«Մասնագիտական կրթության մասին» նոր օրենքը՝ դուալ կրթության ամրապնդման հիմք - Mediamax.am

exclusive
5464 դիտում

«Մասնագիտական կրթության մասին» նոր օրենքը՝ դուալ կրթության ամրապնդման հիմք


Արմենուհի Պողոսյանը
Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Պողոսյանը
Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Պողոսյանը
Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորա Սարգսյանը
Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորա Սարգսյանը
Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորա Սարգսյանը
Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2017թ.-ից Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում (ՄԿՈՒ) սկսվել է դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը: Այն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձեւ է, որը ենթադրում է համաժամանակյա կրթություն երկու միջավայրում՝ ուսումնական հաստատությունում եւ իրական աշխատավայրում:  

Սրան զուգահեռ, ուսուցման դուալ ձեւը կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցումն առհասարակ, որեւէ կերպ ամրագրված չեն ոլորտի ներկայիս օրենսդրությունում: Այնպես որ, դուալ կրթական մոդելը փորձնականից ավելի ամուր հիմքի վրա դնելու համար անհրաժեշտ է նախ փոխել օրենսդրությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու ոլորտի փորձագետների համատեղ ջանքերով մշակվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքի նախագիծը: Այն արդեն քննարկվել է շահագրգիռ տարբեր օղակներում, ներկայացվել կառավարություն:

ԿԳՄՍ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն ու GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի իրավաբան Նորա Սարգսյանը Մեդիամաքսին պատմել են նոր օրենքի հիմնական դրույթների մասին:

Նորա Սարգսյան

Ի՞նչ է մասնագիտական կրթությունն ու ուսուցումը (ՄԿՈՒ)

Շատերի համար անհասկանալի է՝ ինչ է մասնագիտական կրթությունը: Սա 9-րդ դասարանի հիմքի վրա մատուցվող կրթությունն է, որով անձը ստանում է կա՛մ արհեստավորի, կա՛մ մասնագետի որակավորում: Արհեստավորի դեպքում ուսուցումը կարող է տեւել 6 ամսից 3 տարի, միջին մասնագիտական կրթական ծրագրի (մասնագետի) դեպքում՝ 10 ամսից 5 տարի: ՄԿՈՒ-ն կարեւոր օղակ է, քանի որ հենց այս կրթական բլոկն է սպասարկում տնտեսությունն ու ապահովում այն անհրաժեշտ կադրերով:

Նորա Սարգսյանը Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետխորհրդային շրջանում հասարակության շրջանում առավել տարածված դարձավ բարձրագույն կրթությունն ու մասնագիտական կրթությունն իր երկու մակարդակով՝ միջին մասնագիտական ու արհեստագործական, ցավոք, երկրորդական դերում հայտնվեց: Արդյունքում այսօր շատ ոլորտներում գործատուները չեն կարողանում որակյալ մասնագետներ գտնել ու դրան զուգահեռ ունենք տասնյակ շրջանավարտներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել, սակայն չեն գտնում իրենց տեղն աշխատաշուկայում: Պահանջարկի ու կրթական հաստատությունների առաջարկի միջեւ կա լուրջ ճեղքում:

Հաշվի առնել եռանկյունու բոլոր կողմերի կարիքները  

Միջին մասնագիտական կրթությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի: Բազմաթիվ զարգացած երկրներում տնտեսությունը հենվում է հենց այս կրթական ծրագրերի վրա: Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) դեռ 2017թ.-ից Հայաստանում աշխատել է այս ուղղությամբ՝ փորձելով նվազեցնել աշխատաշուկայի ու կրթության միջեւ եղած ճեղքումը: Ոլորտում իրականացրել ենք բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հիմնված են գերմանական դուալ կրթության մոդելի վրա: Արդյունքում կուտակել ենք զգալի փորձ, տեսել ենք՝ ինչ խնդիրների են բախվում գործատուն, կրթական հաստատությունն ու ուսանողը: Այսինքն, տեսել ենք այս եռանկյունու երեք կողմերի խնդիրներն ու համագործակցելով պետական մարմինների հետ՝ հասկացել, որ ոլորտը նախ պետք է կանոնակարգել ու դնել ճիշտ ուղղության վրա՝ որքան էլ սա բարդ ու տեւական գործընթաց չլինի: Ցանկացած պետական քաղաքականության իրականացման մեջ առաջին քայլն օրենսդրական փոփոխություններն են, այսինքն՝ օրենքը պետք է պետության առջեւ դնի խնդիր, նպատակ, պահանջ՝ այս կամ այն ոլորտում առաջ շարժվելու: «Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասին» գործող օրենքն ընդունվել է դեռ 2005թ.-ին, իսկ ոլորտում այս ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել, որն արտացոլված չէ դրանում: Սկզբում կարծում էինք՝ հնարավոր կլինի փոփոխել առկա օրենքը, բայց բազմաթիվ քննարկումներից հետո եկանք եզրակացության, որ կոսմետիկ փոփոխությունները բավարար չեն ու պետք է նոր օրենք մշակել:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքի նախագիծը ծավալուն փաստաթուղթ է, որը թիրախավորում է մասնագիտական կրթության ամբողջ օղակը՝ բոլոր խնդիրներով: Այս օրենքից բացի, ոլորտի լիարժեք կանոնակարգման համար փոփոխություններ են իրականացվելու նաեւ հարակից մի շարք օրենքներում, օրինակ՝ «Կրթության մասին» օրենքում ու Աշխատանքային օրենսգրքում, քանի որ մասնագիտական կրթության տրամադրումը սերտորեն կապված է աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման հետ: Մեզ համար կարեւոր էր, որ բոլոր փոփոխություններն ընկալելի ու ընդունելի լինեն ոլորտի, օրենքի շահառուների կողմից, քանի որ հենց իրենք են իրականացնելու այն՝ ինչ գրված է թղթին: Իհարկե, կարող էինք վերցնել զարգացած երկրների մոդելներ ու հենվելով դրանց վրա՝ օրենքի նախագծում վերամբարձ բաներ գրել, բայց հասկանում էինք՝ Հայաստանը նման ռեսուրս չունի: Գուցե, շատերի համար նոր օրենքը «երկնքից աստղեր չի իջեցնում», բայց այն համապատասխանում է մեր հնարավորություններին, նպատակներին ու ամենակարեւորը՝ հաշվի է առնում վերեւում նշածս եռանկյունու բոլոր կողմերի կարիքներն ու շահերը:   

Նոր օրենքի հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է

Նոր օրենքի մշակման ուղղությամբ աշխատում ենք 2020թ. դեկտեմբերից: Այս հարցում մեր սերտ գործընկերն է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու ոլորտն առաջ մղելու պատրաստակամությունը եկել է հենց իրենցից: Նախ մշակվել է հայեցակարգ, իրականացվել են տասնյակ քննարկումներ մասնագիտական կրթության բոլոր օղակների հետ, որից հետո հայեցակարգը վերածվել է օրենքի նախագծի: 2021թ.-ից առ այսօր նախագծի կատարելագործման փուլում ենք:
Նորա Սարգսյանը Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր օրենքով նախատեսված փոփոխությունների առանցքում կրթության կազմակերպման ձեւն է, որը ժամանակակից ընկալման մեջ կոչվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Սա նշանակում է, որ ուսումնառության գործընթացը կազմակերպվում է կա՛մ իրական աշխատավայրում, կա՛մ դրան համապատասխանեցված միջավայրում: Այսինքն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ու տվյալ ոլորտի գործատուն պետք է համատեղ աշխատեն նոր մասնագետների պատրաստման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, ոչ բոլոր ոլորտներում ու բնակավայրերում կան գործատուներ, որոնք պատրաստ են մասնակցել ուսանողի կրթությանը: Այս դեպքում ուսումնական հաստատությունը կարող է իր տարածքում ստեղծել աշխատավայրին համապատասխանեցված միջավայր, օրինակ՝ գինեգործական լաբորատորիա, եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կազմակերպել այստեղ: Չնայած՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը (ԱՀՈՒ) մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում տարածված միտում է, Հայաստանում առ այսօր չկա դրա օրենսդրական սահմանումը:
Նոր օրենքում սահմանված կլինի ինչպես ԱՀՈՒ-ն, այնպես էլ՝ դրա կազմակերպման ձեւերը:  

Դուալ կրթություն, պրակտիկա եւ աշխատանքի ընթացքում ուսումնառություն

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ընդունված ու աշխարհում ամենատարածված մոդելը դուալ կրթությունն է: Սա լավագույն ուղին է, որ մասնագիտական կրթության ոլորտում կարող է ընտրել պետությունը:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է՝ բոլոր ոլորտներում չէ, որ Հայաստանում հնարավոր է կազմակերպել դուալ կրթություն, առավել եւս՝ այս համակարգին հնարավոր չէ անցնել միանգամից: Սա է պատճառը, որ օրենքի նախագծում նշել ենք աշխատանքի վրա հիմնված ուսուցման այլ ձեւեր եւս: Դրանցից մեկը պրակտիկան է: Եթե դուալ կրթության պարագայում ուսանողը կրթական ծրագրի գերակշիռ մասն անցկացնում է աշխատավայրում, ապա պրակտիկայի դեպքում հնարավոր է զուգակցել կրթությունն ուսումնական հաստատությունում եւ աշխատավայրում՝ շաբաթական մեկ-երկու օր անցկացնելով գործատուի մոտ:
Նոր օրենքով ամրագրված ԱՀՈՒ երրորդ ձեւն աշխատանքի ընթացքում ուսուցումն է: Օրինակ՝ շատերը վարսավիրական գործ սովորելու համար գնում են վարսավիրի մոտ ու աշխատում որպես նրա աշակերտ, նույնը զոդողի ու մի շարք այլ մասնագիտությունների դեպքում: Այսպիսով, նոր օրենքով ամրագրված աշխատանքի վրա հիմնված ուսուցման երեք ձեւերն են՝ դուալ կրթությունը, պրակտիկան եւ աշխատանքի ընթացքում ուսումնառությունը:

Գործատուն՝ կրթական գործընթացի մասնակից

Դուալ կրթական համակարգի ներդրման հետ կապված գործընթացը կարեւոր է ոչ միայն ուսանողի ու պետության, այլեւ՝ գործատուների համար: Այսօր գործատուն հաճախ ստիպված է լինում նորից կրթել տարբեր ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ծախսել ժամանակ ու գումար: Սրանից, իհարկե, հնարավոր է խուսափել, եթե նա ի սկզբանե կրթության մաս լինի եւ սոցիալական գործընկերության կոնցեպտով ներգրավվի կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ ուսումնական ծրագրերի կազմումից մինչեւ վերջնարդյունքների ստուգում։ Առաջընթաց ունենալու միակ տարբերակը պետություն, մասնավոր հատված, կրթական հաստատություն սոցիալական գործընկերությունն է:
Մեծ անելիք կա նաեւ տարբեր ոլորտների շահերը ներկայացնող կազմակերպությունների՝ միությունների, ասոցիացիաների ստեղծման առումով: Հենց դրանք պետք է վերլուծեն ու վեր հանեն իրենց ոլորտների կարիքները, քանի որ պետությունը միայնակ չի կարող դա անել:
Նորա Սարգսյանը Նորա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մասնագիտական կրթության եւ ուսուցման» մասին նոր օրենքը դնում է այս ամենի հիմքերը: Իհարկե, օրենքի ընդունումից հետո ի հայտ են գալու բազմաթիվ դետալներ, որոնք արդեն պետք է կարգավորել ենթաօրենսդրական ակտերով: Գործընթացը շարունակական է լինելու:

Նոր օրենքի հիմնական դրույթներն ու փոփոխությունները հարակից օրենքներում

Դուալ կրթությունը սերտորեն կապված է աշխատանքային իրավահարաբերությունների հետ, հետեւաբար՝ կարիք կար փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:

Դուալ կրթության դեպքում գործ ունենք անչափահասների հետ, իսկ ՀՀ ներկայիս աշխատանքային օրենսդրությունը կտրուկ արգելում է ներգրավել անչափահասին վտանգավոր աշխատանքներում: Ստացվում է, եթե երեխան ստանում է զոդողի մասնագիտություն, այսօրվա օրենսդրությամբ չի կարող դա անել աշխատանքի վրա հիմնված ուսուցմամբ, քանի որ զոդողի մասնագիտությունը վտանգավոր է: Նույնն, օրինակ, գինեգործի կամ բարմենի դեպքում, քանի որ անչափահասը չի կարող աշխատել ալկոհոլի հետ:

Փոփոխությունների մյուս բլոկը վերաբերում է ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեության հնարավորությանը: Նշեցի, որ քոլեջը կարող է իր տարածքում ունենալ իրական աշխատատեղին նմանեցված տարածք, որտեղ ուսանողները որեւէ բան, օրինակ՝ գինի կարտադրեն: Հարց է առաջանում՝ ի՞նչ անել այդ գինու հետ: Չնայած՝ ներկա օրենսդրությունը չի արգելում դրա վաճառքը, ուսումնական հաստատությունները հիմնականում խուսափում են դրանից: Նոր օրենքում այս դրույթն ամրագրված կլինի ու թույլ կտա ուսումնական հաստատությանը վաճառել ուսանողների կողմից արտադրված ապրանքը՝ ստացած շահույթն ուղղելով հաստատության զարգացմանը:

Օրենքում ամրագրված է նաեւ ՄԿՈՒ հաստատությունների անցումը կրեդիտային համակարգին, կան դրույթներ այս հաստատությունների կառավարման, ֆինանսավորման, լիցենզավորման, մանկավարժների վերապատրաստման վերաբերյալ:

Արմենուհի Պողոսյան

«Մեր նպատակն է, որ նոր օրենքն ընդունվի այս տարի»

Դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումն ու մասնագիտական կրթության մասին նոր օրենքի նախագծի վրա աշխատանքը պետություն-միջազգային կազմակերպություն համագործակցության լավ օրինակ է: Դուալ համակարգի փորձնական ներդրման արդյունքում արված բոլոր դիտարկումները ցույց են տվել, որ այն ՄԿՈՒ ոլորտում բավականին արդյունավետ է ու դրական է ազդում շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների, կրթության որակի վրա: Պակաս կարեւոր չէ, որ այն նպաստում է սոցիալական գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը, քանի որ պետությունն ու գործատուները համատեղ են կրթում աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներին:
Արմենուհի Պողոսյանը Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միեւնույն ժամանակ, դուալ համակարգի ներդրումը չէր կարող հավերժ մնալ փորձնական փուլում ու այն ավելի կայուն հենքի վրա դնելու, կրթական ամբողջ համակարգում տարածելու համար պետք էին օրենսդրական հիմքեր: Հենց այստեղից էլ ծնվեց նոր օրենքի անհրաժեշտությունը: Դրա նախագծի վրա աշխատելիս GIZ աջակցությամբ կազմակերպվեցին 20-ից ավելի քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի, թեմատիկ կառույցների հետ:Նախագիծը դրվեց հանրային քննարկման ու շրջանառվեց տարբեր գերատեսչությունների միջեւ: Բոլոր կարծիքները հավաքելուց հետո այն ներկայացրեցինք կառավարություն, ստացանք դիրքորոշում ու այն հաշվի առնելով՝ լրամշակված տարբերակը նորից ներկայացրեցինք կառավարություն: Սպասում ենք վերջնական արձագանքի, ինչից հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան: Մեր նպատակն է, որ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման» մասին նոր օրենքն ընդունվի այս տարի:
Արմենուհի Պողոսյանը Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայում գործող «Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության» մասին օրենքը մշակվել է գրեթե 20 տարի առաջ: Բնականաբար, այս ընթացքում տնտեսությունն ու աշխատաշուկան բավականին փոխվել են, եւ պետք էր փոխել նաեւ օրենսդրությունը՝ այն դարձնելով առավել ճկուն ու համապատասխան ուսանողների, գործատուների, պետության կարիքներին: Նոր օրենքը գաղափարապես ավելի ընդգրկուն է ու համահունչ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Մասնագիտական կրթությունը՝ տնտեսության հիմք

Երբ խոսում ենք մասնագիտական կրթության գրավչության բարձրացման մասին հասարակությունում, բնականաբար, չենք ցանկանում նվազեցնել բարձրագույն կրթության կարեւորությունը. այն իր կայուն տեղն ունի: Պարզապես ամբողջ աշխարհում հենց միջին մասնագիտական կրթությունն է տնտեսության հիմքը, քանի որ այս կրթական օղակում պատրաստվող կադրերն անմիջապես համալրում են աշխատաշուկան ու տալիս իրական արդյունք:
Արմենուհի Պողոսյանը Արմենուհի Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարող եմ ասել, որ վերջին տարիներին իրականացվող աշխատանքի արդյունքում մասնագիտական կրթության գրավչության բարձրացման առումով կա դրական փոփոխություն: Կան ոլորտներ, որոնցում որակյալ մասնագետի մոտ հերթեր են գոյանում եւ նա բավականին լավ վարձատրվում է: Սա չափազանց կարեւոր, քանի որ, ի վերջո, աշխատաշուկայում իր տեղը գտնելուց բացի, մասնագետը պետք է պատշաճ կերպով վարձատրվի:

ՄԿՈՒ ոլորտում այս փոփոխությունների նպատակն է աշխատաշուկա ուղարկել երիտասարդ, որակյալ, հմտություններ ունեցող, դաստիարակված ու հայրենասեր կադրեր:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին