Բայդենի հայտարարության ռիսկերը Թուրքիայի համար. հայացք Եվրոպայից - Mediamax.am

2266 դիտում

Բայդենի հայտարարության ռիսկերը Թուրքիայի համար. հայացք Եվրոպայից


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Carnegie Europe հիմնադրամի հրավիրված փորձագետ Մարկ Պիերինիի «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարության ավելի լայն համատեքստը» հոդվածից:

 

2020-ի նոյեմբերի 3-ից շատ առաջ պարզ էր, որ Բայդենի եւ Հարիսի վարչակազմը լինելու է սկզբունքային ՝ հիմնված ժողովրդավարության եւ արդարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա:

 

Ամերիկյան նոր վարչակազմի սկզբունքների արտացոլումներից մեկը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունն էր, որտեղ առնվազն հինգ անգամ կրկնվում է զոհերի հիշատակը հարգելու գաղափարը,  որպեսզի «զգոն լինենք ատելության կործանարար հետեւանքների դեմ»:

 

Ինչպես երեւում է Բրյուսելից, Բայդենի հայտարարությունը վկայում է Եվրամիության հետ հստակ մերձեցման մասին, որում «այլեւս երբեք» կարգախոսը 1950թ. մայիսի 9-ին Շումանի հռչակագրի ընդունումից ի վեր դարձել է հիմնարար սկզբունք:

 

Տարիքով եվրոպացիների աչքերում այս հայտարարությունը նաեւ յուրատեսակ ազդանշան է Ամերիկայի եւ Եվրոպայի ավելի երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր կարող են գայթակղվել եւ մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի վայրագությունների մասին: Այն հիշեցնում է Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ իրար հաջորդող առաջնորդների պատմական ժեստերը. 1958 թվականին Շառլ դը Գոլին այցելած Կոնրադ Ադենաուերը, 1970-ին Վարշավայում ծնկի իջած Ուիլի Բրանդտը, 1984-ին Դյումոնում միմյանց ձեռքերը բռնած Հելմուտ Քոլն ու Ֆրանսուա Միտերանը:

 

Ջո Բայդենի հայտարարությունը դժվար թե տպավորություն թողնի Թուրքիայի քաղաքացիների եւ քաղաքական գործիչների մեծ մասի վրա: Ընդհակառակը, ճնշող մեծամասնությունն անմիջապես մերժեց այն, իսկ Թուրքիայի նախագահը անվանեց հայտարարությունը «անհիմն, անարդար եւ սխալ»:

 

Բայդենի հայտարարության առաջացրած վրդովմունքը կարող է լինել կարճատեւ կամ երկարատեւ, սակայն Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը՝ հատկապես հանրապետության 100-ամյակի նախաշեմին: Անցյալի հետ առերեսվելը չափազանց բարդ գործընթաց է, որը կարող են իրականացնել միայն տվյալ երկրի ղեկավարներն ու քաղաքացիները: Օտարերկրացիները, ընդհանուր առմամբ, քիչ ազդեցություն ունեն դրա վրա:

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի սուր արձագանքը չի ստիպի ԱՄՆ-ին, եվրոպական շատ պետություններին կամ Ռուսաստանին փոխել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց տեսակետը: Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահն ասել էր, որ «այժմ մենք պետք է մի կողմ դնենք մեր տարաձայնությունները եւ տեսնենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»՝ նշելով առաջ շարժվելու պատրաստակամությունը:

 

Հետեւաբար, կարճաժամկետ հեռանկարում «համաձայնվեցինք չհամաձայնվել» բանաձեւը, հավանաբար, լավագույն լուծումն է: Վաշինգտոնի եւ Անկարայի քաղաքական երկխոսությունը կանցնի այլ կարեւոր թեմաների:

 

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, ըստ երեւույթին, կգերակշռեն անվտանգության խնդիրները, այլ ոչ թե անցյալի մասին հայտարարությունները: ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրը Թուրքիայի կողմից ռուսական արտադրության С-400 հրթիռների տեղակայման արդյունքում ստեղծված նոր իրավիճակն է:

Լուսանկարը` REUTERS

Չնայած Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռություն հաստատելու հարցում Անկարայի ազատության մասին բոլոր խոսակցություններին, դաժան իրողությունն այն է, որ С-400-ի գնումը Ռուսաստանի համար ապահովել է երեք հիմնական ռազմավարական առավելություն:

 

Նախ՝ այն կանխում է հարավային թեւում ամերիկյան Patriot հրթիռների մշտական տեղակայումը:

 

Երկրորդ՝ բացառում է Թուրքիայում մինչեւ 120 F35 «անտեսանելի» ինքնաթիռ տեղադրելու հնարավորությունը. 100 F35՝ ցամաքային հենակետերում, 20 F35b՝ Anadolu ուղղաթիռակրի վրա:

 

Երրորդ՝ պարտավորեցնում է ՆԱՏՕ-ին վերանայել իր ՀՕՊ ճարտարապետությունը, քանի որ այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերը կապված են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

 

Թուրքիայի համար, որի ռազմաօդային ուժերը կորցրեցին այսքան առաջադեմ անտեսանելի կործանիչները, իսկ ռազմական արդյունաբերությունը՝ միլիարդավոր դոլարներ ենթակապալառու բիզնեսում, դա հսկայական ձախողում է եւ ազդում է երկրի դիրքի վրա՝ որպես ռազմական տերության եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի:

 

Արեւմտյան Եվրոպայի եւ Ամերիկայի անվտանգության տեսանկյունից այս նոր իրավիճակն անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի հանդեպ վստահության զգալի կորստի, եւ Անկարան ստիպված կլինի հասնել որոշակի մերձեցման ամերիկյան վարչակազմի հետ, որի օրակարգում գերակշռում են սկզբունքները եւ ռազմավարական խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին