Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ կառավարության կառուցվածքի քննարկումները վերջնականորեն ավարտվել են։
«Հայաստանում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախատեսվում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միավորել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ:
Տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն առանձին կգործեն՝ կգործի բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ:
Մշակույթի եւ սպորտի նախարարությունները կգործեն կրթության եւ գիտության նախարարության կազմում:
Կառավարության նոր կառուցվածքը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: