Արմեն Սարգսյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ - Mediamax.am

2999 դիտում

Արմեն Սարգսյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «պատրաստակամ է հանդիպել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»:

Այս մասին ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

 

«Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

 

Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:

 

Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը:

 

Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

ՀՀ նախագահը կոչ է արել բոլորին՝ «ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվություն, խստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակից, դուրս չգալ պաշտոնական իրավասությունների շրջանակից»:

 

«Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:

 

Ցավոք, մենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու:

 

Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը:

 

Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին