Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, շարունակում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք ենք նրանց, ում մասնագիտությունը մարդկային կյանք փրկելն է:
Ծնվել է 1974 թ. օգոստոսի 2-ին:
1992-1994 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2004-2008 թթ.-ին սովորել է Լ. Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանի իրավատնտեսական ֆակուլտետում:
1995 թ-ից աշխատանքի է անցել 003 ծառայությունում:
19-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ է, կապիտան:
Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, այլ երկրներում:
Միջազգային կարգի փրկարար է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Սիրահարվել եմ այս աշխատանքին
Փրկարարի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունս ծագեց Զինված ուժերում ծառայելու ժամանակ: Ծառայում էի օդուժում, եւ լինում էին դեպքեր, երբ ստիպված էինք աշխատել վիրավորների, զոհերի հետ: Ծառայությունս ավարտելուց հետո վերադարձա քաղաքացիական կյանքին: Այդ տարիներին արդեն գործում էին ոչ պետական փրկարարական կազմավորումներ: 1995թ. բացվեց նաեւ 003 փրկարար առաջին ծառայությունը, եւ ես դարձա առաջին փրկարար ծառայողներից մեկը Հայաստանում: Շուրջ 19 տարի աշխատում եմ որպես փրկարար:
Երբ ծանոթանում ես այս աշխատանքին, այն չսիրել հնարավոր չէ: Իմ պարագայում մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մարդկանց օգնելու ցանկությունը: Երիտասարդ տարիքում արկածախնդրության հանդեպ ձգտումը եւս իր ազդեցությունը թողեց, սակայն, ավելի լավ ծանոթանալով այս աշխատանքին, հասկացա, թե այն որքան բարդ եւ պատասխանատու է: Ես սիրահարվել եմ այս աշխատանքին, այն իմ արյան մեջ է:
Կանչի ենք մեկնել անգամ տրոլեյբուսով
Այսօր լավ չեմ հիշում, թե որոնք են եղել իմ առաջին կանչերը, սակայն հետաքրքիր կանչեր շատ են եղել: Հիշում եմ` մեկ անգամ ստիպված եղանք մեր խմբով կանչի մեկնել տրոլեյբուսով: Մեքենան խափանվել էր, իսկ մենք կանչ էինք ստացել`բնակարանի դուռը փակվել էր, ներսում մարդ էր մնացել: Որոշեցինք չսպասել, թե մեզ երբ մեքենա կտրամադրեն, եւ որոշեցինք տրոլեյբուսով հասնել կանչի վայրը: Վերցրինք պարանները, պայուսակները եւ գնացինք մեր աշխատանքը կատարելու:
Ջերմուկի հանգստյան տան պայթյունը
Իմ հիշողությունից չի ջնջվում 1998 թ-ին Ջերմուկ քաղաքի Մոր եւ մանկան հանգստյան տանը տեղի ունեցած պայթյունը: Այդ դեպքը հիշում եմ մինչեւ հիմա: Բնական գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել հանգստյան տան ճաշարանում: Վիրավորների եւ զոհերի թվում հիմնականում երեխաներ էին: 12 զոհ էր գրանցվել:
Համբարձում Վարտումյանը:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Թե ֆիզիկապես, թե հոգեպես շատ դժվար էր աշխատել: Որպես փրկարար գիտակցում էի, որ մեծ փլուզումից հետո փլատակների տակից գրեթե անհնար է կենդանի մարդ դուրս բերել: Սարսափելի պատկեր էր, քանի որ փլատակներից այն կողմ հավաքվել էին զոհերի հարազատները, ովքեր սպասում էին, որ գուցե կենդանի դուրս կբերես իրենց հարազատին:
«Հոգով ուժեղ» մարդիկ
Փրկարարները «հոգով ուժեղ» մարդիկ են: Շատերն են գալիս, փորձում իրենց այս աշխատանքում: Ոմանց նյարդերը չեն դիմանում, ոմանք հեռանում են` հասկանալով, որ այս աշխատանքն իրենց համար չէ: Այս աշխատանքում մնում են նրանք, ովքեր իրապես «հոգով փրկարար են»:
Մենք` փրկարարներս, անուղղելի լավատեսներ ենք: Ինչ էլ պատահի, մենք, միեւնույն է, ասում ենք` «ամեն ինչ լավ է լինելու»: Մեզ համար գոյություն չունեն «ոչ», «չենք կարող» բառերը:
Այս աշխատանքում կարեւոր սկզբունքներից մեկը մշտապես սովորելու, կատարելագործվելու ձգտումն է: Աշխարհը փոխվում է, տեխնիկան` զարգանում, եւ մենք պետք է պատրաստ լինենք այս փոփոխություններին: Փրկարարի աշխատանքը ներառում է շուրջ 40 տարբեր մասնագիտությունների, արհեստների տարրեր: Այս իմաստով պետք է բազմակողմանի զարգացած լինես` ցանկացած իրավիճակում արագ եւ ճիշտ որոշում կայացնելու համար:
Եկան, խնդիրը լուծեցին, գնացին
Փրկարարը պետք է այնպես աշխատի, որ սովորական մարդիկ չնկատեն, թե այդ պահին ինչ բարդ աշխատանք ես կատարել: Պետք է վստահ գնալ դեպքի վայր, կատարել աշխատանքն այնպես, որ դիմացինի մոտ տպավորություն ստեղծվի, թե փրկարարներն եկան-գնացին, եւ խնդիրը լուծվեց: Փրկարարներն ամեն օր փոքր ու մեծ սխրանքներ են գործում՝ ուրիշների աչքից հեռու:
Համբարձում Վարտումյանը:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Իսկ այդ սխրանքը գործելու համար կարեւոր է լինել լավ մարդ` մարդասեր, հնարամիտ, ճկուն մտածելակերպով, ոչ կոնֆլիկտային, թիմին նվիրված:
Աշխատանքային խնդիրներն երբեւէ տուն չենք տանում
Աշխատանքային օրվա լարվածությունը հաղթահարելու լավագույն միջոցը հումորն է: Լինում են օրեր, երբ դժվար պահերը շատ են, եւ անհրաժեշտ է ցրվել, չտրվել բացասական մտքերին: Այս իմաստով մեզ շատ են օգնում մեր ընտանիքները: Եթե ծանոթ լինեք այդ ընտանիքներին, կտեսնեք, թե ինչքան ամուր են փրկարարների ընտանիքները: Մենք փորձում ենք աշխատանքային խնդիրները երբեք տուն չտանել: Գերադասում ենք տանը չխոսել այդ օրվա դեպքի մասին:
Մենք անպայման գալու ենք
Յուրաքանչյուր մարդու փրկությունն իր ձեռքերում է: Եթե պատահար է եղել, եւ բարդ վիճակում եք հայտնվել, պետք չէ խուճապի մատնվել: Խուճապը միայն խանգարելու է: Պետք է վստահ լինել, որ ձեր փրկության մասին արդեն մտածում են: Որովհետեւ մենք անպայման գալու ենք:
Համբարձում Վարտումյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի (Մեդիամաքս):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: