Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ 2017թ. գարնանը «իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները»:
Այդ մասին նախագահն ասել է դեկտեմբերի 28-ին՝ ելույթ ունենալով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
«Վստահ եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարեւոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան կոնսենսուս ձեւավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական եւ խորհրդատվական աջակցության համար:
Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: