The Alexander հյուրանոցի Ալեքսանդրան - Mediamax.am

exclusive
3279 դիտում

The Alexander հյուրանոցի Ալեքսանդրան


Ալեքսանդրա Հարությունյանը
Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Հարությունյանը
Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Հարությունյանը
Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Հարությունյանը
Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Մալխասյանը
Գոհար Մալխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարդկանց հյուրընկալելու, նրանց հանգստի ու հարմարավետության մասին հոգ տանելու հյուրանոցային աշխարհն Ալեքսանդրա Հարությունյանին գրավում էր մանկուց: Մայրը երկար տարիներ աշխատում էր հյուրանոցային բիզնեսում ու աղջկան հաճախ էր իր հետ աշխատանքի տանում: Միայն անձնակազմի համար նախատեսված «գաղտնի» անկյունները հետաքրքրությամբ ուսումնասիրող աղջնակն այդ ժամանակ դժվար պատկերացներ, որ ընդամենը 18 տարեկանում կրթությանը զուգահեռ արդեն աշխատելու է երեւանյան լավագույն հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ The Alexander-ում:

 

Այս հնարավորությունն Ալեքսանդրան ստացել է դուալ կրթական մոդելի շնորհիվ, որով սովորում է Երեւանի պետական հումանիտար քոլեջում: Շաբաթվա 3 օրն այստեղ նա ստանում է տեսական գիտելիքներ, 2 օրն՝ աշխատում մասնագիտությամբ:

 

Հյուրանոցը հետաքրքիր ու գրավիչ աշխարհ է

 

15 տարեկանում ընդունվել եմ Երեւանի պետական հումանիտար քոլեջ՝ Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման բաժին՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ: Ընտրությանս հիմքում սպասարկման ոլորտի հանդեպ եղած հետաքրքրությունն էր: Այսօր վստահ կարող եմ ասել՝ կատարել եմ լավագույն ընտրությունը, քանի որ քոլեջում ստացել եմ ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլեւ՝ այն գործնականում կիրառելու հնարավորություն:

Ալեքսանդրա Հարությունյանը Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին կուրսում այստեղ սովորել ենք ավագ դպրոցի ընդհանուր ծրագրով, ինչից հետո անցել մասնագիտական առարկաներին՝ մենեջմենթ, մարքեթինգ, հյուրանոցային ծառայությունների կազմակերպում եւ այլն:

 

Քոլեջն ընտրելու հարցում մի որոշիչ գործոն էլ կար՝ գիտեի, որ չորրորդ կուրսից պրակտիկա եմ անցնելու հյուրանոցում, իսկ այն ինձ համար շատ հետաքրքիր, գրավիչ աշխարհ է: Մայրս երկար տարիներ աշխատել է հյուրանոցային բիզնեսում եւ փոքր տարիքում հաճախ էի իր հետ աշխատանքի գնում: Նրա գործընկերները հետաքրքիր պատմություններ էին պատմում, ցույց էին տալիս հյուրերի սենյակներն ու այլ անկյուններ, բայց ամենից շատ ինձ գրավում էր հենց աշխատակիցների համար նախատեսված գրասենյակային հատվածը (ժպտում է – հեղ.): Սիրում էի ուշադիր հետեւել՝ ինչպես են հյուրանոցի աշխատակիցները շփվում հյուրերի հետ, փորձում նրանց կեցությունը հնարավորինս հարմարավետ դարձնել:

 

Դուալ կրթական մոդելը սպասարկման ոլորտում

 

Երեւանի պետական հումանիտար քոլեջում մենք սովորում ենք դուալ կրթական մոդելով: Այն ենթադրում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Այսինքն, ինչ-որ փուլից շաբաթվա երեք օրն անցկացնում ենք քոլեջում, երկուսը՝ կազմակերպություններում, որտեղ պրակտիկա ենք անցնում՝ աշխատելով մեր մասնագիտությամբ: Այս տարվա սեպտեմբերից ես ու եւս երեք ուսանող ամեն ուրբաթ անցկացնում ենք The Alexander հյուրանոցում՝ աշխատելով դրա տարբեր բաժիններում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսպիսի ուսուցման առավելությունները, հատկապես սպասարկման, ծառայությունների մատուցման ոլորտում, շատ են: Դուալ կրթական մոդելը հնարավորություն է տալիս մեզ դեռ կրթության ընթացքում պատրաստի մասնագետ դառնալ, ունենալ աշխատանքային փորձ, որն այդքան կարեւորվում է աշխատանքի ընդունվելիս: Իհարկե, սովորաբար, այլ աշխատանք փնտրելու կարիք չի լինում, քանի որ կազմակերպությունը, որը մասնակցում է ուսանողի կրթությանը, նախընտրում է իր բոլոր պահանջներին համապատասխանող մասնագետին իր մոտ պահել: Օրինակ՝ մենք եւս ստացել ենք հետագայում աշխատանքը շարունակելու առաջարկներ ու հյուրանոցի բոլոր բաժիններն ուսումնասիրելուց հետո կկողմնորոշվենք՝ որն է մեզ առավել հետաքրքիր ու հոգեհարազատ:

 

Ուրբաթ օրը տարբերվում է

 

The Alexander հյուրանոց գնալու աշխատանքային ուրբաթ օրն առաջին հերթին տարբերվում է հագուստով: Եթե մյուս օրերին քոլեջ կարող ենք գալ սովորական ուսանողի տեսքով, ապա ուրբաթ օրն առանձնանում է դասական սպիտակ վերնաշապիկով ու տաբատով, կոկիկ հավաքած մազերով: The Alexander-ը Հայաստանի հինգաստղանի, լյուքս դասի հյուրանոցներից է ու աշխատակիցները պետք է լիովին համապատասխանեն եղած պահանջներին ինչպես հագուկապով, այնպես էլ՝ խոսքով ու կեցվածքով:

Ալեքսանդրա Հարությունյանը Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրանոցի աշխատակիցները չպետք է կրեն շատ վառ, աչքի ընկնող զարդեր, հնարավորինս քիչ ու բնական դիմահարդարում ունենան: Կոշիկները պետք է պարտադիր սեւ լինեն, իսկ կրունկի բարձրությունը չգերազանցի սահմանված չափանիշները:  

 

Իհարկե, յուրաքանչյուր բաժին կարող է ունենալ նաեւ առանձնահատուկ պահանջներ:

 

Արագ կողմնորոշվելու կարողությունն ու մասնագիտական գիտելիքը

 

Լյուքս դասի հյուրանոցների առանձնահատկություններից մեկը հյուրերն են: Հաճախ կարող ես շատ հետաքրքիր մարդկանց հանդիպել ու ինքդ էլ ցանկանում ես ամեն բան անել, որպեսզի նրանց կեցությունը հնարավորինս հարմարավետ լինի:

 

Բացի այդ, այս դասի հյուրանոցներում կանգ են առնում հիմնականում շատ զբաղված մարդիկ, ու անձնակազմը պետք է պատրաստ լինի արագ կատարել եղած խնդրանքները:    

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի անգամ, օրինակ, ինձ մոտեցավ հյուրերից մեկն, արագ առաջադրանք տվեց ու հեռացավ: Դրա կատարումն իմ պարտականությունների սահմանում չէր, բայց ակնհայտ էր՝ նա շատ է շտապում ու պետք էր դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նա չէր նկատել, որ ես «Trainee» բեյջով եմ ու հյուրանոցի հիմնական աշխատակազմից չեմ: Ինչեւէ, քանի որ մինչ այդ մասնակցել էինք հյուրանոցի տարբեր բաժինների աշխատանքին, կարողացա կողմնորոշվել ու նրա խնդրանքն արագ կատարվեց: Նման դեպքերն ավելացնում են ինքնավստահությունդ (ժպտում է – հեղ.):

 

Աշխատանքի ընթացքում շատ է օգնում նաեւ քոլեջում ստացած գիտելիքը: Կան մի շարք մասնագիտական ծրագրեր, որոնք մենք սովորում ենք: Տիրապետում ենք նաեւ երեք օտար լեզվի, իմ դեպքում՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն: Մինչեւ հյուրանոցում աշխատելն առանձին մոդուլով ծանոթանում ենք դրա կառուցվածքին ու մատուցվող ծառայություններին:

 

Ալեքսանդրան «Ալեքսանդր» հյուրանոցից

 

Իմ ու The Alexander հյուրանոցի պատմությունն իրականում շատ հետաքրքիր է սկսվել: Երբ նոր էի ընդունվել քոլեջ, ամեն անգամ հյուրանոցի մոտով անցնելիս պտտվում էի ու հետս եղած մարդկանց ասում՝ «երանի՜ մի օր այստեղ աշխատեմ ու լինեմ Ալեքսանդրան «Ալեքսանդր» հյուրանոցից» (ժպտում է – հեղ.):

Ալեքսանդրա Հարությունյանը Ալեքսանդրա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերացրեք ուրախությունս, երբ պրակտիկայի վայրերը բաժանելիս դասախոսս ասաց՝ «Ալեքսանդրան գնում է The Alexander»: Նախ` անունս էր համընկնում, երկրորդ՝ շատ էի ցանկանում, որ մասնագիտանամ այսպիսի բարձրակարգ հյուրանոցում: Հուսով եմ՝ կրթության ավարտից հետո կշարունակեմ աշխատանքս այստեղ:

 

Այս մոտեցմամբ կրթվում են որակյալ, պահանջված ու մրցունակ մասնագետներ

 

Երեւանի պետական հումանիտար քոլեջի ավագ դասախոս Գոհար Մալխասյանը 2017թ.-ից ներգրավված է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խմբում, որի նպատակը դուալ կրթության զարգացումն է: Նա նշում է՝ շատ կարեւոր է, որ կրթական այս մոդելին մասնակից բոլոր օղակները՝ ուսումնական հաստատությունները, ուսանողներն ու մասնավոր կազմակերպությունները տեսնեն դրա առավելությունները:

Գոհար Մալխասյանը Գոհար Մալխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ դուալ համակարգի ներդրումն էլ քոլեջում մեծ ուշադրություն ենք դարձրել գործնական ուսուցմանը, այսինքն՝ ուսանողը սովորել է կատարելով: Այսօր շարունակում ենք հավատարիմ մնալ նույն սկզբունքին արդեն մեր գործընկերների աջակցությամբ: Շատ կարեւոր է ճիշտ աշխատել մասնավոր ընկերությունների հետ ու նրանց «համոզել», որ այսօր մասնակցելով ուսանողի կրթությանը՝ նրանք ձեւավորում են որակյալ աշխատակիցներ հենց իրենց համար: Արդեն ունենք կայուն գործընկերություն մի շարք կազմակերպությունների հետ: Օրինակ՝ The Alexander հյուրանոցում արդեն աշխատանքի է անցել մեր 5 ուսանող: Կրթական այս մոդելն այնքան արդյունավետ է, որ հաճախ դրան մասնակից կազմակերպությունը ցանկանում է իր մոտ պահել ուսանողին, սակայն վերջինս ավելի լավ առաջարկ է ստանում շուկայի այլ ընկերությունից: Այսինքն, այս մոտեցմամբ կրթվում են որակյալ, պահանջված ու մրցունակ մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետությունում դուալ կրթական մոդելի ներդրմանն աջակցում են «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) եւ ՄԱՎԵՏԱ ծրագրերը:

 

*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում

Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

 

*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) եւ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի եւ Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին