Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անհամբերությամբ է սպասում հաջորդ շաբաթ Հայաստան կատարելիք իր պետական այցին:
Նիկոլա Սարկոզին այս մասին ասել է` Փարիզում հանդիպելով պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդման համաձայն, Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է եւ միշտ լինելու է նրա կողքին: Նա գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու եւ շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:
«Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ եւ անչափ կարեւորում ենք մեր երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ կապերը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության եւ մշակութային ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Զրուցակիցները կարեւորել են էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից եւ ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը:
ՀՀ նախագահը Փարիզում հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: