«Սասնա Ծռեր». «Հայաստանը հավատարիմ է մնում գաղութային ավանդույթին» - Mediamax.am

5169 դիտում

«Սասնա Ծռեր». «Հայաստանը հավատարիմ է մնում գաղութային ավանդույթին»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարությունն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը հավատարիմ է մնում նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին»:

Հայտարարության մեջ ասված է.

 

«2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների առաջարկած բանաձեւի նախագիծը՝ Ղրիմում, Սեւաստոպոլում, Սեւ եւ Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին:

 

Բանաձեւում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից եւ դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան:

 

Բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն:

 

Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը:

 

Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ եւ ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով:

 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է եւ զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռեւս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաեւ Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը:

 

Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որեւէ օկուպացիայի եւ ըստ էության լեգիտիմացնել այդ երեւույթը:

 

Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը եւ Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը:

 

Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով եւ, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական եւ արտաքին քաղաքական անհրաժեշտ հետեւություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին