Արփինե Հովհաննիսյան. «Դիմակներ չեմ կրում» - Mediamax.am

exclusive
279204 դիտում

Արփինե Հովհաննիսյան. «Դիմակներ չեմ կրում»

Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Փաստեր

 

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:

 

2000-2004 թթ. - սովորել եւ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

2006թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2009 թ-ին`ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

 

2003-2006 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ։

 

2006-2007 թթ.`ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ։

 

2007-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

 

2007-2008 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։

 

2008թ. մայիս-սեպտեմբեր ամիսների եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։

 

2008-2011 թթ.`ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։

 

2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր`ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ է: ՀՀԿ խորհրդի անդամ։

 

2015թ. սեպտեմբերի 4-ի`ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: 2016-ին վերանշանակվել է նույն պաշտոնում:

 

«Պետք է նվիրվես նրան, ինչ անում ես, սիրես ու հավատաս քո գործին»

 

- Զրույցն ուզում եմ սկսել Ձեր մանկությունից. հիշո՞ւմ եք Ձեզ փոքր հասակում, ինչպիսի՞ երեխա էիք եւ ի՞նչ նախասիրություններ ունեիք:

 

-Եթե վերարտադրեմ մայրիկիս պատածները, վաղ մանկության ընթացքում շատ հետաքրքիր լեզու եմ ունեցել, եւ, ինչպես մայրս է հիշում, իրական բառերի հետ որեւէ կապ չունեցող բառապաշար եմ օգտագործել, իսկ ավելի մեծ տարիքում շատ գրական եմ խոսել:

 

Մայրս միշտ ասում է, որ շատ-շատ էի կարդում: Իմ աչքերի խնդրի հետ կապված միշտ վեճ կար մեր տանը, քանի որ շատ էի սիրում կարդալ, իսկ էլեկտրականության բացակայության պայմաններում մոմի լույսի ներքո կարդում էի: Մի առիթով պատմել եմ, որ մայրիկիս անձնագիրը գաղտնի վերցրել ու ընկերուհուս հետ գրադարան էի գնացել, իսկ վերադարձին մայրիկիս հորդորում էի չզայրանալ, որ շատ գիրք եմ բերել՝ արագ կկարդամ ու կվերադարձնեմ:

Արփինե Հովհաննիսյանը մայրիկի հետ Արփինե Հովհաննիսյանը մայրիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Ասում են` լավ սովորող եմ եղել, բայց, նաեւ, չարաճճի: Փոքրիկ չարաճճիությունները բակի երեխաների հետ էինք անում`ուրիշի այգու ծիրանի ծառերից թաքուն ծիրան քաղելով:

 

-Ի՞նչ ժանրի գրականություն էիք նախընտրում, եւ ովքե՞ր են Ձեր ամենասիրելի հեղինակները:

 

- Տարբեր ժամանակներում տարբեր հեղինակներ, գրքեր ու հերոսներ են ինձ համար սիրելի եղել: 8-9-րդ դասարանում անչափ շատ էի սիրում հին հունական դիցաբանությունը: Յուրահատուկ հերոսական հատված էր Հեկտորի եւ Այաքսի մենամարտը. տպավորիչ էր տիտանների մարտը, որտեղ նրանք բախվում են՝ տարբեր կարծիք ունենալով, բայց հեռանում յուրաքանչյուրն իր կարծիքին ու իր դիրքորոշմանը, բանակին հավատարմին մնալով` առանց արյուն հեղելու: Հավասար ուժերի համատեքստում այդ ամենը շատ գեղեցիկ էր ներկայացված:

 

Շատ էի սիրում Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետը», որն ընթերցելուց հետո, կարմիր թելի պես, իմ ամբողջ կյանքի համար մի միտք է ուրվագծվել` դավաճաններին ոչ ոք  չի ներում, որովհետեւ իրենց էությամբ նրանք երբեք չեն կարող որեւէ մեկի հանդեպ հավատարմություն դրսեւորել: Հայացքների ձեւավորման առումով այս գիրքը եւս շատ կարեւոր նշանակություն է ունեցել իմ կյանքում:

 

Միշտ առանձնացել է Բալզակը. նրա գրելու ոճն ու կյանքի փիլիսոփայությունն ինձ շատ հարազատ է, սիրում եմ «Հայր Գորիո», «Շագրենի կաշի», «Երեսնամյա կինը» եւ այլ ստեղծագործություններ: Մի շրջան կար, երբ բալզակյան բոլոր գրքերը օրերի ընթացքում էի կլանում, հետո նորից վերադառնում դրանք վերընթերցելուն:

 

Էքզիստենցիալիստների նկատմամբ եւս հետաքրքրություն եմ ունեցել`Ալբեր Քամյու, Ժան-Պոլ Սարտր: Գրքերի մասին երկար կարող ենք խոսել, առհասարակ, տարբեր հեղինակների եմ նախընտրել ու կարդացել, հիմա էլ շարունակում եմ, թեեւ ժամանակս գնալով շատ ավելի քիչ է նման հնարավորություն ընձեռում: Ժամանակիս սուղ լինելու ամենացավոտ կողմն ինձ համար, թերեւս, հենց դա է: Վերջերս ինձ մոտ շատ են տպավորվել Խալեդ Հոսեյնիի ստեղծագործությունները:

 

- Յուրաքանչյուրս տարիքի հետ փոխվում է`ձեռք բերելով բնավորության նոր գծեր,  նոր նախասիրություններ, հետաքրքրություններ ու լցվում նոր հորիզոններ գրավելու ցանկությամբ: Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ մանկությունից պատանեկություն անցնելու փուլը:

 

- Մանկությունից պատանեկություն եւ պատանեկությունից երիտասարդություն անցումը շատ-շատ բնականոն ստացվեց`թե մասնագիտության ընտրության, թե ձգտումների հարցում: Պատանեկությունից սկսած`մի սկզբունք է ինձ համար ձեւավորվել, որը մինչ օրս շարունակում է գերակա մնալ` ինչ-որ բան անելիս կամ պետք է լավ անես, կամ չանես ընդհանրապես: Պետք է նվիրվես, սիրես ու հավատաս քո գործին: Մշտապես այս մտքով եմ առաջնորդվել: Մեծ հավատ ունեի, որ պետք է սովորեմ իմ նախընտրած մասնագիտությամբ. միշտ սիրել եմ իրավաբանությունը:

 

Մինչեւ մասնագիտության վերջնական ընտրության որոշում կայացնելը ողջ էներգիայով նվիրվել էի պատմությանը, շատ էի սիրում հատկապես հայոց պատմությունը, երեւի պատահական էլ չէր, որ այդ առարկայի քննությունից 20 միավոր ստացա, ինչն այդ ժամանակվա համար աննախադեպ էր համարվում: Այնքան շատ էի սիրում, որ դասախոսս` երջանկահիշատակ Պետրոս Հովհաննիսյանը, հորդորում էր գնալ պատմական ֆակուլտետ, բայց հաղթեց իրավաբանի մասնագիտությունը:

Արփինե Հովհաննիսյանը Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Միշտ մեծ հավատով եմ լցված եղել ցանկացած`ամենափոքրից մինչեւ ամենամեծ նպատակ եւ մտածել, որ ցանկացած նպատակի իրագործմանը ձեռնամուխ լինելու դեպքում պետք է մինչեւ վերջ գնալ. կես ճանապարհին կանգնել կամ կես ճանապարհից հետ գալ չկա:

 

Ես ավելի շատ սկզբունքի մասին խոսեցի, քան նախասիրության, քանի որ նախասիրություններս շատ տարբեր ու փոքր են եղել` պայմանավորված ժամանակի սղությամբ: Առաջին-երկրորդ դասարանում պարի էի գնում, բայց, քանի որ առանձնակի արդյունք չէի ցուցաբերում, մայրիկս ավելի նպատակահարմար համարեց, որ ուսմանս վրա կենտրոնանամ: Հիմա էլ պարել շատ եմ սիրում:

 

«Միշտ այնպիսին եմ, ինչպիսին կամ, դիմակներ չեմ կրում»

 

-Իսկ ի՞նչ միջավայրում եք Ձեզ լավ զգում:

 

-Մտերիմ մարդկանց: Անկախ միջավայրի հարազատ լինել-չլինելուց, որքան էլ դժվար լինի հավատալը կամ շատերը չուզեն հավատալ, այդուհանդերձ, միշտ այնպիսին եմ, ինչպիսին կամ, դիմակներ չեմ կրում: Բնականաբար, կախված որեւէ պաշտոնական միջավայրից, կան էթիկետի կանոններ, որոնք պարտավոր ես պահել, բայց դա չի նշանակում, թե կեղծում ես ինքդ քո էությունը:

Լուսանկարը` անձնական արխիվից

Լավ զգալու համար միջավայրը պետք է լինի այնպիսին, որ ստիպված չլինես պահել նույնիսկ այդ էթիկետի կանոնները, հանգիստ լինես քո ընկերների ու հարազատների շրջապատում, ովքեր քեզ գիտեն երկար տարիներ եւ որոնց ինչ-որ բան ապացուցելու կամ քո ասածն ու արածը հիմնավորելու, բացատրելու կարիք չունես: Ինձ համար ամենահարմարավետ ու ներդաշնակ միջավայրն այն է, երբ հասկացված լինելու համար լրացուցիչ բացատրության տալու կարիք չկա:

 

-Ձեզ բավական քիչ ենք տեսնում հանրային վայրերում, այս կամ այն ոչ մասնագիտական միջոցառումների ժամանակ: Ո՞րն է պատճառը:

 

-Երեւի մասնագիտական միջոցառումներին իմ ներկայությունն այնքան շատ է, որ օբյեկտիվորեն այլ միջոցառումներին մասնակցելու ժամանակ չի մնում: Հանգստյան օրերին փորձում եմ ընկերներիս, քույրերիս հետ գնալ կինոթատրոն, զբոսնել, ժամանցի տարբեր վայրերում լինել` կրկին վերոնշյալ ներդաշնակության շրջանակներում:

Արփինե Հովհաննիսյանը քրոջ հետ Արփինե Հովհաննիսյանը քրոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

-Իսկ ինչպիսի՞ն էր Ձեր երիտասարդությունն ու ուսանողական կյանքը. Այն լիարժեք վայելե՞լ եք:

 

-Այո: Ես, գոնե, այդպես եմ մտածում: Չնայած` եղել են դեպքեր, երբ ընկերներս կշտամբում էին, որ քննության պատրաստվելու համար այս կամ այն միջոցառմանը չէի մասնակցում, սակայն, իմ կարծիքով, ուսանողությունս վայելելու հնարավորություն ունեցել եմ: Չնայած՝ որեւէ առանձնահատկություն չի եղել. բոլորի պես ես էլ դասերից փախել  եմ, բայց լավ եմ սովորել: Ուսանողությունն այնքան շատ եմ սիրել, որ ուսանող լինելս երկարաձգել եմ դասախոս լինելու միջոցով: Ինքնաբավության ու երջանկության զգացում ունեմ այդ տարիների հետ կապված, ժպիտ ունեմ, իսկ ինձ համար դա գնահատական է` ինքնս ինձ տրված գնահատական: Ունեմ բազմաթիվ ընկերներ ուսանողության տարիներից, ինչն իմ այդ տարիների ամենամեծ ձեռքբերումներից է:

 

«Ես չեմ կարող մարդկանց փոխել, չեմ էլ փորձելու…»

 

-Ուսանողական տարիներից սկսած աշխատել եք ու բավական երիտասարդ տարիքում արդեն բարձր պաշտոնների հասել: Շատերը դրան այլ երանգ փորձեցին տալ եւ ցեխ շպրտել Ձեր վրա: Ձեզ վերաբերող բամբասանքներին ինչպե՞ս եք վերաբերվում:

 

-Ըմբռնումով: Ինչպես արդեն նշեցի, ինձ համար ճանապարհի կեսից հետդարձ չկա: Սկսել եմ աշխատել որպես առաջին կարգի մասնագետ, ստացել 29 հազար դրամ աշխատավարձ, երկու-երեք տարի զբաղեցրել եմ այդ պաշտոնը, հետո նորից  բարձրացրել մեկ աստիճանով: 19 տարեկանից աշխատել եմ կարեւորագույն օրենքների վրա, հնարավորություն ունեցել կիրառել ստացածս գիտելիքներս, ինչն ինձ համար մեծագույն հաճույք է եղել: Միշտ համարել եմ, որ օրինաչափ է քայլ առ քայլ առաջ շարժվելը: Շատերը կարող են դա համարել թռիչքային աճ, շատերը` պայմանավորել այլ` մտացածին  հանգամանքներով, բայց մարդիկ միշտ պետք է ինչ-որ բան խոսեն. սա մարդկային էության անբաժանելի առանձնահատկությունն է: 

 

Որքան էլ փորձես ինչ-որ բան ասես կամ ապացուցես, որ այս կամ այն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, միեւնույն է,  յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետը, որը կառուցված է նրա դաստիարակության, մտավոր կարողությունների ու մաքրության շրջանակներում:

Արփինե Հովհաննիսյանը Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Յուրաքանչյուրի մտածածի համար պատասխանատվություն կրելը, ինքնդ քեզ գնահատական տալը կամ քո կյանքում որոշակի հանգամանքներ պայմանավորելը նվազագույնը զավեշտալի է:

 

Այո, ուշադրություն դարձնում եմ քննադատությանը, ուշադիր եմ բոլորի կարծիքի հանդեպ, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքից կամ քննադատությունից յուրաքանչյուրն ինձ համար սկզբունքային նշանակություն ունի: Քննադատությունը կարող է հասնել իր նպատակին, այսինքն` իրականությունը դարձնել ավելի լավը միայն այն դեպքում (եթե, իհարկե, քննադատողը այդ նպատակն է հետապնդում), երբ քննադատելիս պահվում է արդարությունը, հակառակ դեպքում դա քննադատություն չէ, այլ ինքնահաստատման միջոց: Ժամանակի ընթացքում սովորել եմ ուշադրություն չդարձնել նման խոսակցությունների վրա եւ սա համարում եմ պետական համակարգում իմ թրծվածության որոշակի տարրերից մեկը:

 

Ես չեմ կարող մարդկանց փոխել, չեմ էլ փորձելու, իսկ բոլորից ակնկալել ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս`չի կարելի:

 

-Իգական սեռի երիտասարդ եւ գեղեցիկ ներկայացուցչի համար որքանո՞վ է հեշտ աշխատել տղամարդկանց միջավայրում:

 

-Ընդհանրապես, կարծում եմ, աշխատանքը  չպետք է կախվածության մեջ դնել որոշակի գործոններից: Ես հավասարապես աշխատում եմ բոլորի հետ: Եթե կանայք չբարդույթավորվեն, որեւէ խնդիր չկա: Բնական է, որ սեռերի օբյեկտիվ բաժանման մեջ կան վարվելաձեւի որոշակի կանոններ, որոնք, առհասարակ, հարիր չեն կնոջն անկախ նրանից՝  կինն աշխատում է տղամարդկանց, թե կանանց միջավայրում:

 

Աշխատանքային հարաբերություններում ես, ավելի հաճախ, ստիպված եմ լինում հաղթահարել կարծրատիպեր, քան ունենում եմ բարդություններ, իսկ այդ  կարծրատիպերը հաճախ հենց կանանց կողմից են ուրվագծվում ու նրանց շնորհիվ առաջանում:

 

-Վերջերս Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքից Ձեր հայտնի լուսանկարը գրավեց հանրության ուշադրությունն ու մեծ քննարկման արժանացավ. նման դեպքերը Ձեր աշխատանքին այս կամ այն կերպ խոչընդոտում են կամ բարդութավորո՞ւմ են Ձեզ:

 

-Բնավ: Դա ընդամենը լուսանկար էր, որը քննարկվեց ավելի շատ, քան երկրի համար կենսական նշանակություն ունեցող որեւէ հարց: Սա, իսկապես, ցավով եմ ասում, որովհետեւ հեշտ է հասարակությանը մակերեսայնության սովորեցնելը, երբ հասարակությունը որպես խայծ կուլ է տալիս այս կամ այն լուսանկարը, ոչ էական իրադարձությունն ու դեպքը:

Լուսանկարը` Photolure

«Ընկերներիս մոտ նախաբանի կամ վերջաբանի կարիք չունեմ»

 

-Ովքե՞ր են Ձեր ընկերները:

 

-Ընկերներ ունեմ մանկությունից, ուսանողական տարիներից, գործընկերներ, որոնք նաեւ ընկերներ են: Ընկերներս ինձ համար ինքս ինձ հետ խոսելու միջոցն են:

 

Ընկերներիս մոտ նախաբանի կամ վերջաբանի կարիք չունեմ, ամեն ինչ ասում եմ միանգամից, երկխոսում եմ նրանց հետ այնպես, ինչպես ինքս ինձ հետ կխոսեի:

 

-Ո՞րն է Ձեր նախընտրած հանգստի լավագույն տարբերակը:

 

-Առհասարակ պասիվ հանգիստ եմ նախընտրում, դա կարող է լինել տանը`մեկ բաժակ թեյի ու հաճելի գրքի ընկերակցությամբ կամ զբոսանքը:

 

-Իսկ խոհանոցում լինո՞ւմ եք: Ի՞նչ եք սիրում պատրաստել:

 

-Հազվադեպ, բայց լինում եմ: Հիմնականում պատրաստում եմ թխվածք, իհարկե, մայրիկիս բաղադրատոմսով. անընդհատ նրան կանչում ու հարցնում եմ, թե ինչից ինչքան պետք  է օգտագործեմ: Մայրս միշտ զարմանում է՝ ի՞նչ է պատահել, որ նման գործ եմ ձեռնարկել (ծիծաղում է-հեղ.):

 

«Փորձում եմ ինձ այնպես «թրծել», որ բարկությունը երբեք չհաղթի»

 

-Ե՞րբ եւ ինչի՞ց է հոգնում, ձանձրանում ու հիասթափվում Արփինե Հովհաննիսյանը:

 

-Եթե ֆիզիկական հոգնածությունն անտեսեմ, որը գալիս է աշխատանքային պարտավորությունների կատարման ընթացքում, ձանձրանում եմ երկար դատարկաբանող մարդկանցից, ովքեր իրականում ոչինչ չեն ասում: Մի ժամանակահատված կար, որ հոգնում էի մարդկանց բացատրելուց կամ ցույց տալուց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են մտածում: Բայց դա վաղուց էր, մի փուլ էր, որը հաղթահարելուց հետո կարողացա ամեն ինչին վերաբերվել ըմբռնումով եւ չպահանջել մարդկանցից այն, ինչն իրենք քեզ չեն կարող տալ. հակառակ դեպքում միշտ կանգնում ես հիասթափության առջեւ:

 

-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

 

-Առհասարակ, բարկացնում է ակնհայտ սադրանքն ու անարդարացի մոտեցումը, ակնհայտ ուղղորդվածությունը: Սրանք կարող են ինձ հունից հանել, թեեւ պարտադիր չէ, որ միշտ: Լինելով մի միջավայրում, որտեղ գիտես յուրաքանչյուրի  նպատակը, շարժառիթը, դրա հիմքում ընկած պատճառները, ուղղորդման աղբյուրը` ժամանակի ընթացում կանխատեսելի է դառնում դիմացինի  վարքագիծը եւ նույնիսկ այն, ինչ պետք է հունից հաներ, կորցնում է իր ուժն ու արժանանում հումորի, կատակի, հեգնանքի կամ որեւէ այլ էմոցիայի, բայց ոչ երբեք բարկության:

 

Տարիների ընթացքում փորձում եմ ինձ այնպես «թրծել», որ բարկությունը երբեք չհաղթի, քանի որ դրանից հետո, սովորաբար, շատ ավելի դժվար է լինում հետեւանքները վերացնել:

 

«Ընտրություն կատարելը հեշտ չէ»

 

- Գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում, կարծում եմ գիտեք, որ բոլորին մշտապես մի հարց է հետաքրքրում` արդյոք զբաղված է Արփինե Հովհաննիսյանի սիրտը:

 

-Ոչ:

 

- Հաջողակ ու կայացած կնոջ կամար ընտրություն կատարելը հե՞շտ չէ:

 

-Հեշտ չէ, որովհետեւ կարծրատիպերը մեզանում շատ են, իսկ կարծրատիպերի հաղթահարումը, ցավոք, բոլորին չէ, որ տրված է:

 

 -Երբեւէ կկանգնե՞ք ընտանիք-կարիերա ընտրության առջեւ:

 

- Երբեք հակադրելու կողմնակիցը չեմ, բայց հայկական իրականության մեջ չեմ բացառում նման երեւույթը: Շատ կարեւոր է, որ հակադրությունն արհեստական չստեղծեն, չհրամցնեն ու չպարտադրեն քեզ, այլ դու ինքդ կանգնես բնական ընտրության առաջ ու փորձես հասկանալ, թե որն է քեզ համար կարեւոր ու որ կողմ պետք է շարժվես: Միշտ համարել եմ, որ ընտանիքն ու կարիերան հակադրել պետք չէ. դա ուղղակիորեն կախված է այն անձանցից, ովքեր միասին պետք է որոշեն` հակադրել, թե համադրել: Դա ոչ թե հասարակության, այլ երկուսի բանաձեւումն է:

 

-Կհիշեք ամենախենթ սիրո խոստովանությունը կամ երկրպագուի կողմից Ձեզ արված անակնկալը:

 

-Իհարկե, հիշում եմ, հատկապես այն, որը բարի ժպիտ է առաջացնում, բայց, եթե թույլ կտաք, չբարձրաձայնեմ, քանի որ կատարողի համար շատ հեշտ կլինի նույնականացվելը:

 

«Պաշտոնը ոչ թե փոխում, այլ բացահայտում է մարդուն»

 

- Դուք նաեւ դասավանդում եք ԵՊՀ-ում: Որպես Ձեր նախկին ուսանող` կարող եմ փաստել, որ դասապրոցեսն ու ուսանողների հետ ջերմ շփումը Ձեզ համար միշտ հաճելի է եղել: Ի՞նչն է ձեզ այդքան կապում լսարանի ու ուսանողների հետ:

 

-Լսարանում լինելը հնարավորություն է տվել ինձ անընդհատ ուսանող զգալ, լինել հարազատ միջավայրում` համալսարանը դիտարկելով որպես հարազատ տուն: Անկախ նրանից, թե երբեւէ ինչ պաշտոն եմ զբաղեցրել, համալսարանն ինձ համար ամենահարազատ վայրն է: Իմ ուսանողներն իմ ձեռքբերումն են:  Յուրաքանչյուր ուսանող, լավ, թե վատ, իր ներդրումն ունի իմ հայացքների, այս կամ այն երեւույթի նկատմամբ իմ կարծիքի ամբողջական լինելու հարցում: Իսկապես, լսարանում ինձ երջանիկ եմ զգում: Բանալին մեկն է՝ հավատում եմ այն գործի ճշմարտացիությանը, որն անում եմ: Սիրում եմ, երբ մտնում եմ լսարան եւ հնարավորություն ունեմ ցանկացած`անգամ ամենափոքր բանը փոխանցել դիմացս նստածին. դա կլինի պարզ ընկալման միջոցով վարքագիծ, ժեստեր, խոսելու մշակույթ, թե հենց բուն մասնագիտական առարկան, որը դասավանդում եմ: Վայելում եմ այդ գործընթացը՝ վստահ լինելով, որ ուսանողն էլ երբեք չի կարող չնկատել այդ անկեղծությունը:

Արփինե Հովհաննիսյանը Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Դասավանդելն ու ուսանողի հետ շփումն ինձ համար միշտ առաջնային է եղել.  այստեղ եմ տեսել իմ մասնագիտական զարգացումը, իմ շարունակականության ապահովումը եւ շարունակում եմ այդպես համարել:

 

-Պատգամավոր կամ նախարար դառնալը փոխե՞ց Ձեր տեսակը կամ ազդեց մարդկային շփումների վրա:

 

- Ես միշտ փորձել եմ լինել հնարավորինս անմիջական: Մարդիկ շարունակում են ինձ դիմել այնպես, ինչպես դիմել են: Երբեք ոչինչ չեմ արել, որ մարդկանց թվա, թե ես փոխվել եմ: Առհասարակ, հեռու եմ այն մտքից, թե պաշտոնը ինչ-որ մեկին փոխում է: Պաշտոնը ոչ թե փոխում, այլ բացահայտում է մարդկանց, իսկ կայացած մարդկանց շատ դժվար է փոխել. սրբագրել` հնարավոր է, փոխել`ոչ:

 

Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին