Աշխատանքի առաջարկ՝ անմիջապես սովորելու ընթացքում - Mediamax.am

exclusive
4734 դիտում

Աշխատանքի առաջարկ՝ անմիջապես սովորելու ընթացքում


Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում
Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Մանուկյանը
Արմինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Մխիթարյանը
Արսեն Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդգար Հովսեփյանը
Էդգար Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քնարիկ Ահարոնյանը
Քնարիկ Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում
Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում
Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պատրաստիր ուրիշի համար, սովորիր քեզ համար»։

17 տարեկան գյումրեցի Էդգար Հովսեփյանն առաջնորդվում է այս սկզբունքով։ Տանը երեք եղբայր են, մայրիկի աջ ձեռքն է, օգնում է խոհանոցում ու բազմազան ուտեստներ պատրաստում։ Սովորական ու սիրելի տապակած կարտոֆիլը տարբեր ձեւերով, գույներով ու համերով է պատրաստում, թխվածքների բազմազան տեսակների ու բաղադրատոմսերի վարպետ է։

Երբ եկավ մասնագիտություն ընտրելու հարցն, Էդգարը շատ չմտածեց, որոշեց սիրելի զբաղմունքը մասնագիտություն դարձնել ու գիտելիքներ կուտակել 15 տարեկանից:

Էդգար Հովսեփյանը Էդգար Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իմացա, որ Գյումրիի 4-րդ ուսումնարանում խոհարարություն բաժին կա, մամային ասեցի ու 9-րդ դասարանն ավարտելուց հետո եկանք այստեղ։ Չեմ փոշմանել, հատկապես, որ այստեղ կրթությունը տարբեր է. եւ՛ սովորում ենք, եւ՛ աշխատանքային փորձ կուտակում», - ասում է Էդգարն ու մանրամասն ներկայացնում ուսումնական գործընթացը։

Տեսական գիտելիքը ձեռք են բերում ուսումնարանում, իսկ գործնականը՝ Գյումրիում գործող ռեստորաններում ու սրճարաններում։ Այսինքն՝ կարողանում են համատեղել աշխատանքն ու ուսումը՝ շաբաթական 1-3 օր անցկացնելով գործատուների մոտ:

«Երբ գնում ենք գործատուի մոտ, ուսմանը զուգահեռ զարգացնում ենք այլ կարողություններ եւս՝ ճիշտ կողմնորոշվել, ժամանակին հասցնել, շփվել գործընկերների հետ, լինել զգույշ, եւ այդ ամենը մեծ առավելություն է։ Ճիշտ է, սկզբում շատ բարդ էր ուսումնարանից դուրս ուսուցումը պատկերացնել, բայց հետո աստիճանաբար ընտելացանք», - նշում է Էդգարը։
 
Դուալ կրթության առավելությունները

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում դուալ կրթական մոդելը ներդրվել է 2018թ.՝ փորձարարական կարգով։ Ուսումնարանի ցանկությամբ ու ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ խոհարարական գործ մասնագիտությամբ ուսուցումը կազմակերպվում է այս մոդելով: Ինչպես վստահեցնում է ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն, այս փոխլրացնող ուսուցումը մեծ դեր ունի ապագա արհեստավարժ խոհարարների պատրաստման գործում։
Քնարիկ Ահարոնյանը Քնարիկ Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խոհարարական գործ մասնագիտությամբ ուսման 3 տարին չի փոխվում: Նախկինում պետական ուսումնական պլանով նախարարության հաստատված չափորոշիչներով ու ուսումնական պլանով էինք առաջնորդվում, իսկ դուալ համակարգի դեպքում չափորոշիչը մշակել ենք գործատուների հետ: Ներառել ենք նրանց բոլոր պահանջներն ու առաջարկները, որպեսզի աշխատաշուկային համապատասխան մասնագետներ ունենանք ու գործատուներն էլ հեշտությամբ գտնեն իրենց որակյալ կադրերին։ Այս դեպքում գործատուի համար կան առավելություններ, նա ուսանողի կարողություններին ծանոթանալու ժամանակ է ունենում, կարողանում է հղկել նրան: Սկզբնական շրջանում շատ դժվար էր։ Միայն 33 գործատուի հետ սկսեցինք աշխատել։ Մտավախություն կար, որ ուսանողը դեռ 14-15 տարեկան է, ինչպե՞ս պետք է իրենց խոհանոցում սովորի, աշխատի։ Հազիվ կարողանում էինք համոզել, որ գոնե մեկ ուսանողի վերցնեն պրակտիկայի, բայց հետագայում գործատուներն էլ հասկացան, որ սա հմուտ մասնագետ պատրաստելու լավագույն տարբերակն է», - ասում է Քնարիկ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ ծնողների հետ աշխատանքը, քանի որ հենց նրանք պետք է օգնեն երեխային մասնագիտական կողմնորոշման հարցում.

«Ուսման ընթացքում ունենք օրագրեր, որոնք լրացնում են դասախոսը, գործատուն եւ ծնողը։ Այս երեք օղակները պետք է գործեն փոխկապակցված եւ օգնեն երեխային աշխատանքի եւ ուսման հարցում: Մյուս կողմից՝ ուսումնական հաստատության համար եւս դուալ կրթական համակարգն արդյունավետ է: Այսպիսով՝ մենք կարողանում ենք ամրապնդել մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Այնպես որ բոլոր կողմերի համար առավելություններ կան»:

Դուալ կրթական մոդելի դեպքում ուսանողը նաեւ առավել ինքնավստահ է դառնում, ինչն օգնում է համարձակ լինել տարբեր միջազգային մրցույթների ժամանակ։

«Ուսումնարանի շնորհիվ ստացա մի քանի առաջարկ ռեստորաններից»

Արսեն Մխիթարյանը սովորել ու ավարտել է Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը։ Աշխատել է մի քանի ռեստորանների հետ, կարծում է, որ խոհարարությունը բարդ մասնագիտություն է ու ամեն մարդ չի կարող հմտանալ ու վարպետանալ այս գործում։ Հաճախ ուսանողը սահմանափակվում է միայն տեսական գիտելիքով, գործնական բացը լրացնել չի հաջողվում ու հետո աշխատաշուկա մտնելը դառնում է անհնար։ Իսկ երբ տեսականն ու գործնականը զուգակցվում են, հնարավոր է դառնում հաղթահարել շատ խոչընդոտներ:
Արսեն Մխիթարյանը Արսեն Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գործնական աշխատանքս անցել է տարբեր գործատուների մոտ եւ մեր ուսումնարանի խոհանոցում։ 2021թ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ստացանք խոհանոցային սարքավորումներ, գործիքներ եւ գույք, ինչի շնորհիվ մեր գործնական պարապմունքները դարձան առավել արդյունավետ։ Սկսեցինք ոչ միայն պատրաստել տարբեր բաղադրատոմսեր, այլեւ՝ «Անվճար սնունդ» ծրագրով մեր ուսումնական հաստատության ուսանողների համար ապուրներ, աղցաններ, փլավներ, աղանդեր», - ասում է Արսենն ու ցույց տալիս իր սիրելի ուտեստների նկարները:

Թիվ 4 ուսումնարանը հնարավորություն է տվել ուսանողներին ընտրել մի քանի ռեստորան, իմանալ տարբեր գործատուների պահանջները, սովորել տարբեր խոհանոցների կարգ ու կանոնը եւ առավել հեշտ գտնել իրենց տեղն այս ոլորտում:
Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուսումնարանի շնորհիվ ստացա աշխատանքի մի քանի առաջարկ ռեստորաններից։ Կուրսեցիներիցս մի քանիսն էլ աշխատանքի առաջարկ ստացան հենց այն ռեստորան-սրճարաններից, որտեղ աշխատել էին սովորելու ընթացքում:
Կարծում եմ՝ սա կարեւոր է եւ նշանակում է, որ դուալ համակարգը հաջողված է», - ասում է Արսենն ու շտապում վառարանից հանել թխվածքը։

Խոհարարությունը ստեղծագործություն է

Երեխաներին խոհարարական արվեստին կապում ու ստեղծագործել է սովորեցնում դասավանդող վարպետ Անի Պետոյանը։ Առաջին մասնագիտությամբ դիզայները խոհարարական աշխարհի գույներով ու համերով այնքան է տարվել, որ ամեն նոր ուտեստ մի նոր ստեղծագործության ծնունդ է համարում։

«Խոհարարությունը շատ սիրուն եւ բարդ մասնագիտություն է ու ներառում է բոլոր գիտությունները՝ պատմություն, աշխարհագրություն, քիմիա, արվեստ, գույն, երաժշտություն, համ, հոտ: Հաջողակ են այն խոհարարները, որոնք այս ամենին տիրապետում են, որովհետեւ ուտեստը միայն համն ու բույրը չէ, սա նաեւ բնավորություն է, խառնվածք, տվյալ երկրի մշակույթի մի մասնիկ: Ամեն ինչ անում եմ, որ մեր ուսանողները ոչ միայն պատրաստեն, այլեւ՝ ստեղծագործեն ու իմանան այս բոլոր նրբությունները։ Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ խոհարարական ստեղծագործություններին ու համարձակությանը Գյումրիում քիչ գործատուներ են պատրաստ, բարեբախտաբար, մոտեցումն աստիճանաբար փոխվում է: Մեր ուսանողներն էլ իրենց հետ նորն են տանում, եւ որոշ գործատուների կողմից այդ առաջարկներն ընդունվում են ու ներառվում ճաշացանկում:
Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում Թիվ 4 ուսումնարանի խոհանոցում

Լուսանկարը` Մեդիամաքս


«Food Time» սննդի ցանցը պարբերաբար փնտրում է խոհարարների ու առաջիններից էր, որ սկսել է համագործակցել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հետ։ Որպես գործատու այստեղ գնահատում են, որ իրենց մոտ գալիս են գիտելիքի բազայով ուսանողներ ու նրանց լավ խոհարար դարձնելու ճանապարհն այդպիսով կրճատվում է:

«Հենց սկզբից ուսանողները լինում են մեր շեֆ խոհարարի հսկողության տակ: Բացի այդ, մենք խոսում ենք նրանց եւ նրանց ծնողների հետ ու զգուշացնում՝ ինչ խնդիրներ կարող են լինել, ինչից պետք է զգուշանալ։ Հաճախ նաեւ ուսումնական գործընթացից դուրս առաջարկում ենք աշխատել մեզ մոտ, իհարկե, ծնողի թույլտվությամբ, քանի որ ուսանողներն անչափահաս են: Հիմա մեր ցանցում պրակտիկա է անցնում 12 ուսանող, ունենք նաեւ նախորդ տարիների ավարտածներ, որոնք արդեն հիմնական աշխատողներ են», - նշում է «Food Time»-ի մենեջեր Արմինե Մանուկյանը։
Արմինե Մանուկյանը Արմինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գործատուների համար այս համակարգը շատ առավելություններ ունի, սակայն թե՛  նրանց, թե՛ ուսումնական հաստատությունների համար կա մեկ բաց. ուսանողներն աշխատավայրում կարող են պատահաբար վնասել այս կամ այն սարքավորումն ու այս դեպքում ապահովագրությունը չի փոխհատուցում դրա նորոգման ծախսերը: Հարցը կարգավորելու համար, սակայն, քայլեր են ձեռնարկվում:

Հայաստանի Հանրապետությունում դուալ կրթական մոդելի ներդրմանն աջակցում են «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) եւ ՄԱՎԵՏԱ ծրագրերը:
 
*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում
Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
 
*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:
 
ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:
 
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
 
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) եւ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի եւ Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները` Գեւորգ Ղազարյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին