Դուալ կրթություն. Սովորել աշխատելով - Mediamax.am

exclusive
4743 դիտում

Դուալ կրթություն. Սովորել աշխատելով


Արամ Բաբայանը
Արամ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժաննա Անդրեասյանը
Ժաննա Անդրեասյանը

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Արամ Բաբայանը
Արամ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգամ Դովլաթյանը՝ կենտրոնում
Արգամ Դովլաթյանը՝ կենտրոնում

Լուսանկարը` Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջ

Արթուր Փոքրիկյանը
Արթուր Փոքրիկյանը

Լուսանկարը` Ծովինար Սիրեկանյան


«Աշխատանքային փորձը պարտադիր է» արտահայտությունը բազմաթիվ սկսնակ մասնագետների համար ամենամեծ մարտահրավերներից է: Թվում է՝ փակ շղթա է. սովորում ես այս կամ այն ուսումնական հաստատությունում, մասնագիտություն ստանում, իսկ մասնագիտությամբ աշխատելու համար քեզնից աշխատանքային փորձ են պահանջում: Մյուս կողմից, ինչ-որ առումով հասկանալի է նաեւ գործատուի դիրքորոշումը. մի բան է ուսումնական հաստատությունում ստացած տեսական գիտելիքը, մեկ այլ բան՝ գործնականում այն կիրառելու ու խնդիրներին դիմակայելու հմտությունը:

 

Փակ շղթայից դուրս գալու միակ տարբերակն այս իրավիճակում գործատուների՝ մասնավոր ընկերությունների ու կրթական հաստատությունների համագործակցությունն է: Մասնավոր հատվածը հուշում է՝ ինչպիսի մասնագետների կարիք կա ու մասնակցում է այդ մասնագետներին պատրաստելու գործընթացին: Կրթական այս մոդելը կոչվում է «դուալ»  ու կիրառելի է միջին մասնագիտական կրթության դեպքում:

 

Հայաստանում դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը սկսվել է 2017թ.-ից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համագործակցությամբ: Այժմ դուալ կրթության զարգացմանն է ուղղված նաեւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից պատվիրակված «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը:

 

Կրթություն՝ երկու միջավայրում

 

Դուալ կրթությունը նախատեսում է ուսումնական գործընթաց երկու վայրում՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունում (քոլեջում) եւ ոլորտի գործող ընկերությունում: Ավելի պարզ՝ եթե կրթություն եք ստանում, օրինակ, գինեգործության ոլորտում, ապա ամբողջ ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու եք լսարանում՝ ստանալով տեսական գիտելիքներ, մյուս մասը՝ որեւէ գինեգործարանում՝ անձամբ մասնակցելով գինու պատրաստմանը: Դուալ կրթության դեպքում, ի տարբերություն կրթական պրակտիկաների կամ փորձնակության ծրագրերի, գործնական գիտելիքներ ստանալու ժամանակահատվածը սահմանափակված չէ մեկ շաբաթով կամ մեկ ամսով: Գործնական մասն ամբողջ կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչն է, եւ ուսանողը սովորում է աշխատելով:   

 

«Դուալ կրթական մոդելի նպատակն է ապահովել մասնավոր հատվածի ու կրթական ոլորտի միջեւ կայուն ու արդյունավետ համագործակցությունը, որպեսզի բավարարվի որակյալ կադրերի պահանջարկը: Մասնավոր ընկերություններն ի սկզբանե ներգրավված են թե՛ ուսումնական ծրագրերի մշակմանը, թե՛ բուն կրթական գործընթացին: Դուալ կրթական մոդելի տրամաբանությամբ ուսանողն ուսուցման ամբողջ ժամանակահատվածի 40 տոկոսն անցկացնում է քոլեջում կամ միջին մասնագիտական այլ հաստատությունում, իսկ 60 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ այս կամ այն մասնավոր ընկերությունում: Իհարկե, այդ աշխատանքի համար նա պետք է նաեւ վարձատրվի», - ասում է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան ղեկավար Արամ Բաբայանը:

 

Նրա խոսքով՝ ծրագրով դուալ կրթական համակարգն այժմ ներդրված է գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում: 2020թ.-ից աշխատանքներ են սկսվել նաեւ տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում, իսկ 2022թ.-ից մշակվում է կոշիկի, կաշվի եւ կահույքի արտադրության ռազմավարությունը:  

 

«Ակտիվ համագործակցում ենք պետական կառույցների, մասնավոր ասոցիացիաների, ընկերությունների խմբերի ու միավորումների հետ: Ծրագիրն անհատապես չի աջակցում այս կամ այն ընկերությանը, նպատակն է աջակցել ոլորտին: Շատ կարեւոր է ցույց տալ մասնավոր ընկերություններին՝ ինչու պետք է դուալ կրթության մաս դառնան: Այս ընկերությունները շահույթ հետապնդող կառույցներ են ու շատ նորմալ է, երբ առաջին հերթին գնահատում են օգուտը, որ կարող են ստանալ այս կամ այն ձեռնարկից: Որակյալ, աշխատանքը շատ լավ պատկերացնող աշխատակիցներ աճեցնելն ու հետագայում նրանց ընկերությունում պահելը հենց այն «շահն է», որ պետք է գրավի մասնավոր հատվածին», - ասում է Արամ Բաբայանը:  

Արամ Բաբայանը Արամ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրով հիմնական գործողություններն իրականացվում են Երեւանից դուրս: Նպատակը մարզերի համաչափ զարգացումն է: Առավել եւս, օրինակ՝ զբոսաշրջության կամ գինեգործության թիրախը հենց մարզերում է:

 

«Նույնիսկ ՏՏ մասնագիտությունների դեպքում ենք փորձում կենտրոնանալ ոչ թե մայրաքաղաքի, այլ Վանաձորի ու Գյումրիի վրա: Աշխատում ենք տեղի տեխնոպարկերում գործող ընկերությունների հետ», - ասում է Արամ Բաբայանը:

 

Նրա խոսքով՝ միջին մասնագիտական կրթության զարգացումը շատ կարեւոր է տնտեսության զարգացման համար: Սա հնարավորություն է ունենալ որակյալ աշխատուժ, որը մտնելով տնտեսություն՝ կսկսի արժեք ստեղծել.

 

«Միջին մասնագիտական կրթության դեպքում մենք հնարավորություն ունենք կրթել երիտասարդների, որոնք արդեն 19 տարեկանում շատ լավ կտիրապետեն այս կամ այն մասնագիտությանն ու կմտնեն աշխատաշուկա: Առ այսօր ծրագրով համագործակցել ենք 12-ից ավելի քոլեջի ու 60-ից ավելի մասնավոր ընկերության հետ: Դուալ կրթական մոդելով սովորած 600-ից ավելի շրջանավարտ ունենք, որոնց մոտ 30 տոկոսն անմիջապես աշխատանքի է անցել ընկերությունում, որտեղ կրթվել է»:

 

Դուալ կրթությունը գյուղատնտեսության ոլորտում

 

ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ աշխատում է նաեւ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը:  

 

Այն ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 

«ՄԱՎԵՏԱ ծրագրով նախատեսվում է շարունակել ՄԿՈՒ ուղղությամբ իրականացվող ռեֆորմները եւ դուալ կրթական համակարգը ներդնել գյուղատնտեսության մի շարք ուղղություններում՝ անասնաբուժություն, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային գործ, գյուղատնտեսական մեքենաներ, կաթնաֆերմայի կառավարում եւ պտղատու այգիների այգեգործություն», - ասում է Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը:

 

Նրա խոսքով՝ դուալ կրթական համակարգը բավականին զարգացած է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում: Այստեղ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում սովորող ՄԿՈՒ ուսանողները շաբաթական 1-2 օր անցկացնում են միջին մասնագիտական կրթական հաստատությունում, իսկ մյուս օրերը՝ ֆերմաներում:

Արթուր Փոքրիկյանը Արթուր Փոքրիկյանը

Լուսանկարը` Ծովինար Սիրեկանյան

«ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է նաեւ դուալ կրթությունը Հայաստանում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ՝ բարելավելով օրենքներն ու կարգավորումները՝ դրանք առավել համահունչ դարձնելով դուալ կրթական մոդելի պահանջներին ու սկզբունքներին», - ասում է Արթուր Փոքրիկյանը:

 

Պետական մոտեցում՝ դուալ կրթությանը

 

Դուալ կրթության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում նաեւ ՀՀ կառավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներդրված ծրագրերի դրական փորձը թույլ է տալիս շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

 

«Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման եւ շարունակական զարգացման խնդիրը: Այսօր արդեն կարող ենք խոսել կուտակված դրական փորձի եւ գոհացնող արդյունքների մասին: Բացի այդ, հանրային քննարկման է ներկայացվել մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին նոր օրենքի նախագիծը, որում ամրագրված են դուալ կրթության ներդրման իրավակարգավորումները», - ասում է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը Ժաննա Անդրեասյանը

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Նրա խոսքով՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) դուալ կրթության ներդրման հարցում ԿԳՄՍ նախարարության վաղեմի եւ արդյունավետ գործընկերն է: Կարեւոր է նաեւ համագործակցությունը մասնավոր ոլորտի ընկերությունների հետ.

 

«Պետական ու մասնավոր կառույցների միջեւ համագործակցությունը դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ: Դրանք պետք է հաղթահարենք մասնավոր հատվածի հետ աշխատելու արդյունավետ մեխանիզմներ, համագործակցության նոր ձեւաչափեր գտնելու ճանապարհով: Տնտեսվարողները եւ գործատուները ՄԿՈՒ ոլորտի մեր հիմնական գործընկերներն են, առանց որոնց այս ոլորտը չի կարող զարգանալ: Պատրաստ ենք նաեւ համարձակ լուծումների: ՄԿՈՒ

հաստատություններում կառավարման նոր մոդելների փորձարկման անհրաժեշտություն ենք տեսնում: Օրենսդրական հիմքեր ենք ստեղծում մասնավորի կողմից եւ այս ոլորտի ընկերությունների մասնակցությամբ կառավարման մոդելների մշակումը քննարկելու համար»:  

 

«Դուալ կրթական մոդելի շրջանավարտներից շատերն աշխատում են առաջատար գինեգործարաններում»

 

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում դուալ կրթական համակարգը փորձարկվում է 2018թ.-ից: Առ այսօր գինեգործություն մասնագիտությամբ դուալ կրթություն է ստացել 3 սերունդ՝ մոտ 40 շրջանավարտ:

 

 

«Այս կրթական մոդելը հետաքրքրում է նաեւ գինեգործարաններին, քանի որ սա հետագայում որակյալ աշխատակիցներ ունենալու լավ հնարավորություն է: Ի սկզբանե դուալ կրթական մոդելով մեզ հետ համագործակցում էր երեք գինեգործարան, ինչից հետո հետաքրքրություն առաջացավ նաեւ մյուսների մոտ», - ասում է քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը:

Արգամ Դովլաթյանը՝ կենտրոնում Արգամ Դովլաթյանը՝ կենտրոնում

Լուսանկարը` Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջ

Նա նկատել է, որ դուալ կրթություն ստացող ուսանողներն առավել ակտիվ են ու հետաքրքրված իրենց ընտրած մասնագիտությամբ: Նրանք ուսումնառության փուլից տեղյակ են ոլորտային խնդիրներին ու դրանց համար առավել նորարար լուծումներ են առաջարկում:

 

Արգամ Դովլաթյանի խոսքով՝ դուալ կրթական մոդելի շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են մարզի առաջատար գինեգործարաններում:  

 

*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում

Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

 

*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին