Ալիեւ. «Որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի վերաբերյալ» - Mediamax.am

3118 դիտում

Ալիեւ. «Որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի վերաբերյալ»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հույս է հայտնել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովները ժամանակ չեն կորցնելու եւ ակտիվորեն աշխատելու են երկու երկրների միջեւ իրականում գոյություն չունեցող սահմանը որոշելու ուղղությամբ»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աղդամում ելույթ ունենալով Քաղաքաշինության ազգային ֆորումի բացմանը՝ Իլհամ Ալիեւը ասել է.

 

«Ավելի քան 400 կիլոմետր երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատել՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի, պատմական քարտեզների, միջազգային պրակտիկայի եւ մեթոդաբանության վրա։ Գործընթացը գնում է, սակայն դժվար է ասել, թե որքանով այն կհաջողի»,- հավելել է Ալիեւը։

 

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը «շատ ժամանակ չի խլի»։

 

«Որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի վերաբերյալ, քանի որ մի քանի օր առաջ կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն առաջինն էր խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով»,- ասել է Ալիեւը։

 

Նա հավելել է, որ «Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ Բաքուն չի պատրաստվում որեւէ մեկի հետ քննարկել այդ հարցը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին