Երեւան: Մեդիամաքս: Աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների կարեւոր մրցանակներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը 2020 թ․-ին շնորհվել է պրոֆեսորներ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին եւ Ադամ Բարոուզին։
Միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից եւ աստղադիտարաններից այս տարի 8 առաջադրում է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Հանձնաժողովը որոշել է մրցանակի գումարի կեսը շնորհել Ալեքսանդր Սալային, իսկ մյուս կեսը հավասարապես բաշխել Իզաբել Բարաֆի եւ Ադամ Բարոուզի միջեւ։
Ալեքսանդր Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) առաջադրվել է «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի եւ տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ ներդրումների համար»։
Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ եւ Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրվել է «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների եւ աստղասեյսմաբանության եւ կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։
Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրվել է «Գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր եւ առաջնային ներդրումների եւ գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը 2010թ․-ից ի վեր՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալի ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակի համար շնորհվում է դափնեկրի դիպլոմ, պատվո նշան, $200 հազ․ դրամական պարգեւ եւ $100 հազ․ դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառների զարգացման համար։
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2020թ․ սեպտեմբերի 18-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: