«Հայաստանը բարոյական իրավունք չունի պնդել, որ Ադրբեջանն անկեղծ չէ» - Mediamax.am

1896 դիտում

«Հայաստանը բարոյական իրավունք չունի պնդել, որ Ադրբեջանն անկեղծ չէ»


Լուսանկարը` huquq.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 19-ի հայտարարությունը։

 

«Վրդովեցուցիչ է, որ Հայաստանը որպես իրեն պատկանող գյուղերի տարածք է ներկայացնում ռազմական դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները, եւ Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի մեջ»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

 

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրական եւ տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է այդ երկրի բազմաթիվ իրավական եւ քաղաքական փաստաթղթերում եւ Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն վկայակոչում է Հայաստանի անկախության հռչակագիրը, որը «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման» կոչ է անում», - ասել է Հաջիզադեն։

 

«Հայաստանը բարոյական հիմքեր չունի կասկածելու ադրբեջանական կողմին խաղաղ գործընթացում անկեղծ չլինելու մեջ։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք,

որ Հայաստանի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն եւ խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի։ Ադրբեջանի դեմ սադրանքների եւ քաղաքական մանիպուլյացիաների փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարի միջազգային պարտավորությունները եւ նպաստի խաղաղ գործընթացին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

 

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, որ «պաշտոնական Բաքվի արձագանքը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը տարակուսանքի տեղիք է տալիս»։

 

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ «ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին