«Հայաստանը չպետք է հրաշքի սպասի»,- ասել է Ալիեւը - Mediamax.am

5095 դիտում

«Հայաստանը չպետք է հրաշքի սպասի»,- ասել է Ալիեւը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Շուշիում նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը։ Նրանք պետք է գիտակցեն, որ կրակի հետ խաղալն իրենց համար թանկ կարժենա։ Այս տարվա իրադարձությունները՝ «Ֆարուխ» եւ «Հատուցում» գործողությունները, ադրբեջանա-հայկական սահմանին սեպտեմբերի 13-14-ի գործողությունները՝ պետք է դաս լինեն Հայաստանի համար։ Մենք տալիս ենք այս դասը եւ հուսով ենք, որ վերջապես նրանք կհասկանան դա, կզբաղվեն իրենց ներքին գործերով եւ կդադարեն հավակնել մեր տարածքին՝ Ղարաբաղին։ Ղարաբաղը մեր հողն է»,- ասել է նա։

 

«Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած մեր բոլոր պարտավորությունները։ Բայց արդյո՞ք Հայաստանը կատարում է դրանք։ Ո՛չ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Փաշինյանն այնքան վախեցավ, որ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի օկուպացված շրջանները մեզ վերադարձրեցին առանց մեկ կրակոցի»,- ասել է Ալիեւը։

 

Նրա խոսքով՝ «այդ իրադարձություններից հետո Փաշինյանը կրկին սկսեց ժամանակ ձգել»։

 

«Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր համբերությունն անսահման չէ, եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է Ալիեւը։

 

«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ գնացող մեքենաներին։ Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին։ Հայաստանը նույնպես պարտավորվել է ճանապարհային կապ ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ։ Երկու տարի է անցել, ոչ տեխնիկա-տնտեսական հիմնավորում կա, ոչ առաջընթաց, ոչ երկաթգիծ, ոչ ճանապարհ։ Եվ ինչքա՞ն պետք է սպասենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ բանակցություններում, չպետք է ժամանակ ձգի, չպետք է սպասի որեւէ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա եւ իր փոխարեն կկռվի։ Ոչ ոք չի գա նրանց փոխարեն կռվելու»,- ասել է Ալիեւը։

 

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց արդար խաղաղություն։ Մեր կողմից առաջ քաշված պայմանները արդար են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, եւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմանների հիման վրա։ Եթե Հայաստանը կամքը դրսեւորի, ապա այն կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի։ Թե ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին