Բաքուն ակնկալում է, որ «այս վճռորոշ պահին ԵՄ-ն կանխակալություն չի անի» - Mediamax.am

3899 դիտում

Բաքուն ակնկալում է, որ «այս վճռորոշ պահին ԵՄ-ն կանխակալություն չի անի»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն ակնկալում է, որ «այս վճռորոշ պահին ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են խաղաղ ջանքերը տարածաշրջանում»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունները, որը, մասնավորապես, նշել էր, որ «վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել խաղաղ գործընթացին եւ ապահովել կողմերի միջեւ վստահության բարձրացումը»։

«Ցավոք, դա ԵՄ Գերագույն ներկայացուցչի՝ հայերին հաճոյանալու հերթական փորձն է: Նա նաեւ առաջ է մղում մի պատում, որը ոչ բարոյական հիմք ունի, ոչ էլ փաստական: Մենք մերժում ենք այս կեղծ ու սադրիչ մեղադրանքները։

 

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը, որպես մարդասիրական ժեստ եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան ազատ է արձակել եւ հայրենադարձել ռազմագերիի կամ կալանավորի կարգավիճակ ունեցող ավելի քան 200 հայերի։ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ վարվել են 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների պահանջներին համապատասխան, նրանք չեն ենթարկել խոշտանգումների, վիրավորանքների եւ անմարդկային վերաբերմունքի։

 

Կալանավորված ռազմական հանցագործները, անջատողական առաջնորդները եւ հայկական ծագում ունեցող այլ անձինք մեղադրվում են ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Նրանք կամ արդեն դատապարտվել են այդ հանցագործությունների համար, կամ նրանց հանդեպ հետաքննություն է իրականացվում: Ժնեւի կոնվենցիաների, ինչպես նաեւ միջազգային եւ ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն ունի նման հանցագործությունները հետաքննելու եւ մեղավորներին դատելու իրավունքներ եւ պարտավորություններ։ Նման ձերբակալությունները լիարժեք իրավական հիմք ունեն եւ չեն խախտում կալանավորված անձանց իրավունքները»,- ասել է Հաջիզադեն։

 

Ինչ վերաբերում է Հայաստան եւ այլ երկրներ տեղափոխված հայերի իրավունքների ապահովման վերաբերյալ Բորելի հայտարարություններին, «կարեւոր է հիշեցնել, որ, չնայած Ադրբեջանի վերաինտեգրման կոչին, այդ ուղղությամբ ծրագրին ու քայլերին, տեղի հայերը որոշեցին լքել մեր երկիրը եւ չվերադառնալ»,- հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին