ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն. 5 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
5924 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն. 5 հարց ու պատասխան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը Պրահայում 2009 թվականին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը Պրահայում 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS


2022 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «մեր ֆրանսիացի եւ ամերիկացի այսպես կոչված գործընկերները «չեղարկել են» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ հայտարարելով, որ չեն շփվելու մեզ հետ այս ձեւաչափով»։ 2022 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը «կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ»։

 

Լավրովի հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներն առանձին այցելեցին Երեւան։ Ու քանի դեռ հստակություն չկա, թե արդյո՞ք ողջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որոշեցինք վերհիշել բուն խմբի եւ նրա համանախագահության ձեւավորման  պատմությունը։

 

1. Ինչո՞ւ է կոչվում «Մինսկի խումբ»:

 

Թոմաս դե Վաալը իր «Սեւ այգի» գրքում գրում է.

 

«1992թ. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀԽ), որին այն ժամանակ անդամակցում էր 49 պետություն, սկսեց կայուն հետաքրքրություն դրսեւորել հակամարտության նկատմամբ: ԵԱՀԽ առաքելությունը, ականատեսներից մեկի հուշերով, ստեղծվել է «գրեթե պատահական»՝ 1992թ. հունվարի 31-ին Պրահայի հանդիպումներից մեկին ավարտին, երբ Խորհրդաժողովին անդամակցեց նախկին ԽՍՀՄ պետությունների մեծ մասը: Հանդիպումը մոտենում էր ավարտին, երբ բրիտանացի պատվիրակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու նոր անդամների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է ընթանում, եւ ԵԱՀԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել: Որոշվեց տարածաշրջան առաքելություն ուղարկել` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Կազմակերպության հաջորդ հանդիպմանը՝ մարտի 24-ին, որոշվեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ համաժողով հրավիրել, եւ Բելառուսի ներկայացուցիչն անսպասելի առաջարկեց այն կազմակերպել Մինսկում: Ոչ ոք չառարկեց: Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵԱՀԽ 9 անդամ-պետություններ համաձայնեցին մասնակցել այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի «ընտրված» եւ «այլ» ներկայացուցիչների (ձեւակերպումը ենթադրում էր ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների) հետ համատեղ: Այդպես էլ ծնվեց «Մինսկի համաժողովի» գաղափարը:

 

Հետագայում այդ հանդիպումը ռազմական գործողությունների սրման պատճառով այդպես էլ չկայացավ, սակայն անվանումը պահպանվեց: Մինսկի համաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին համանախագահը դարձավ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին, իսկ խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-ից 5-ը:

 

2. Ո՞ր երկրներն են ընդգրկված Մինսկի խմբում:  

 

Հայաստանը, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան (այնուհետ` Ֆինլանդիան): Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաեւ ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա եւ հաջորդ գործող նախագահներից:

 

Դիվանագիտական թեժ պայքար է ընթացել նաեւ այն հարցի շուրջ, թե որ երկրները պետք է ընդգրկվեն Մինսկի խմբի կազմում: Մասնավորապես, հայկական կողմը դեմ էր Թուրքիայի ներգրավմանը, ինչին բնականաբար կողմ էր Ադրբեջանը: Բաքուն, իր հերթին, չէր ցանկանում խմբում տեսնել Ֆրանսիային եւ Իտալիային` միաժամանակ առաջարկելով Մեծ Բրիտանիայի թեկնածությունը:

 

3. Ե՞րբ է ձեւավորվել Մինսկի խմբի եռանախագահությունը` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի:

 

Սկզբնական շրջանում Մինսկի խմբում առաջնային դեր էին խաղում ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ում նախագահող պետությունները:

 

1993թ. Մինսկի խմբի համանախագահն էր իտալացի Մարիո Ռաֆայելին, 1994թ.՝ շվեդ Յան Էլիասոնը: Ռուսաստանցի դիվանագետ (հետագայում Մինսկի խմբի համանախագահ) Վլադիմիր Կազիմիրովի հուշերով՝ այդ շրջանում ամենաակտիվը ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկան էր, «ակտիվ էին նաեւ թուրքերը, որոնք միանշանակ աջակցում էին Ադրբեջանին` անտեսելով Մինսկի խմբի անկողմնակալության սկզբունքը»:

 

1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

 

Եռանախագահություն ինստիտուտը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի, սկսեց գործել 1997թ. փետրվարի 14-ից:

 

4. Ի՞նչ մանդատ ունի Մինսկի խումբը:

 

Հատկանշական է, որ մանդատով օժտված են համանախագահները, սակայն ոչ Մինսկի խումբը՝ որպես ԵԱՀԿ ինստիտուտ: Վլադիմիր Կազիմիրովն իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում գրում է. «Շատերը դիտարկում են Մինսկի խումբը որպես իրողություն՝ տեղյակ չլինելով, որ ԵԱՀԽ-ում որեւէ որոշում Մինսկի խմբի ստեղծման մասին չի եղել, եւ այն որեւէ մանդատ չունի… 1995թ. հաստատվել են համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատները, սակայն Մինսկի խումբը, որպես այդպիսին, մանդատ չունի: Խմբի մասին կարելի է խոսել միայն փոխաբերական իմաստով»:

 

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը» բաժնում նշվում է. «Բուդապեշտի համաժողովի որոշման համաձայն` 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհում Մինսկի խմբի համանախագահներին` բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձեւավորելու համար, զինված հակամարտության դադարեցման մասին կողմերի համաձայնությունը ստանալու համար, ինչը անհրաժեշտ է Մինսկի համաժողովը հրավիրելու համար, եւ խաղաղ գործընթացի աջակցությունը` ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Մինսկի գործընթացը կարող է հաջողությամբ ավարտված համարվել, եթե այս բոլոր քայլերն իրականացվեն»:

 

Մանդատում մատնանշված են 15 քայլեր եւ գործողություններ, որոնք համանախագահները «լիակատար հավասարության եւ անաչառության» սկզբունքների հիման վրա պետք է իրականացնեն հակամարտության հանգուցալուծման համար:

 

5. Ի՞նչ առաջարկներով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

 

1997թ. հուլիսին կողմերին առաջարկվել է այսպես կոչված «փաթեթային», իսկ նույն տարվա դեկտեմբերին` «փուլային» տարբերակը: 1998թ. վերջին համանախագահները հանդես եկան «ընդհանուր պետության» գաղափարով:

 

2001թ. տեղի ունեցավ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը ամերիկյան Քի Վեսթում, որին նախորդեցին բանակցությունների երկու փուլ Փարիզում` նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշերով՝ «այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր, իսկ Ադրբեջանը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջեւանի հետ»: Տարածքների վերադարձի հարցը պետք է քննարկվեր միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Սակայն Բաքու վերադառնալուց եւ ներքին քննարկումներ անցկացնելուց հետո Հեյդար Ալիեւը հետքայլ արեց:

 

2004-2005 թթ. Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 10 հանդիպում, որոնք ստացան «Պրահյան գործընթաց» անվանումը: Այդ բանակցությունների արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որը «փուլային» եւ «փաթեթային» տարբերակների տարրեր էր պարունակում: Նոր առաջարկի առանցքը Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարն էր:

 

2007թ. միջնորդները հանդես եկան Մադրիդյան սկզբունքներով, որոնց բովանդակությունը մասամբ հրապարակվեց 2009թ. հուլիսի 10-ին Լ’Ակվիլայում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին