Բացահայտվել է COVID-19-ի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական նոր տարբերակ - Mediamax.am

1113 դիտում

Բացահայտվել է COVID-19-ի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական նոր տարբերակ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի եւ «ClinSoft» կազմակերպության համատեղ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական HLA-C*04:01 տարբերակը։

Վերահաստատելով այլ գործոնների նշանակությունը հիվանդության ընթացքի վրա` ինչպիսիք են արական սեռը եւ մեծ տարիքը, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վարակի ծանր ընթացքին նպաստում է նաեւ մարդու գենոմում հյուսվածքահամատեղելիության համար կարեւոր HLA-C*04:01 տարբերակի առկայությունը եւ քանակը։

 

«HLA-C*04:01 տարբերակի բացակայությունը պայմանավորում է հիվանդության անախտանիշ ընթացքը բնակչության մեծ մասի համար։ Պարզվել է նաեւ, որ այս տարբերակի երկակի կրելը խաթարում է իմունային բջիջների կողմից օրգանիզմ ներթափանցած կորոնավիրուսի ճանաչումը եւ դանդաղեցնում իմունային պատշաճ պատասխանի ձեւավորումը՝ նպաստելով հիվանդության ծանր ընթացքին», - ասել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարինե Մայիլյանը:

 

Նա նշել է, որ հետազոտությունը ներառել է Հայաստանի ավելի քան 3000 բնակչի բերանի խոռոչի քսուկից կամ արյունից անջատված եւ սեքվենավորված ԴՆԹ նմուշներ։ Սեքվենավորման եւ կլինիկական տվյալների հիման վրա մշակվել է հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գնահատման ալգորիթմ։

 

«Հանրային առողջապահության տեսակետից այս կարեւոր արդյունքը հիմնավորում է թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը», - ասել է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին