Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում - Mediamax.am

2546 դիտում

Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա պետք է տեղի ունենա զորքերի հայելային հետքաշումը սահմանագծից»:

«Մեր կարծիքով՝ սա կայունության ապահովում կնշանակի: Այս խնդիրը ձեւակերպված է նաեւ միջազգային հանրության կողմից, իսկ Ադրբեջանի դիրքորոշման հարցում որեւէ փոփոխություն դեռ չկա:

 

Կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւոր մաս է: Ադրբեջանը շարունակում է ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում:

 

Զորքերի հայելային հետքաշումը չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այսինքն՝ դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է»,- մամուլիս ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ 1975 թվականի քարտեզը պիտի հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար, «քանի որ դա է ենթադրում նաեւ 2022 թվականին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու համար»:

 

Խոսելով առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին՝ Նիկոլ Փաշինյանն իրատեսական չի համարել դրա ստորագրումը Մոսկվայի հանդիպմանը:

 

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է լինի հնարավորինս արագ, մենք ինտենսիվ ենք աշխատում այդ ուղղությամբ:

 

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի չորրորդ խմբագրումն է ուղարկել Ադրբեջանին, հիմա սպասում ենք իրենց արձագանքին: Հուսով ենք, որ այն կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է:

 

Եթե Ադրբեջանն այս շաբաթ փոխանցի իր արձագանքը եւ եթե տեսնենք, որ այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ ոչ, կարող է առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը»,- մանրամասնել է նա:

 

Ինչ վերաբերում է միջազգային երաշխիքներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «այսպիսի բարդ տարածաշրջանում երաշխավոր լինելը շատ մեծ պատասխանատվություն է»:

 

«Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են եւ, իրար հերթ չտալով, ուզում են այդ դերը ստանձնել։ Եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջեւ տեւական խաղաղություն հաստատելու անկեղծ ցանկություն կա, կարծում եմ՝ կլինեն երկրներ եւ կազմակերպություններ, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին