Պուտինը եւ Էրդողանը «կոշտ ուժի եղբայրություն են կազմել» - Mediamax.am

1285 դիտում

Պուտինը եւ Էրդողանը «կոշտ ուժի եղբայրություն են կազմել»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը դարձել է «ամենամեծ աշխարհաքաղաքական ցնցումներից մեկը սառը պատերազմի ավարտից ի վեր, որի ընթացքում Ռուսաստանը եւ Թուրքիան բաժանարար գծերի հակառակ կողմերում էին»:

Այս մասին գրում է The Economist ամսագիրը «Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմել են կոշտ ուժի եղբայրություն» խմբագրական հոդվածում:

 

«Այս գործարքը նաեւ բազմաբեւեռ աշխարհի իրականության մեջ կոշտ ուժի օգտագործման մասին հաղորդագրություն է: «Երկու առաջնորդներն էլ հասկանում են, որ տվյալ դեպքում նշանակություն ունի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ ուժ գործադրելու պատրաստակամությունը»,- նշում է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը», - նշվում է հոդվածում:

 

«Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 տարվա ապարդյուն բանակցություններից հետո թուրքական բանակի աջակցությունն ու Ռուսաստանի լուռ համաձայնությունն օգնեցին Ադրբեջանին վերականգնել վերահսկողությունը իր տարածքների հանդեպ, ինչպես նաեւ փոխել դասավորությունը Կովկասի լրջագույն հակամարտություններից մեկում: Պուտինի համար սա նոր բազմաբեւեռ կարգի ցուցադրություն էր, որը նա պաշտպանում է 2007 թվականից, երբ Մյունխենի անվտանգության համաժողովում առաջին անգամ բարձրացրեց հետսառըպատերազմյան աշխարհակարգի հարցը: Ռուսաստանի առաքելությունն ամերիկյան նոր հեգեմոնիան զսպելն էր»,- գրում է The Economist-ը:

 

«Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում համագործակցում է

Թուրքիայի հետ՝ արեւմտյան տերությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բոլշեւիկյան հեղափոխությունից եւ Օսմանյան կայսրության փլուզումից հետո Քեմալ Աթաթուրքը կարճ ժամանակահատված Լենինին համարում էր իր դաշնակիցը կայսերական Արեւմուտքի դեմ պայքարում, իսկ բոլշեւիկները Թուրքիային տեսնում էին որպես դաշնակից նույն Արեւմուտքի դեմ համաշխարհային հեղափոխություն անելու պայքարում: Բոլշեւիկները զենք էին մատակարարում Թուրքիային՝ հույների եւ բրիտանացիների դեմ պայքարելու համար, եւ Թուրքիան համաձայնել էր բոլշեւիկների հետ՝ Ադրբեջանի նավթահանքերի վրա վերահսկողությունը հաստատելու եւ Հարավային Կովկասում նրանց իշխանության հետ: 1921թ. Աթաթուրքի եւ Լենինի միջեւ կնքված գործարքը հաստատեց Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանը եւ սահմանափակեց Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում:

 

Անցյալ տարվա պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ այս գործարքի  հայելային պատկերը դարձավ: Բայց հիմա Պուտինը փնտրում է Թուրքիայի բարեհաճությունը եւ աջակցում է նրան Արեւմուտքի հետ առճակատման հարցում` հույս ունենալով այն օգտագործել որպես ՆԱՏՕ-ում խրած սեպ, մինչդեռ Էրդողանը նախագծում է Թուրքիայի ազդեցությունը տարածել ռուսական ազդեցության նախկին տարածքների վրա»,- ասվում է The Economist-ի խմբագրականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին