Ռուբեն Վարդանյան. Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը - Mediamax.am

3141 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից»:

«ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում՝ որոշումն ընդունված է, որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետեւ նա դրա իրավունքը չունի: Կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի նման որոշում կայացնելու։

 

Գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, եւ նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին»,- «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն եւ կպահանջեն հանրաքվե.   

 

«Ե՛վ Ազգային ժողովը, եւ՛ հանրապետության ղեկավարությունը, եւ՛ ամբողջ ժողովուրդը համերաշխ է այն հարցում, որ նման որոշում կայացնելու իրավունք ունի միմիայն Արցախի ժողովուրդը եւ լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, որը եւս չի կարող միանձնյա որոշում կայացնել, այլ միայն Արցախի ժողովրդի հետ համատեղ»:

 

Նա նշել է, որ պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. «Նա չի գիտակցում, որ իր ասածը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլեւ դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար է լինելու կանգնեցնել։ Այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետեւանքների Արցախում ապրող մարդկանց, ինչպես նաեւ Հայաստանի համար։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը»:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ դերակատարում է ունեցել եւ ունի Հարավային Կովկասում։

 

«Ինչպես եւ մյուս խաղացողները, որոնք այստեղ ակտիվ ներկայություն ունեն՝ առաջին հերթին Իրանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը։

 

Այստեղ մեծ շահերի բախում կա, խոշոր երկրների միջեւ մեծ խաղ է ընթանում։ Համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն կհասկացնենք բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, եւ այստեղ հայեր չեն ապրելու:

 

Մենք հասկանում ենք, որ հարեւաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն: Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու»,- շեշտել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին