Լավրով. ԱՄՆ եւ Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը - Mediamax.am

4617 դիտում

Լավրով. ԱՄՆ եւ Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Արցախում մարտի 24-ի միջադեպի հենց սկզբից իրենք հայտարարել էին, որ ռուս խաղաղապահ զորախումբը պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

 

«Մեզ համար տեղի ունեցածի հանգամանքները լիովին պարզ չեն, ես չէի ցանկանա հիմա առաջ անցնել եւ վերջնական դատողություններ անել»,- ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

 

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երբեմն հնչող այն կոչերը, թե «ռուսական զորախմբին պետք է պատասխանատվության կանչել, ծառայողական հետաքննություն սկսել, չեն արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը այն մեծ դերին, որը կատարում է խաղաղապահ զորախումբն այդ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»:

 

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության հետագային, Սերգեյ Լավրովն ասել է. «Ես չգիտեմ ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը, քանի որ, այդ խմբում ամերիկացի եւ ֆրանսիացի մեր այսպես կոչված  գործընկերները՝ ռուսաֆոբիայով տառապող, ձգտում են մերժել այն ամենը, ինչը վերաբերում է Ռուսաստանին: Նրանք չեղարկել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվելու այս ձեւաչափում: Դա իրենց իրավունքն է: Եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասում,  սա իրենց ընտրությունն է: Ոչ միայն կոնկրետ այս հիմնախնդիրը, այլեւ մնացած բոլոր հիմնախնդիրները իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդն են դարձնում»:

 

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս մոտեցումը համարել է բացարձակ անպատասխանատու։

 

«Մենք լիովին հավատարիմ ենք, ինչպես միշտ, աջակցելու ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը, հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին