Ալիեւը գտել է դավաճաններին, որոնք «իրենց հայերից վատ են պահում» - Mediamax.am

5802 դիտում

Ալիեւը գտել է դավաճաններին, որոնք «իրենց հայերից վատ են պահում»


Լուսանկարը` fbcdn.net


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հուլիսի 16-ին վիդեոկոնֆերանսի միջոցով ընդունելով նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, քննադատել է ադրբեջանցի որոշ դիվանագետներին եւ գործընկեր երկրներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ Ալիեւի ելույթից, որոնք մեջբերում է Trend գործակալությունը:

 

«Դավաճանություն են գործել»

 

«Արտերկրում գտնվող մեր որոշ դիվանագետներ վերածվում են այդ երկրների դեսպանորդների։ Դրան պետք է վերջ տալ: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը եւ չեն թաքցնում դա»:   

 

«Հայերից ավելի վատ են պահում իրենց»

 

«Այն տարրերի ճնշող մեծամասնությունը, որոնք այսօր կեղտոտ արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ եւ ներկայանում որպես ադրբեջանցիներ, ըստ էության, իրեն հայերից ավելի վատ են պահում եւ վերահսկվում են այն երկրների հատուկ ծառայությունների կողմից, որտեղ ապրում են:

 

Այս խնդրի վերաբերյալ մենք բավականաչափ տեղեկատվություն ունենք: Մեր հատուկ ծառայություններն այս մասին բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին համապատասխան ծառայություններին: Ասում էինք. մենք գիտենք, որ այս մարդուն դուք եք ուղղորդում, մեկ ուրիշին տուն եք տրամադրել, ձեր հաստատությունում գրվում են այս անձի կեղտոտ ելույթները։ Մենք գիտենք այդ ամենը»:

 

«Նպատակը Ադրբեջանը թուլացնելն է»

 

«Այս ամենը վկայում է այդ երկրների կեղծավորության մասին: Մեր դեմքին նայելով՝ խոսում են գործընկերության մասին, բայց իրականում քարոզչություն են իրականացնում մեր դեմ: Նպատակն է թուլացնել Ադրբեջանը, խարխլել այն, տարածել անհավանական ստեր Ադրբեջանի ղեկավարների մասին»:

 

«Քայքայել ազգային արժեքները»

 

«Սա մտածված քաղաքականություն է, որի նպատակն է խարխլել ազգային արժեքները, որոնք դարեր շարունակ պահել է ադրբեջանցի ժողովուրդը, խարխլել մեր բարոյական սկզբունքները: Մեր պատմության մեջ երբեք չեն օգտագործվել նման կեղտոտ մեթոդներ, ստեր եւ զրպարտություններ։ Դա ներմուծվում է դրսից։ Հետեւաբար, մեր դիվանագետները պետք է գործեն այդ ամենի դեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին