Փաշինյանը 15 կետով ճանապարհային քարտեզ է ներկայացրել - Mediamax.am

7344 դիտում

Փաշինյանը 15 կետով ճանապարհային քարտեզ է ներկայացրել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին:

«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»:

 

Նիկոլ Փաշինյանը ամենակարեւոր անելիքների՝ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ է ներկայացրել.

 

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

 

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:

 

3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:

 

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:

 

6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:

 

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:

 

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:

 

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

 

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

 

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

 

13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

 

14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

 

15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

 

«Այս ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում:

 

Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը եւ նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը եւ կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:

 

2021թ. հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով` որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ամփոփել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին