Կարեն Անդրեասյան. Մարդկային շփումը իմ միակ հոբին է - Mediamax.am

persona
215807 դիտում

Կարեն Անդրեասյան. Մարդկային շփումը իմ միակ հոբին է

Կարեն Անդրեասյանը
Կարեն Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Փաստեր

 

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թ.-ին:

 

1994-2002թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետում, նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

 

2001-2007 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում:

 

2008-2011թթ. «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է 2011թ. մարտի 3-ից:

 

Մասնագիտական ռոմանտիզմն ինձ այցելել է ավելի ուշ

 

- Ինչպե՞ս եւ ինչու՞ ընտրեցինք իրավաբանությունը:

 

- Հայրս իրավաբան էր, եւ որեւէ հատուկ պատմություն չկա կապված մասնագիտությանս ընտրության հետ: Ընդամենը ցանկացա զբաղվել նրանով, ինչով զբաղվել էր հայրս: Մասնագիտական ռոմանտիզմն ինձ այցելել է ավելի ուշ: Երբ ընտրում էի իրավաբանի մասնագիտությունը, չէի պատկերացնում, թե ես` որպես իրավաբան, ինչպե՞ս կարող եմ օգնել սովորական մարդկանց: Ցավոք, երիտասարդները Հայաստանում շատ վաղ տարիքում են ընտրում իրենց ապագա մասնագիտությունը: 16 տարեկան երիտասարդի համար դժվար է պատկերացնել եւ խորապես ընկալել իր ապագա մասնագիտության էությունը: Օրինակ,  արտասահմանում երիտասարդները մասնագիտության ընտրության որոշումը կայացնում են 24-25 տարեկանում:

 

- Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը, նկատեցինք, որ բավականին հարուստ ակադեմիական փորձ եք ձեռք բերել արտերկրում: Ի՞նչ զգացողություններ, տպավորություններ բերեցիք Ձեզ հետ այդ երկրներից:

 

- Առաջին հերթին բերեցի կոնֆլիկտ սեփական ընտանիքիս ու հասարակության հետ: Երիտասարդ տարիքում շատ ճամփորդելը մշակութային բախումներ էր առաջացրել ինձ մոտ: Բայց ժամանակի ընթացքում դեպի արեւմտյան քաղաքակրթություն ձգտելու այդ երիտասարդական ծայրահեղությունը աստիճանաբար անցնում է: Ամեն երկիր ինձ մի նոր ու բացառիկ փորձառություն է տվել, բայց մեր ազգային, ավանդական արժեքներն ինձ ավելի հետաքրքիր եւ մոտ են թվում:

 

- Սակայն այդ երկրներից  ո՞րն է ձեզ համար ավելի հոգեհարազատ եղել:    

 

- Բոլոր իմ այցելած երկրներում հաճելի էր ազատության եւ թեթեւության զգացումը: Ես միշտ ձգտել եմ ճամփորդել: Լինելով երիտասարդ եւ չունենալով շատ մեծ ֆինանսական միջոցներ՝ գումարների էի հայթայթում տարբեր ծրագրերից եվրոպական երկրներում շրջագայելու համար: Առաջին զգացումը, որն ապրում ես եվրոպական երկիր ժամանելիս, օդում ազատության եւ թեթեւության զգացումն է: Անգամ օդանավակայանից հաճույք ես ապրում՝ տեսնելով  շուրջդ այդ բարեկարգությունը, թեթեւությունը, մաքրությունը, մարդկանց բարեհամբույր վերաբերմունքը: Երբ ասում ես Եվրոպա, պատկերացնում ես հենց այդ բառերը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ անվերջ կարոտում էի Երեւանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս
/>

Միակ բանը, որ հասկացա այդ ճամփորդությունների ընթացքում, հետեւյալն է. այնտեղ՝ Եվրոպա, ես չեմ կարող տանել իմ Հայաստանը, բայց այդ լավ բաները կարող եմ բերել Հայաստան: Հայաստանում էլ կարող է լինել մաքուր, բարեկարգ, խաղաղ: Հուսանք, որ դա կտեսնենք ապագայում:

 

Արեւմուտքը չէ, որ մեզ գրավում է, այլ ինքնահաստատման ձգտումը

- Դուք շատ եք ճամփորդել, անգամ աշխատել արեւմտյան երկրներում,  բայց ի վերջո վերադարձել եք հայրենիք: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ում եւս գրավում է Արեւմուտքը, կյանքն այնտեղ, եւ ովքեր մտադրություններ ունեն տեղափոխվել արեւմտյան երկրներ մշտական բնակության:

 

- Իմ շրջապատում շատ եմ նկատում, որ մարդիկ, իրենց տանը, քաղաքում մի վատ երեւույթի հանդիպելով, նեղանում են, ջղայնանում ու որոշում են հեռանալ: Մեզ թվում է, որ Արեւմուտքում ամեն ինչ կատարյալ է, դրախտային է, ինչպես ցույց են տալիս ֆիլմերում: Բոլորիս պատկերացումները տարբեր են: Ես դեմ չեմ արտասահման մեկնելուն, գնալ-վերադառնալուն եւս դեմ չեմ:

 

Հաճելի է, որ այդ շարժը, մարդկանց շփումներն ակտիվացել են: Համոզված եմ, որ Արեւմուտքը չէ, որ մեզ գրավում է, այլ ինքնահաստատման ձգտումը: Ես ու ընկերներս, ովքեր մեկնել ենք արտերկիր ու ետ ենք վերադարձել Հայաստան, մի տեսակ չէին զգում այն ամենի արդյունքն, ինչը ստեղծում եւ ինչով որ զբաղվում էինք օտար երկրում: Այնտեղ դա անարդյունք, անիմաստ էր թվում մեզ համար: Կարծում եմ, որ վերադարձի մոտիվացիան պետք է լինի հետևյալը  Արեւմուտքից հայրենիք բերել այնտեղի լավագույն փորձը ու այն կիրառել սեփական երկրում:

 

Ես երբեք ինձ պետական աշխատանքի մարդ չեմ համարել

- Անկախ Հայաստանի պատմության մեջ Դուք ամենաերիտասարդ Մարդու իրավունքների պաշտպանն եք: Ի՞նչ զգացումներ ունեիք այս պաշտոնը ստանձնելիս:

 

- Այս մասին որեւէ ԶԼՄ-ի ներկայացուցչի չեմ պատմել, բայց ձեզ կպատմեմ: Չնայած նրան, որ մինչ այդ տարբեր պետական մարմիններում աշխատելու առաջարկներ շատ եմ ունեցել, երբեք ինձ պետական աշխատանքի մարդ չեմ համարել: Ինձ միշտ հետաքրքրել է աշխատանքը մասնավոր հատվածում, հասարակական կազմակերպություններում, հեռուստատեսությունում: Ավելի ազատ գրաֆիկով աշխատանք եմ սիրել: Պետական պաշտոն ստանձնելն ինձ մոտ միշտ ասոցացվել է  կամ մեծ բեռի, կամ չինովնիկության հետ: Ինձ թվում էր, որ դրան երբեք չեմ համաձայնվի:

 

Անկեղծ ասած, մամուլից իմացա, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է: Դեկտեմբերի 23-ն էր, ես Հայաստանում չէի: Այդ երեկո, ընթերցելով այդ լուրը մամուլում, շատ պատահական, դեռեւս առանց որեւէ առաջարկ ստանալու, ասեցի կնոջս հետեւյալը. «Սա միակ պետական պաշտոնն է, որը կուզենայի զբաղեցնել»: Ու քանի որ դեկտեմբերի 23-ը կաթոլիկ աշխարհում նշվում է Սուրբ ծննդյան գիշերը, կարելի է ասել, որ իմ բարձրաձայն արտահայտած ցանկությունը ես «նվեր» ստացա:

 

Լուսանկարը` Մեդիամաքս
/>

ՄԻՊ պաշտոնը մանկության երազանք չէր, բայց նման գործով զբաղվելն ինձ հաճելի զգացողություն է պարգեւում: Ես եղել եմ իրավաբան, իրավապաշտպան, բայց ոչ մի անգամ նման հաճույք չեմ ստացել, որքան այս աշխատանքից, երբ քո գործը մարդուն օգնելն է: Երբ մամուլում շրջանառվեց իմ անունը` որպես այդ պաշտոնի հավակնորդ, եւ հետո ես ընտրվեցի, դա միանգամայն զգացմունքային պահ էր ինձ համար: Երևի, կյանքն ինձ «երես է տվել»՝ ես միշտ ունեցել եմ այն աշխատանքը, որը շատ սիրել եմ ու հաճույքով եմ զբաղվել: Բայց այսպիսի խանդավառություն երբեք չեմ զգացել: Սրանից ավելի լավ աշխատանք չի կարող լինել: 

 

Կնոջս հետ արդեն 18 տարի ընկերներ ենք

 

- Իսկ ինչպե՞ս վերաբերեց Ձեր ընտանիքը, մասնավորապես Ձեր կինը, այդ փոփոխությանը:

 

- Կինս շատ դժվարությամբ է համակերպվում իմ այժմյան աշխատանքի հետ: Անցյալում ես աշխատել եմ քիչ, վաստակել եմ շատ: Ընտանեկան կյանքի իմաստով դա շատ ձեռնտու է եղել: Հիմա ճիշտ հակառակն է: Ես աշխատում եմ շատ, վաստակում ՝ քիչ: Բացի այդ, Եվայի հետ մենք սովոր ենք եղել միասին աշխատել: Միասին գնում էինք գրասենյակ, հետո գալիս տուն, իսկ հիմա այլ է: Տրտունջներ, իհարկե, կան, բայց ես կնոջս անընդհատ ասում եմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու եմ 6 տարի, որ այն ծառայության նման մի բան է, որի ընթացքում  պետք է փորձեմ մարդկանց օգտակար լինել:   

 

- Պատմեք Ձեր ընտանիքի մասին:

 

- Երկու որդի ունեմ, մեկ դուստր: Ավագ  որդիս շուտով 8 տարեկան կդառնա, երկրորդ որդիս ՝ 6 տարեկան կդառնա եւ սեպտեմբերին կգնա դպրոց: Դուստրս ծնվել է 8 ամիս առաջ, երբ ես արդեն սկսել էի պաշտոնավարել որպես ՄԻՊ: Ամենադաժանը աղջկաս ծնվելու շրջանն էր: Կինս հղի էր, եւ մամուլը այդ շրջանում անձնական հարձակումների էր անցել իմ դեմ: Շատ ծանր էի տանում, երբ մամուլի հրապարակումները, քննադատությունը կինս էր ընթերցում հղի վիճակում եւ ամեն մի հրապարակում իմ մասին իր համար սթրես էր: Բայց ինչ արած: Դա էլ անցանք: Եվան հիմա մայրական արձակուրդի մեջ է եւ զբաղվում է երեխաներով: Հայրս մահացավ, երբ ես 13 տարեկան էի: Մայրս դասավանդում է համալսարանում:    

 

Լուսանկարը` Կ.Անդրեասյանի անձնական արխիվից

 

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

 

- Մենք համակուրսեցիներ ենք եղել: Մինչ ամուսնությունը 9 տարի եղել ենք համակուրսեցի ընկերներ: Արդեն 9 տարի ամուսնացած ենք: Այսինքն 18 տարի ընկերներ ենք: (Ժպտում է):

 

- Դուք կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր գործը:

 

- Իրավաբանությունը՝ այո: Եթե երեխաներիցս մեկը իրավաբան դառնա, դա կհամարեմ մեծ նվեր: Ցանկանում եմ, որպեսզի երեխաներս տեսնեն արդար ու արժանապատիվ դատավորի, դատախազի, իրավաբանի, բժիշկի մասնագիտությունների ազնիվ կողմերը:  Նրանք ազնվական գործ են անում:

 

Ամեն օր զբաղվում եմ ոչ թե երեխաներիս, այլ իմ դաստիարակությամբ

- Ի՞նչն  եք առաջանային համարում երեխաների դաստիարակության հարցում:

 

- Ես միշտ հավատացել եմ, որ եթե ծնողը ճիշտ է ապրում, երեխան ճիշտ է դաստիարակվում: Այսինքն, ես ամեն օր զբաղվում եմ ոչ թե իմ երեխաների, այլ իմ դաստիարակությամբ:  Եթե գիտես, ինչպես լինել լավ քաղաքացի, լավ քրիստոնյա, դա ապա կփոխանցվի երեխային: Իմ վրա եմ աշխատում, այլ ոչ թե երեխաներիս, ու դա անուղղակի փոխանցվում է նաեւ նրանց:

 

- Խոսեցիք հավատքից: Ինչպե՞ս եք վերաբերում եկեղեցուն:

 

- Ես փոքրուց հավատացել եմ Աստծո գոյությանը, անկախ այն բանից, որ իմ սովետական ընտանիքը երբեք հատուկ ոչինչ չի արել, որպեսզի ես ունենամ կրոնական պատկերացումներ: Ինքս եմ հայտնագործել իմ Աստծուն իմ ճանապարհին՝, երբեմն շեղվելով ճանապարհից, վերադառնալով, չհավատելով, կասկածելով: Ես հավատացել եմ Աստծուն դեռեւս 10 տարեկանից, բայց քրիստոնյա դարձել եմ, ցավոք, ոչ թե իմ մկրտության օրը, այլ վերջին 4-5  տարում՝ գրքեր ընթերցելով, եկեղեցի այցելելով, պատարագներին մասնակցելով:

 

Վերջին շրջանում նկատում եմ, որ հավատքի մասին շատ են խոսում, դա դարձել է մոդայիկ արտահայտությունների շարան: Ես չեմ սիրում խոսել հավատքի մասին, որովհետեւ Աստծո մասին շատ խոսելը եւս մեղք է: Չեմ ուզում արժեզրկել հավատքս՝ այդ մասին շատ խոսելով: Ես հավատում եմ, սիրում եմ մեր եկեղեցին, մեր Աստծուն, ու մարդու իրավունքների պաշտպանությունը տեսնում եմ աստվածաշնչային եւ սահմանադրական սկզբունքներով, որոնք նույնն են իմ պատկերացմամբ՝ հանդուրժողականությունը, սերը, մարդասիրությունը: Եվ հավատացե՛ք, այդ երկու՝ ինձ համար ուղենիշ համարվող գրքերը՝ Աստվածաշունչն ու Սահմանադրությունը, ինձ օգնում են անել իմ գործը, կրթվել ու կրթել երեխաներիս:

 

- Ինչպե՞ս է անցնում Ձեր շաբաթ-կիրակին: Ինչո՞վ եք սիրում զբաղվել այդ օրերին:

 

- Շաբաթը խլել են ինձանից, կիրակիներս դեռ պահում եմ (ժպտում է): Կիրակի առավոտներս, ժամանակին, մինչ աշխատանքիս բարդանալը, նվիրվում էի պատարագին մասնակցելուն:  Հիմա հազվադեպ եմ կարողանում մասնակցել: Կեսօրս փորձում եմ ընկերներիս հետ անցկացնել, իսկ երեկոները ամբողջությամբ նվիրում եմ ընտանիքիս, երեխաներիս: Տեղ-տեղ կորցնում եմ ընկերներիս հետ շփումը, տեղ-տեղ՝ եկեղեցու հետ կապը, մասամբ՝ ընտանիքի հետ: Կրկին մեղքի զգացումով:

 

Տերյան փողոցի վրա ունեցել եմ առաջին սեր, Աբովյան-Տերյան փողոցների հատվածում՝ ռոմանտիկ հուշեր

 

- Երեւանում ո՞ր վայրերն եք հատկապես սիրում, հաճախ այցելում:

 

- Երեւանում իմ փողոցը Աբովյան փողոցն է, որտեղ մեծացել եմ: Տերյան փողոցի վրա ունեցել եմ առաջին սեր, լավ ռոմանտիկ հուշեր ունեմ Աբովյան-Տերյան փողոցների հատվածների հետ կապված: Ես «փոքր կենտրոնի» մարդ եմ: Իմ որոշ հայրենասեր ընկերները բարկանում են, երբ ասում եմ, որ այդ փողոցներն են իմ հայրենիքը, ուղղակի ես դրանցով եմ շոշափելի զգում հայրենիքը:

- Գիտեմ, որ ընթերցանության հետ մեծ սեր ունեք: Հաճախ եք մեջբերում հայտնի փիլիսոփաների մտքերը: Տվյալ պահին ի՞նչ գիրք եք ընթերցում:

 

- Մի գիրք եմ հիմա կարդում, որը բավականին մոդայիկ է համարվում` Սթիվեն Քովի «7 հմտություններ», որն օգնում է ավելի շատ կառավարման սկզբունքներ մշակել բարի փիլիսոփայության մեջ: Նույնիսկ առաջարկել եմ, որպեսզի իմ գործընկերներն ընթերցեն, որովհետեւ գրքում ներկայացված սկզբունքներն ինձ դուր են գալիս: Թեթեւ ընթերցանության համար նախընտրում եմ դետեկտիվ պատմվածքներ:

 

- Իսկ ունե՞ք Ձեր «սեղանի գիրք»:

 

- Սեղանիս մշտական գիրք  չունեմ, բայց առավոտյան հատվածներ եմ ընթերցում Նոր Կտակարանից:

 

- ՄԻՊ պաշտոնին անցնելիս, նշել էիք, որ Ձեր գործունեության մեջ առաջնորդվելու եք «Դոմինանտը ոչ թե գործն է որպես արդյունք, այլ գործի ետեւում կանգնած կոնկրետ մարդը» սկզբունքով: Կմանրամասնեք, թե ինչ նկատի ունեք:

 

- Ես դրանով փորձել եմ իմ վեցամյա գործունեությանը տալ արժեհամակարգային ուղղվածություն: Նկատի եմ ունեցել, որ ժողովրդավարական հասարակությունները մարդակենտրոն են: «Մարդու իրավունքների պաշտպան» արտահայտության մեջ եւս նշվում է «մեկ մարդու» իրավունքի մասին:  Միշտ ասել եմ, որ մեր աշխատանքում անհատական դիմումներով աշխատող վարչությունները ամենակարեւորն են, քանի որ դրանք լուծում են տալիս մեկ մարդու դիմումին:

 

Facebook-ն ինձ համար իրական շփման հաճույքի կեղծիքն է

 

- ՄԻՊ լիազորություններն ավարտելուց  հետո, ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում հետագայում:

 

- Կան ոլորտներ, որտեղ նկատում եմ, որ ինչ-որ բան այն չէ, ու մտքումս ցանկանում եմ գնալ ու սկսել աշխատել այդ բնագավառում: Բայց այդ մասին կխոսեմ այս պաշտոնում իմ վերջին հարցազրույցի ժամանակ: Հավատացեք, ապագա աշխատանքս պատկերացնում եմ ոչ գործադիր մարմնում:

 

Միեւնույն ժամանակ, մտածում եմ, որ այս 6 տարին լրանալուց հետո կցանկանամ վերադառնալ իմ մասնագիտությանը եւ նորից լինել իրավաբան: Եթե ուզում ես պետական պաշտոնում ազնիվ աշխատել, պետք է պատրաստ լինես լինելու աղքատ կամ մոտավորապես աղքատ: Հիմա երեխաներս փոքր են, ու նրանց պահանջներն այնքան էլ շատ չեն: 6 տարի հետո նրանք, երեւի, ինձնից ավելի մեծ ակնկալիքներ են ունենալու են ու դրա համար ես ստիպված կլինեմ ավելի շատ գումար վաստակել: Սրանից ելնելով, հավանաբար, ՄԻՊ լիազորություններս ավարտելուց հետո վերադառնամ մասնավոր սեկտոր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս
/>

- Ի՞նչ նախասիրություններ ունեք, որ կցանկանայիք ավելի շատ ժամանակ տրամադրել դրանց:

- Ես հոբիներով հարուստ մարդ չեմ եւ այդ առումով կարող եմ ձանձրալի թվալ: Իմ հիմնական հոբին միշտ եղել է, կա ու կմնա մարդկային շփումը: Դեռ փոքրուց ինձ հետաքրքրել են մարդկային հարաբերությունները եւ այս տեսանկյունից կարող եմ ասել, որ իմ հոբին մարդկային հաղորդակցությունն է: Հենց այս պատճառով ես Facebook-ում գրանցված չեմ: Դա կնշանակեր այլասերել իմ հոբբին՝ իսկական շփումը վերածել վիրտուալ հարաբերությունների: 

 

- Facebook-ում գրանցված չլինելը սկզբունքային որոշում  է՞: Դուք որպես ՄԻՊ Ձեր էջն անգամ չունեք այդ սոցցանցում:

 

- Facebook-ն ինձ համար կեղծիքն է իրական շփման հաճույքի: Դա մի բան է, երբ, ենթադրենք, գինի սիրողը, խմի գինու փոխարինող ըմպելիք, կամ թենիսի սիրահարը թենիս խաղա վիրտուալ ձեւով: Մարդկային շփման այսքան արհեստականացումը լուրջ հարված է իմ արժեհամակարգին:

 

Երազում եմ ապահովված թոշակային տարիքի մասին

 

- Դուք ասել եք, որ ռեալիստ եք, բայց միեւնույն ժամանակ լավատես: Աշխատում եք մի վայրում, ուր Ձեզ ամեն օր իրենց բողոքներով կարող են դիմել տասնյակ քաղաքացիներ: Ո՞րն է Ձեր լավատեսության, ներշնչանքի աղբյուրը:

 

- Ցանկացած լավ մարդու հետ շփումը: Այսքան բացասական երեույթների ֆոնին, երբ տեսնում ես, որ որդեկորույս մայրը կարող է հոգ տանել իմ աշխատակիցների մասին, օրինակ, ջուր առաջարկել նրանց, փոխվում է ամբողջ տրամադրությունդ: Այսքան իրավունքների ոտնահարման դեպքերի, դժբախտ մարդկանց պատմությունների ֆոնին այնքան լուսավոր բարություն կարող ես տեսնել: Դա ինձ համար ավելի  մեծ արժեք ունի, քան որեւէ այլ բան, օրինակ, ճոխ ընդունելությունների գնալը:

 

- Ինչի՞ մասին եք այսօր երազում:

 

- Եթե անկեղծ ասեմ, երազում եմ, որպեսզի երեխաներս շուտ դառնան 18 տարեկան, ինքնուրույն դառնան ու ես ու կինս էլ կարողանանք մի քիչ հանգստանալ: Իմ թաքուն երազանքը դա է: Ինձ չեն ճնշել տանը, բայց մայրս դժվարությամբ է համակերպվել այն մտքի հետ, որ ես արդեն չափահաս եմ: Խոստանում եմ, որ 18 տարեկանը լրանալուն պես իմ երեխաներին կհանձնեմ հասարակությանը: Շատ կուզեի, որ այդ օրն ես այն զգացողությունը ունենամ, որ արդեն երեխաներիս տվել եմ այն, ինչ ամեն հայր կարող է տալ՝ սեր, քնքշություն, ժամանակ, գումար, կրթություն: Ես ու կինս միասին երբեւէ չենք ձանձրանում: Երազում եմ ապահովված թոշակային տարիքի մասին:

 

Կարեն Անդրեասյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին