Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության հնգամյա ծրագիրը։
Մեդիամաքսն առանձնացրել է վարչապետի ելույթի առավել ուշագրավ հատվածները։
Արցախը, բանակցային գործընթացն ու կոնկրետ մեթոդները
Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում:
Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում այս ընթացքում եղել է մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը:
Ադրբեջանական կողմն ամեն անգամ բանակցային գործընթացում Արցախի ընդգրկվելու առաջարկներին եւ թեմաներին արձագանքում է հետեւյալ կերպ՝ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է եւ այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին: Ըստ էության, անգամ տեղի չի ունեցել մեկ բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի եւ մասնակցություն չունենա:
Ի՞նչպես: Մի պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ, հետեւաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից եւ հետեւաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը եւ Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաեւ այդ մարդկանց:
Մեր կառավարությունը շատ ուղիղ ասում է՝ մենք չունենք մանդատ եւ լիազորություն ներկայացնել Ղարաբաղը եւ Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը եւ Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում, հետեւաբար, Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում եւ չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով:
Սրա փոխարեն նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը եւ իրենք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում ներկայանալու: Ես այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ՝ իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետեւ ես տեսնում եմ շատ կոնկրետ ձեւեր եւ մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում:
Մենք հիմա այդ ձեւերի եւ մեթոդների քննարկման մեջ ենք, այդ մեթոդները կքննարկենք նաեւ միջազգային մեր գործընկերների հետ:
Մշակույթի, կրթության եւ իրականության կապը
Մենք մտադիր ենք նաեւ մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միավորել եւ դարձնել մեկ միասնական կառույց:
Սա նույնպես մեզ համար կարեւոր, սկզբունքային հարց է եւ մեզ համար ծրագրային թեզ է, որովհետեւ մենք ասել ենք եւ շարունակում ենք ասել, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրացվեն եւ ունենան ինստիտուցիոնալ զարգացումներ:
Եվ այդ զարգացումների մեջ մենք շատ կարեւոր ենք համարում մշակույթի, կրթության եւ իրականության կապը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Մեր կառավարության ծրագիրն ու քաղաքականությունն ուղղված է լինելու մշակույթը եւ մարդկանց միմյանց հետ կապելը, մշակույթի կիրառման, արծարծման միջոցով ՀՀ-ում միջանձնային, տնտեսական, քաղաքական հարաբերությունները փոխելը, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը:
Մշակույթը, մշակութային քաղաքականությունը մեզ համար ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը բարձրացնելն է: Եվ այս խնդիրն անհնար ենք համարում լուծել առանց մշակույթի ամենօրյա կիրառման, որովհետեւ մշակույթը մեզ համար առաջին հերթին մի միջոց է, որը պետք է նպաստի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ ընդհանրապես հայ հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացմանը, որն ինչպես արդեն իմ խոսքի նախորդ մասում ասացի՝ էական նշանակություն ունի Հայաստանում տնտեսական փոփոխություններ իրականացնելու առումով:
Իրական հակակոռուպցիոն մարմնի ստեղծում
Համակարգային կոռուպցիայի մեջքը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը եւ հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք:
Մենք պետք է ուժեղացնենք բոլոր այն լծակները, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի եւ ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության ոչ միայն պետական պաշտոնյաները, այլեւ պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ:
Մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետեւ մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, մենք այդպես պարտադրում ենք այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոնյա, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:
Սա, ըստ էության, մի գործիք է, որ երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը:
Եվ այս առումով ես չափազանց կարեւոր եմ համարում, որ Հայաստանում իսկապես ստեղծվի իրական հակակոռուպցիոն մարմին:
ՀՀ-ում օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
«Չմիջամտել դատական համակարգի գործերին»
Մեր կառավարությունն իր գործունեության վերջին 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախությունն ապահովելու առումով հասել է աննախադեպ հաջողությունների, այն առումով, որ կառավարությունը հստակ որդեգրել է եւ հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին:
Իհարկե, այս իրավիճակը նաեւ որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ հանրային ընկալման շրջանում:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Պետք է ՀՀ-ում լինի իշխանություն, որն ունենա քաղաքական կամք ապահովելու անկախ դատական համակարգի գործունեությունը, որն ուժ ունենա առերեսվելու երկրում անկախ դատական համակարգի գոյության հետ:
ՀՀ-ում հաստատված է այդպիսի կառավարություն եւ ՀՀ կառավարությունը չի շեղվելու այս ուղեգծից, որովհետեւ սա մեզ համար չափազանց կարեւոր եւ սկզբունքային հարց է:
Հայաստանի դատական համակարգը, ցավոք սրտի, սովոր է աշխատել որոշակի հրահանգավորման մեխանիզմների շրջանակում: Եվ այն պայմաններում, երբ առաջանում է վակուում՝ հիմնական ռիսկը հետեւյալն է, թե արդյոք կառավարության հրաժարումի պայմաններում չեն ձեւավորվում հրահանգավորման այլ մեխանիզմներ այլ տեղերից, իշխանության տարբեր օղակներից, իշխանությունից դուրս գտնվող օղակներից:
Սրանք ռիսկեր են, որոնք, իհարկե, ՀՀ կառավարությունը պետք է կառավարի, բայց ընդհանուր առմամբ, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգում տեղի են ունենում առողջացման գործընթացներ, ինչը չի նշանակում, որ ՀՀ դատական համակարգը գործում է անթերի եւ անսխալ, ինչը նշանակում է, որ ՀՀ դատական համակարգը գործում է նոր պայմաններում եւ խնդիր ունի ադապտացվել այդ նոր պայմաններին:
Սփյուռքի ներուժի քարտեզագրում
Կառավարությունը միտված է ՀՀ կառավարության կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն:
Սրա փոխարեն ՀՀ վարչապետի աշխատակազմում մենք կունենանք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից եւ հանձնարարությամբ կիրականացնի Սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաեւ վարչապետի հանձնարարությամբ կկոորդինացնի նախարարությունների աշխատանքը Սփյուռքի հետ հարաբերություններում, միեւնույն ժամանակ ապահովելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բավական բարձր եւ պատշաճ մակարդակ:
Բայց այս տրամաբանության մեջ մեր կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերություններում երկու խնդիր է դրել իր առաջ, որոնք ըստ էության, պետք է անվանել հեղափոխական: Առաջինը, որքան էլ զարմանալի լինի, մենք անկախության ձեռքբերման առաջին օրերից խոսելով Սփյուռքի ներուժի մասին՝ մինչ օրս չունենք Սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչեւ այսօր չգիտենք, թե որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի Սփյուռքը, ազդեցության ինչպիսի միջավայր եւ ծավալ:
Հետեւաբար, այս ամբողջ համակարգը բավարար չափով կազմակերպված չէ եւ եթե նկատել եք՝ կառավարության գործունեության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը:
Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամփոփ եւ կիրառելի ամենօրյա տեղեկատվություն, թե Սփյուռքի որ հատվածում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք եւ այդ պոտենցիալի հետ կառավարությունն ինչ համագործակցություն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Իհարկե, Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություններ եւ ծառայություններ ու մենք ամեն ինչ պետք է անենք դրանք պատշաճ մակարդակով ապահովելու համար:
«Երբեմն տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը»
Բնականաբար, իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, այսինքն՝ չի եղել երբեւէ՝ մինչեւ վարչապետ դառնալու օրը, մի դեպք, երբ որեւէ ուրիշ մեկն աշխատած լինի իմ ելույթի վրա, ինչ-որ պիտի ասեի, ես եմ ասել:
Բնականաբար, վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, որովհետեւ տարբեր առիթներ կան, երբ ինձ համար տեքստեր են գրում, որովհետեւ ես չեմ կարողանում անձամբ այդքան տեքստերը գրել եւ կարդալ: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ, եւ այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը:
Ու ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ այս տեքստը որ գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չե՞ն նկատել, տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվել: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ եւ գնար այդ միջոցառմանը, նույն տեքստն էր կարդալու:
Նույն տեքստը բերվում եւ տրվում է ինձ՝ ենթադրենք այդ հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Գուցե 3 օր դրած է այնտեղ, բայց ես ուղղակի ժամանակ չեմ ունեցել 3 օր առաջ դա նայել, գնալուց առաջ վերցնում, մեքենայի մեջ կարդում եմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: