որովհետև Հիսուսի պայծառակերպության, իր աշակերտներին ու մարգարեներին հանդիպեցնելու խորհուրդը մեկն էր՝ ընտրեք ձեր ճանապարհը, ես հեռանալու եմ, դուք մնալու եք: Պայծառակերպության եկեղեցին իրապես սքանչելի կառույց է, պարզ ու տպավորիչ ճարտարապետությամբ, չունի ավելորդ ոչ մի քար, ոչ մի զարդ ու ոչ մի ճնշող ծանրություն: Այս տաճարում, ինչ տրամադրությամբ էլ լինես, քեզ այցելում է լույսը, կյանքի հարատևության զգացումը, իսկ աղ կլինես մարդկանց համար, թե ոչ, արդեն քո ընտրությունն է, քո անձնական պայծառակերպության պահը, լույսը տրված է և տրված է լույսը տեսնելու ու չտեսնելու ընտրությունը:
…Ես նորից գողություն եմ անում՝ Թաբոր լեռան տաճարի ճանապարհից մի քար, որ այնքան ողորկ է ու այնքան կլոր և զարմանալիորեն կենտրոնում բացված նույնքան ողորկ ու նույնքան կլոր անցքով: Քարն իր համար ընկած էր ճանապարհին, բայց ինձ չգիտեմ ինչու՝ թվաց, որ սպասում էր հենց ինձ ու չէի կարող գետնից չվերցնել, փոշին չմաքրել ու գրպանս չդնել՝ իբրև Թաբոր լեռան ընծան ինձ, որ երբեք իրեն չեմ մոռանալու:

***

Թաբոր լեռան ոլորաններով վայրէջքից հետո ճանապարհը տանում է Նազարեթ: Սուրբ Աստվածածնի ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիները, որ կառուցված են եղել չորրորդ դարում, այսօր զուտ եվրոպական ոճի ու շնչով կառույցներ են: Բարեխիղճ ու խելամիտ եվրոպացիները բոլոր տաճարներում պահպանել են հնի հիմքը ու այդ հիմքի վրա հանգուցել են 20-րդ դարը: Ստացվել է: Դու քեզ տեսնում ես Մարիամի տանը, մի հարյուր մետր հեռու՝ Հովսեփի տանը: Նազարեթը հին ու նոր քաղաք է, որ ապրում է՝ շահագործելով ճակատագրով իրեն տրված շնորհները ու չմոռանալով հանապազօրյա հացը: Նազարեթն այսօր նաև գեղեցիկ քաղաք է, որ հպարտորեն է կրում Հիսուսի հայրենիք լինելու պատիվը:

***

Կանայում, ինչպես վկայում են Ավետարանները, մոր խնդրանքով Հիսուսը ջուրը գինի դարձրեց հարսանիքի ժամանակ: Կանայի Հրաշքի եկեղեցում պահպանվել է այն քարե տակառը, որ, ըստ ավանդության, 100 լիտր /այն ժամանակ, իհարկե, լիտր հասկացությունը չկար, բայց կար համարժեք պատկերացումը/ ջուր է տարել: Հիսուսի համար սովորական այս հրաշքի խորհուրդը շատ ավելին է ու գուցե սահմանակցում է նրա մշտական ներկայության գաղափարին: Քրիստոնեության մեջ Եվայի մեղսագործությունից հետո երեք անգամ տասնչորս սերունդ պահանջվեց, որ լույս աշխարհ գար Սուրբ կույս Մարիամը՝ վերացնելու նախամոր մեղսագործության մեղքը: Եվ պիտի Հիսուսը մոր բարեխոսությամբ ջուրը գինի դարձներ՝ տեսանելի ու հասանելի դարձնելու համար նաև մինչ այդ մեղսագործ կնոջ հավասարությունը: Պատահական չէ, որ Ադամը թաղված է Հիսուսի Հարության տաճարում, իսկ Եվան՝ ոչ: Կանացիները այսօր լիուլի Հարսանիքի ու նռան գինի են վաճառում՝ հավատացնելով, որ ամուսնական երջանկութան համար բավարար է միայն իրենց գինին խմել: Եվ ինչպես բոլորը ես շտապում եմ Կանայի գինի գնել, որ գուցե աշխարհի ամենանշանավոր գինին չէ, բայց ԿԱՆԱՅԻ գինին է, իսկ դա արդեն նշանակում է՝ համեմատությունից դուրս է:

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին