Լավրովը գնահատական է տվել հուլիսի սահմանային մարտերին - Mediamax.am

12195 դիտում

Լավրովը գնահատական է տվել հուլիսի սահմանային մարտերին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել, որ ս.թ. հուլիսի 12-ից 16-ը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ծավալված հակամարտության «հիմքում մի շարք պատճառներ էին»:

«Սահմանային հակամարտությունը 2016 թվականի ապրիլից հետո մեր միջնորդությամբ 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի

երկրորդ ամենածավալուն խախտումն էր: Առաջին անգամ 26 տարվա ընթացքում դաշտային հրետանու, ականանետերի եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մեծ ինտենսիվությամբ բախումներ էին ընթանում ոչ թե Ղարաբաղում շփման գծի վրա, այլ անմիջապես Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի հատվածներից մեկում:

 

Հիմքում մի շարք պատճառներ էին: Հիմնականը, բնականաբար, ԼՂ խնդրի չլուծված լինելն է: Սրան գումարվում է սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ տաքությունը: Որոշ իմաստով խթան հանդիսացավ նաեւ աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը վերագործարկել ադրբեջանական նավթամուղներից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին հսկիչ-անցագրային կետը առաջացրեց մի կողմի ընդգծված անհանգստությունը, մյուս կողմի չհիմնավորված պատասխան ռեակցիան եւ արդյունքում սկսվեց անկանխատեսելի հետեւանքներով դիմակայությունը», - ասել է Լավրովը «Տրուդ»-ին տված հարցազրույցում:

 

«Իրավիճակը կայունացնելու նպատակով ՌԴ ԱԳՆ-ն հուլիսի 13-ին դիմեց կողմերին եւ կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Ես հեռախոսային բանակցություններ ունեցա Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերներիս հետ, հանդիպեցի Ռուսաստանում գործող հայկական եւ ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը ամբողջ ընթացքում ուղիղ կապ էր պահպանում երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հետ: Արդյունքում, ռուսաստանյան ակտիվ միջնորդությամբ, թեեւ ոչ առաջին փորձից, հուլիսի 16-ին հասանք կրակի դադարեցմանը:

 

Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է: Սահմանին եւ շփման գոտում պահպանվում է հարաբերական անդորրը, նվազել են նաեւ փոխադարձ մեղադրանքները հանրային տիրույթում: Մենք ակնկալում ենք բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնում եւ այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ», - ասել է Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին