Փրկարարները` Վիկտորյա Խաչատրյան - Mediamax.am

exclusive
9123 դիտում

Փրկարարները` Վիկտորյա Խաչատրյան

Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

Վիկտորյա Խաչատրյանը
Վիկտորյա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:


Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ փրկարարական ջոկատի 3-րդ փրկարարական խմբի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ենթասպա

 

Ծնվել է 1990թ-ի հոկտեմբերի 30-ին` Սպիտակում:

 

2007-2008թթ սովորել է «Բերկուտ» թիկնապահական դպրոցում:

 

2009-ից աշխատում է ՀՀ ԱԻՆ-ում`որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար:

 

Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի փրկարար բաժնի չորրորդ կուրսում:

 

Ավագ ենթասպա է:

Նա Հայաստանի փրկարար ծառայության միակ կին փրկարարն է: Չնայած երիտասարդ տարիքին ու դեռեւս կարճ աշխատանքային փորձին՝ նրան հաջողվել է տարբեր տարիների ընթացքում երեք անգամ փրկել նույն երիտասարդի կյանքը`  հետ պահելով ինքնասպանությունից: Բնույթով փրկարար Վիկտորիայի համար անփոխարինելի հաճույք է պատերի վրայով քայլելը,  բարձրությունից պարաններով ցած իջնելն ու օդապարիկով  շուրջ 800մ բարձրություն հաղթահարելը:

 

Ինչպես դարձավ փրկարար

 

Մանուկ հասակում նրա խաղալիքները ոչ թե տիկնիկներն էին, այլ ավտոմեքենաները: Նաեւ մեծ սեր ուներ ոստիկանի համազգեստի հանդեպ: Դպրոցն ավարտելուն պես դիմեց ՀՀ ոստիկանության ակադեմիա, բայց քննությունից «կտրվեց», ինչն այսօր մեծ հաջողություն է համարում: Ապա ընդունվեց եւ գերազանց առաջադիմությամբ ավարտեց թիկնապահական քոլեջը, որից հետո, աշխատանքի անցնելու նպատակով, դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

«Պարզ չէր, թե ինչ աշխատանքի համար եմ դիմում: Մի քանի ամիս անց աշխատանքի անցա՝ որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, եթե կրկին մասնագիտական ընտրության առաջ կանգնեի, ընտրությունս նույնը կլիներ»:

 

Աշխատանքային օրերը Վիկտորիայի համար լավագույներն են, լինում են դեպքեր, երբ օրերով կամ շաբաթներով մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին: Շատերը կարծում են, որ փրկարարը կանացի մասնագիտություն չէ:

 

«Համամիտ չեմ: Կինը եւս կարող է շատ լավ փրկարար լինել: Ներկա եմ լինում բոլոր կանչերին՝ առանց տարանջատելու՝ ինչն է կնոջ համար, ինչը` ոչ: Եթե փրկարար եմ, ուրեմն պարտավոր եմ լավ աշխատել»:

 

Վիկտորյան բարձրության մեծ սիրահար է, ավելի հստակ քայլում է պատի վրայով:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Մեծ բավականություն է օդապարիկով թռիչքը, որի ժամանակ մոռանում ես վախի ու  բարձրության մասին: Այդ լռությունն ամեն ինչ արժի. դա ինձ համար անփոխարինելի հաճույք է»:

 

«Ամուսինս ինձ տեսել է փրկարարի համազգեստով, սիրել այդպիսին»

 

Հայաստանի միակ կին փրկարարի ամուսինը եւս փրկարար է: Զույգը ծանոթացել է մասնագիտական դասընթացների ժամանակ, մի քանի տարի ընկերություն են արել, ապա ամուսնացել: Երբեք չի մտածել, թե ապագա ամուսինը կարող է դեմ լինել իր մասնագիտությանը:

 

«Մտածում էի, եթե սիրելու է ինձ, ուրեմն պետք է սիրի այնպիսին, ինչպիսին կամ: Փառք Աստծո, այդպես էլ եղավ. ամուսինս ինձ տեսել է այս միջավայրում, փրկարարի համազգեստով, սիրել այդպիսին»:

 

Ինչպես երեք անգամ փրկեց մեկին

 

Մի քանի տարի առաջ էր. երթուղայինով անցնելով Տիգրան Մեծ պողոտայով՝ Վիկտորյան նկատեց շենքերից մեկի մոտ հավաքված ԱԻՆ փրկարար ծառայության մեքենաներն ու աշխատակիցներին: Խմբին մոտենալով՝ պարզեց, որ 22-ամյա մի երիտասարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով բնակելի շենքի 4-րդ հարկի պատշգամբից: Առաջարկելով իր օգնությունը եւ մտածելով, որ կնոջ խոսքն առավել ազդեցիկ կարող է լինել՝ գործի է անցնում: Մեկ ժամ եւ ավելի տեւած բացատրական աշխատանքի արդյունքում նրան հաջողվեց երիտասարդին հետ կանգնեցնել:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Մեկ տարի անց, նույն հասցեից ինքնասպանության փորձի ահազանգ ստացան: Վիկտորյան ծառայության մեջ էր, կանխազգացում ուներ, որ խոսքը նույն տղայի մասին է. նա չէր սխալվում, այս անգամ տղան փորձում էր իրեն ցած նետել ավելի բարձր հարկից: Երկարատեւ ջանքերից հետո փրկարարը կարողացավ համոզել երիտասարդին ցած իջնել, բայց այս պատմությունն իր շարունակությունն ունեցավ:  Մեկ տարի անց, կրկին Տիգրան Մեծ պողոտայից ինքնասպանության փորձի  ահազանգ ստացան. երիտասարդը ցանկանում էր իրեն ցած նետել շենքի տանիքից:

 

«Այս անգամ արդեն համոզված էի, որ խոսքը նույն երիտասարդի մասին է: Երբ բարձրացա տանիք, ոստիկանները չէին թողնում մոտենալ նրան՝ պատճառաբանելով, թե տղայի ընկնելու դեպքում ողջ պատասխանատվությունը ես եմ կրելու: Նա շատ վտանգավոր տեղում էր կանգնած, եթե անգամ չցանկանար, կարող էր վայր ընկնել: Պատասխանատվությունն ինձ վրաց վերցրեցի ու մոտեցա նրան: Դիրքն այնպիսին էր, որ միայնակ չէի կարող նրան քաշել, ինձ հետ էր մեր ջոկատի տղաներից մեկը: Երկար խոսեցի: Ամեն անգամ նրա պատճառները տարբեր էին՝ ծնողները, սիրած աղջիկը… այս անգամ պատճառը չհարցրեցի: Նա կրկին հիշեց ինձ, ասաց, որ ես իրեն խաբել եմ, բաց լսեց… առաջարկեցի, որ հետագայում նման ցանկություն ունենալու դեպքում զանգի ինձ, Փառք Աստծո, մինչ օրս չի զանգել, հույս ունեմ, որ այլեւս չի փորձի դիմել այդ քայլին»:

 

Յուրաքանչյուր դեպք իր բարդությունն ունի

 

Վիկտորյան նշում է, որ արտակարգ դեպքերն ու  իրավիճակները հիմնականում գիշերն են լինում: Ամեն դեպք, անգամ ամենահասարակն ու կենցաղայինը, իր բարդություններն ունի. բնակարանի փակված դուռը բացելու համար կարող է պահանջվել 16-րդ հարկից պարաններով իջնել դեպի տուն: Վիկտորյան նշում է, որ   ավելի մեծ ու բարդ աշխատանք է պահանջվում վթարների ժամանակ, երբ պետք է ջարդված մեքենայից հանել մարդուն`առանց նրան վնասելու եւ հավելյալ ցավ պատճառելու:

 

Փրկարարը դժվարանում է առանձնացնել դեպքեր, երբ միայնակ է փրկել մարդկային կյանքը, քանի որ հիմնականում աշխատում են խմբով: Ապա հիշում է, թե ինչպես մեծ դժվարությամբ համոզեց Կիեւյան կամրջից իրենց ցած նետելու փորձ անող տղամարդուն հետ կանգնել ինքնասպանությունից:

 

Փրկվածի աչքերին նայելիս

«Այն փրկարարները կհասկանան ինձ, ովքեր մարդկային կյանք են փրկել, դա մի զգացողություն է, երբ դու չես սպասում շնորհակալության. մարդու կյանքը մեզ համար ամեն ինչից վեր է: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ բավականություն եմ  ստանում փրկվածի աչքերին նայելիս, երբ նա սեղմում է ձեռքս եւ ուժ ստանում…»:

 

Վիկտորյաի փոխանցմամբ, այսօր հասարակությունը փորձում է գնահատել փրկարարի աշխատանքը` դրան նպաստում են աշխատանքում անհրաժեշտ գույքի, տեխնիկայի առկայությունն ու ահազանգերին արագ արձագանքելը:

 

Նրա կյանքում պարտություններ չեն եղել

Մեր հերոսուհու տատիկը Հայրենական մեծ պատերազմի վետերան է, մայրը` հետաքննող լրագրող, քույրը` դատափորձագետ: Նրա կարծիքով, մասնագիտության ընտրությունն ու խիզախության ձգտումը գեներով է ժառանգել: Վիկտորյան մեծ ցանկություն ունի, որ իր ապագա երեխաները եւս փրկարարի մասնագիտությունն ընտրեն:

 

Վիկտորյայի կյանքում պարտություններ չեն եղել, անգամ ամենաբարդ իրավիճակում կողմնորոշվել է եւ հաջողել:

 

«Իհարկե, առաջին հերթին Աստված է ինձ օգնում, բայց հաջողություններս կապում եմ նաեւ անվանս հետ, որը շատ եմ սիրում. վետերան տատիկիս անունն է»:

 

Մի սխալի մասին

 

Շատ են դեպքեր լինում, երբ փրկարարն ինքն է վնասվածքներ ստանում եւ օգնության կարիք ունենում, իսկ մարմնին հաճախ կապտուկներ են լինում, ինչն իր աշխատանքում բնական է համարում: Վիկտորյան իր աշխատանքային չորս տարիների ընթացքից մի սխալ է առանձնացնում, ինչի հետեւանքով իր կյանքին եւս վտանգ է սպառնացել:

 

«Մարմարիկ գետում դիակ էինք փնտրում, գետը բավական վարար էր, վրայով մեծ խողովակ էր անցնում, ուզում էի անցնել մյուս կողմը, հրամանատարը թույլ չտվեց, բայց ես անցա եւ ընկա գետը: Լողում չեմ փայլում, խեղդվելը մազից էր կախված»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Վիկտորյան իր սխալների թվին է դասում բոլորի տխրությամբ տխրելն ու ուրախությամբ ապրելը: Կանչի ժամանակ, անգամ ամենածանր իրավիճակում, չի հուզվում, փորձում է օգնել ու դժվար իրավիճակից դուրս բերել տուժածին կամ հարազատին, բայց առօրյայում հուզվում է ամեն ինչից:

Վիկտորյա Խաչատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին