«Զբոսաշրջությունը՝ հզոր գործիք». քննարկվել է դուալ կրթական մոդելի կիրառումը - Mediamax.am

exclusive
2832 դիտում

«Զբոսաշրջությունը՝ հզոր գործիք». քննարկվել է դուալ կրթական մոդելի կիրառումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Բաբայանը
Արամ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Պողոսյանը
Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Մինասյանը
Մարիամ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Հակոբյանը
Մարինե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեխակ Ապրեսյանը
Մեխակ Ապրեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թագուհի Ղազարյանը
Թագուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դուալ կրթական մոդելի փորձնական ներդրումը Երեւանի պետական հումանիտար քոլեջում սկսվել է 2017թ.-ից: Մինչ այդ էլ, սակայն, ուսումնական հաստատությունում կարեւորել են գործնական ուսուցումն ու արել ամեն բան, որ ուսանողը սովորի աշխատելով:

Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու բազմաթիվ գործատուների հետ՝ քոլեջն աշխատանքի վրա հիմնված ուսուցման, դուալ կրթության ոլորտում մեծ փորձ է կուտակել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն կիսելու, գործընկերներին լսելու ու ոլորտի բոլոր օղակներին միավորելու նպատակով քոլեջը կազմակերպել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման հնարավորություններն ու մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով կոնֆերանս: Դրա ընթացքում հրավիրված պետական, մասնավոր ու կրթական կառույցները խոսել են հատկապես զբոսաշրջության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարեւորության մասին, բարձրացրել խնդիրներ ու միասին փնտրել դրանց լուծումները:

Մեդիամաքսը ներկա է եղել կոնֆերանսի բացմանը:

«Իրական ուժ ենք եւ կարող ենք աջակցել միմյանց»

Մարինե Հակոբյան, Երեւանի պետական հումանիտար քոլեջի Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, կրթության փորձագետ

Այս միջոցառումն ի սկզբանե նախատեսված էր զբոսաշրջություն դասավանդող կառույցների համար, որպեսզի հանդիպենք ու կարողանանք ամբողջացնել վերջին տարիներին կատարված աշխատանքը: Այսօր այստեղ ենք հրավիրել 18 քոլեջի ներկայացուցիչների՝ Հայաստանի տարբեր մարզերից, որպեսզի կիսվենք Հումանիտար քոլեջի փորձով, լսենք նրանց փորձի մասին, վեր հանենք ու լուծենք եղած խնդիրները: Այս կառույցներից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ կիրառել է դուալ կրթական մեթոդը կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, բայց երբեք չենք նստել միասին՝ հասկանալու՝ ինչով կարող ենք աջակցել միմյանց: Կոնֆերանսի առաջնային նպատակը հենց այս գործընկերային մթնոլորտի ստեղծումն է:

Բացի այդ, հրավիրել ենք բոլոր այն կառույցների ներկայացուցիչներին, որոնք մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների նախաձեռնողներն ու առաջ մղողներն են՝ ԿԳՄՍ նախարարություն, GIZ, ինչպես նաեւ՝ մեզ հետ ակտիվ աշխատող գործատուներ:  
Մարինե Հակոբյանը Մարինե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր այստեղ են մարզային քոլեջների ներկայացուցիչներն ու համոզված եմ՝ բոլորս հնարավորություն ունենք մարզերում ավելին անելու: Լինում է, երբ խոսում ենք այս կամ այն մարզում զբոսաշրջության զարգացման մասին ու ի պատասխան լսում՝ «մեր մարզում տուրիստական գործակալություն չկա, չենք կարող զարգացնել զբոսաշրջությունը», սա այն դեպքում, որ տվյալ մարզում կան արգելոցներ, թանգարաններ, հնավայրեր, հյուրատներ ու անհրաժեշտ այլ ենթակառուցվածք: Մարզերում դժվար է նաեւ ոլորտի գիտակ, որակյալ, երիտասարդ կադրեր գտնել ու այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն կրթական ճիշտ մոտեցման դեպքում: Այս բոլոր հարցերի մասին է, որ խոսելու ենք, կիսվելու ենք յուրաքանչյուրս մեր փորձով, ասելու ենք, որ իրական ուժ ենք ու կարող ենք աջակցել միմյանց: Հրավիրել ենք նաեւ 3 բուհերի ներկայացուցիչների, այստեղ են Տուրիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

«Մասնագիտական կրթությունը շատ կարեւոր է Հայաստանի համար»

Թագուհի Ղազարյան, ԱԺ պատգամավոր

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ ու մեզ համար շատ կարեւոր է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կատարվող աշխատանքը: Կրթության զարգացման ռազմավարության մեջ նախանշել ենք միջին մասնագիտական կրթությամբ զբաղվող հաստատությունների եւ բիզնեսի ակտիվ համագործակցության մոդելների ներդրումն ու այս հարցով քննարկումներ են անցկացվում:
Թագուհի Ղազարյանը Թագուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամբողջ աշխարհում աշխատաշուկայի կադրերի մեծ մասը գալիս է քոլեջներից եւ ուսումնարաններից, այսինքն՝ աշխատուժի մեծ մասը միջին մասնագիտական կրթություն է ստանում եւ Հայաստանի համար եւս սա շատ կարեւոր է: Մենք պետք է ապահովենք աշխատաշուկան որակյալ կադրերով ու այս նպատակով կրթական ու բիզնես ոլորտների համագործակցությունը օգտակար կլինի Հայաստանի ապագայի համար:

«Փաստաթղթի ընդունումից առավել կարեւոր է դրա իրականացումը»

Արմենուհի Պողոսյան, ԿԳՄՍ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ

Նման հարթակները կարեւոր են գործընկերների, հատկապես՝ մասնավոր ոլորտի հետ երկխոսության տեսանկյունից, քանի որ հենց այս օղակն է մասնագիտական կրթության հենասյուներից մեկը: Աշխատաշուկան որակյալ մասնագետներով ապահովելու համար կրթական ծրագրերը պետք է իրականացվեն՝ հենվելով մասնավոր ոլորտի կարիքների վրա:

Ինչպես գիտեք, նախարարությունը նախաձեռնել է Կրթության զարգացման ծրագրի մշակումը, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Սրան զուգահեռ հիմա կառավարությունում է մեկ այլ կարեւոր փաստաթուղթ՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքը: Այս երկու փաստաթղթում արտացոլված են բոլոր այն բարեփոխումները, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում: Ուզում եմ առանձնացնել կարեւոր դրույթներ, որոնք տեղ են գտել այս փաստաթղթերում:
Արմենուհի Պողոսյանը Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր օրենքով ամրագրված է մասնավոր ոլորտի հետ համագործակցության ավելի լայն, ճկուն եւ «խաղացող» մեխանիզմների ներմուծումը: Կրթության զարգացման պետական ծրագրում եւս ընդգրկված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են մասնավոր հատվածի ներգրավմանն ու ինտեգրմանը մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտ: Այս միջոցառման կազմակերպումը լավ նախադեպ է ու հուսամ՝ շարունակական կլինի կրթական այլ հաստատությունների կողմից:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկխոսության նման հարթակները շատ կարեւոր են, որովհետեւ որքան էլ լավ փաստաթղթեր մշակվեն՝ օրենքի, կարգի կամ զարգացման ծրագրի տեսքով, ի վերջո այն տեղում իրականացնողներն ուսումնական հաստատություններն են: Եթե իրականացման մակարդակում չապահովվի անհրաժեշտ որակը, փաստաթուղթը կմնա ուղղակի փաստաթուղթ:

«Ցանկանում ենք կիսվել մեր փորձով»

Մարիամ Մինասյան, Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն

Դեռ 2015թ.-ից Երեւանի պետական հումանիտար քոլեջը զբոսաշրջության ոլորտում կրթությունը սկսեց իրականացնել դուալ փորձարարական մոդելով: Կազմակերպելով այս կոնֆերանսը՝ ցանկացանք կիսվել տարիների մեր փորձով: Խոսելու ենք աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունքների, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության, դժվարությունների ու հաջողությունների մասին:
Մարիամ Մինասյանը Մարիամ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուսով եմ՝ քննարկումն ակտիվ կլինի ու դրա արդյունքում բոլորս կստանանք կարեւոր տեղեկություններ, ինչը կնպաստի առավել որակյալ մասնագետներ կրթելուն:

«Զբոսաշրջության ոլորտը մեծ ներուժ ունի»

Արամ Բաբայան , GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան ղեկավար

Սովորաբար նման քննարկումներ կազմակերպում են միջազգային կազմակերպություններն ու շատ ուրախ եմ, որ այս դեպքում կոնֆերանսի նախաձեռնությունը ոչ թե մեր կողմից է, այլ՝ կրթական հաստատության:

Կարծում եմ՝ ոլորտում կարող ենք առաջ շարժվել միայն իրար լսելու, եղած փորձը կիսելու դեպքում, հատկապես, եթե խոսում ենք դուալ կրթական ծրագրերի ներդրման մասին: Այստեղ միմյանց կարիքները ճիշտ հասկանալը շատ կարեւոր է:

Ինչպես գիտեք, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) 2017թ.-ից աջակցում է դուալ կրթական ծրագրերի ներդրմանը Հայաստանում ու աշխատում է ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ՝ կրթական հաստատությունների հետ: Մենք լավ տեղյակ ենք եղած մարտահրավերներին ու դժվարություններին:
Արամ Բաբայանը Արամ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետք է գիտակցենք, որ ցանկացած նոր ծրագրի ներդրում առաջին հերթին ենթադրում է մտածելակերպի փոփոխություն. մասնավոր կազմակերպության մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ պետք է կրթական գործընթացի մաս դառնա ու ստանձնի այդ պատասխանատվությունը: Այս ու նման այլ հարցերին պատասխանելու համար պետք է երկկողմանի մեծ աշխատանք, որպեսզի ձեւավորվի ընկալումը, որ կրթությունը համատեղ գործ է ու բխում է երկու կողմերի շահերից:

Եթե անդրադառնամ զբոսաշրջության ոլորտին, այս ուղղությամբ GIZ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հատկապես մարզերում: Որակյալ մասնագետների հարցն այդտեղ շատ ավելի սուր է եւ մենք պետք է լուծենք այն:

Ամենամեծ խնդիրներից մեկը հետեւյալն է՝ ինչպե՞ս մոտիվացնել դպրոցականներին, որ ընտրեն հենց այս մասնագիտական ուղղությունը: Կարեւոր է գիտակցել, որ աշխատանքը պետք է ոչ միայն հետաքրքիր ու գրավիչ լինի, այլեւ՝ ապահովի բավարար վարձատրություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Զբոսաշրջությունը ոլորտ է, որով ներկայացնում ենք մեր երկիրը Հայաստան եկող զբոսաշրջիկներին ու նրանց միջոցով՝ աշխարհին: Կարծում եմ՝ այն մեծ ներուժ ունի, որը շատ քիչ է օգտագործվում: Հիմա, օրինակ, մենք կենտրոնացած ենք հատկապես գինեգործության ոլորտի վրա՝ այն խթան դարձնելով ընդհանուր զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

«Զբոսաշրջությունը հզոր գործիք է»

Մեխակ Ապրեսյան, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Եթե ցանկանում ենք զբոսաշրջության ոլորտում ունենալ պահանջարկին համապատասխանող կադրեր, ապա շահագրգիռ բոլոր կողմերը պետք է մասնակցեն կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակմանն ու իրականացմանը:

Մենք պետք է կարողանանք օգտվել զբոսաշրջությունից, ոչ թե՝ վնասներ կրել:
Մեխակ Ապրեսյանը Մեխակ Ապրեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլորս գիտենք՝ զբոսաշրջությունը հզոր գործիք է ու կարող է լուծել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական խնդիրներ: Ճիշտ օգտագործելով այս գործիքը՝ կարող ենք խնդիրները լուծել հօգուտ մեզ: Սրա համար պետք է միասնական քաղաքականություն ունենալ:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին