Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ ադրբեջանցիները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հենց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու գնալ Նախիջեւան:
«Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս՝ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի կապը: Մենք ամեն օր պատրաստ ենք ապահովել այդ կապը, Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք-հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Դեռ նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային եւ սահմանապահ ծառայությունների կետեր եւ Ադրբեջանին ասել ենք, որ իրենք սահմանված կարգով ցանկացած պահին այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով կառուցվող նոր ճանապարհներին՝ վարչապետն ասել է, որ եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ.
«Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից եւ գործարկումից հետո: Պաշտոնապես ասում եմ՝ այսօր Արդբեջանը մի քանի կետով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկություն իրականացնել Նախիջեւան: Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, թող գան, հատեն, գնան Նախիջեւան: Մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միայն Ղազախ-Իջեւան հատվածով չէ, նաեւ Ղազախ-Բերդ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի հատվածում կարող ենք ապահովել, Գորիսի հատվածում վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, ու այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, որ իրենք գան, ասեն, որ ուզում են հատել, ու մենք խոչընդոտենք: Բայց էլի եմ ասում՝ սա պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Անդրադառնալով հայտարարության կետին, ըստ որի՝ պետք է ապահովվի ազատ տեղաշարժ, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, բայց դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա օրենսդրության շրջանցմամբ: Այս իրողությունները պետք է հստակ ու միջազգայնորեն արձանագրենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: