Փաշինյանն ու Լավրովը քննարկել են առաջնային խնդիրները - Mediamax.am

2885 դիտում

Փաշինյանն ու Լավրովը քննարկել են առաջնային խնդիրները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի գլխավոր հարցը հումանիտար կողմն է, Արցախի բնակիչների վերադարձը իրենց տներ։

«Արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարեւոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաեւ հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք եւ որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Մեր պատվիրակությունը ժամանել է Երեւան՝ Ձեր եւ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նա նշել է, որ խաղաղապահների դերակատարությանը կարեւոր է ոչ միայն անվտանգության ապահովման, այլեւ վերադարձող եւ հումանիտար օժանդակության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից։

 

«Միջգերատեսչական կենտրոնը, որն արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին