Մեդիամաքս-ը գործարկում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար ներկայացնելու է 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները:
1990 թվականի Իէն Գիլանի չորս համերգները Երեւանում սոսկ մեծ երաժշտական իրադարձություն չէին: Այդ համերգները եկան ապացուցելու, որ աշխարհը իրոք փոխվում է ու «երկաթյա վարագույրը» աստիճանաբար վերանում է:
Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններով էր ուղեկցվում նման համերգների կազմակերպումը Երեւանում 1990 թվականին: Առանց չափազանցության կարելի է ասել, որ այն, ինչ արեցին համերգի կազմակերպիչները` Վահան Կարապետյանն ու իր ընկերները, իսկական հերոսություն էր: 2010 թ. մարտին, կազմակերպելով Իէն Գիլանի համերգները Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Մեդիամաքս-ը ստիպված եղավ լուծել բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ դժվարությունների միջով են անցել կազմակերպիչները 1990 թվականին: Պետք է արժանին մատուցել այդ մարդկանց: Առանց նրանց ջանքերի Իէն Գիլանը Հայաստանը երբեք իր «հոգեւոր տուն» չէր անվանի:
Պատմում է «ԿՄՕ» ՍՊԸ տնօրեն Վահան Կարապետյանը
1990 թվականին համագործակցում էի «Արվեստ» կազմակերպության հետ, որը զբաղվում էր համերգային գործունեությամբ: Երբ տեղեկացանք, որ Իէն Գիլանը մտադիր է համերգներ տալ Խորհրդային Միությունում, որոշեցինք նրան անպայման հրավիրել նաեւ Հայաստան: Տեղյակ էինք Ջոն Դիի նախաձեռնած Rock Aid Armenia ծրագրին նրա ակտիվ մասնակցության մասին, եւ Գիլանի այցը Հայաստան պետք է առանձնահատուկ նշանակություն ունենար:
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահը Հրանտ Ոսկանյանն էր, եւ մենք խնդրեցինք, որ նա ընդունի հյուրերին: Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է տեւի 30 րոպե, սակայն այն տեւեց երեք ժամ: Զրույցի թեմաները շատ տարբեր էին` Հայաստանի վիճակը, երկրաշարժի հետեւանքները, երաժշտություն, գրականություն եւ այլն: Հանդիպման վերջում Իէն Գիլանը Հրանտ Ոսկանյանին նվիրեց Rock Aid Armenia նախագծի շրջանակում թողարկված ձայնասկավառակը` Earthquake Album-ը:
Սպիտակում Գիլանին ընդունեց քաղաքապետը` Նորիկ Մուրադյանը: Չնայած երկրաշարժից անցել էր մոտ 1.5 տարի եւ ավերածություններն արդեն այդքան տեսանելի չէին, ակնհայտ էր, որ երգիչը չափազանց ազդված է տեսածից, մարդկանց պատմություններից: Նորիկ Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ Իէն Գիլանն ասաց, որ ցանկանում է Սպիտակում միջազգային երաժշտական փառատոն անցկացնել: Այդ գաղափարը, ցավոք, չիրագործվեց:
Գիլանի այցը եւ համերգները կազմակերպել ենք ընդամենը 4 հոգով` չունենալով ոչ փող, ոչ պաշտոններ, ոչ էլ հովանավորներ: Անհրաժեշտ գումարները գոյանում էին տոմսերի վաճառքից:
Մի քանի բեռնատար մեքենաներով համերգային տեխնիկա բերեցինք Մերձբալթյան երկրներից` Հայաստանում նման սարքավորումներ չկային: Հայաստանում չկար նաեւ կազմակերպություն, որը կարող էր ապահովել անվտանգությունը համերգի ժամանակ: Ստիպված եղանք անվտանգության աշխատակիցներին հրավիրել Լեհաստանից:
Նման կարգի համերգներ Հայաստանում կազմակերպվում էին առաջին անգամ, որեւէ մեկը այդ ճանապարհով չէր անցել, որ մեզ խորհուրդներ տար:
Աշխատանքի ծավալը չափազանց մեծ էր: Ընդհանուր առմամբ, պատվիրակությունը կազմված էր մոտ 30 հոգուց` երաժիշտները, տեխնիկական անձնակազմը, անվտանգության աշխատակիցները եւ այլն: Բոլորը շատ պարզ ու բարյացակամ մարդիկ էին` ոչ մի անգամ չդժգոհեցին որեւէ կենցաղային խնդիրներից:
4 համերգ կազմակերպելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ շրջագայության ժամկետները նախօրոք հաստատված էին ԽՍՀՄ «Գոսկոնցերտ»-ի կողմից եւ պետք էր դրանցում տեղավորվել: Որեւէ եկամուտ համերգներից չունեցանք: Հաշվարկել էինք, որ եկամտաբեր լինելու համար պետք է վաճառվեր տոմսերի առնվազն 80 տոկոսը, իսկ մեզ հաջողվում էր վաճառել 60-70 տոկոսը: Այնպես որ հազիվ ծախսերը փակեցինք: Բայց գումար վաստակելու հատուկ խնդիր մեջ առջեւ չէին դրել` մեզ համար առավել կարեւոր էր Գիլանին ցույց տալ Հայաստանը, ծանոթացնել նրան մեր ժողովրդի հետ, որին նա օգնության ձեռք էր մեկնել կարիքի պահին:
Վահան Կարապետյանը եւ Իէն Գիլանը
Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:
Զգացողություններս դժվար է նկարագրել, հիացմունքի ու հպարտության խառնուրդ էր, հպարտ էինք, այդ դժվարին պայամններում կարողացանք կազմակերպել համերգները:
Մի օր Արա Գեւորգյանը խնդրեց մեզ, որ իրենց «Ռալլի» խումբը հոգ տանի խնջույքներից մեկի համար: Գիլանին ու իր երաժիշտներին հրավիրեցին Ջրվեժի ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկը: Բավական ժամանակ արդեն նստած էինք, երբ կողքի սենյակից լսվեց դուդուկի ձայնը: Գիլանը անմիջապես խնդրեց, որ նվագողին հրավիրենք մեր սեղանին: Տարիքով մարդ էր, եկավ, նվագեց: Գիլանն ասաց, որ ուզում է իր վաղվա համերգին դուդուկահար հրավիրել: Անկեղծ ասաց, մտածեցի, որ գինովցած է ու վաղը կմոռանա այդ ցանկության մասին: Բայց հաջորդ օրը, տեսնելով ինձ, կրկնեց խնդրանքը: Դիմեցի Արա Գեւորգյանին, նա էր հրավիրեց դուդուկահար Արսեն Գրիգորյանին, որը նվագեց համերգի ժամանակ:
Պատմում է երաժիշտ Արա Գեւորգյանը
Այդ տարիներին «Ռալլի» խումբը, որի կազմում հանդես էի գալիս, շատ էր կատարում Deep Purple-ի ստեղծագործությունները: Անգիր գիտեի նրանց գրեթե բոլոր գործերը: Երբ իմացանք, որ Իէն Գիլանը գալիս է Հայաստան, բնականաբար, կարծում էինք, որ բավարարվելու ենք միայն նրանով, որ տեսնելու ենք վերջինիս օդանավակայանում ու համերգների ժանանակ: Իհարկե, չէինք կարող անգամ պատկերացնել, որ դրանից հետո կլինի նաեւ համատեղ ճաշկերույթ, քեֆ, եւ մեզ հնարավորություն կընձեռվի նաեւ բեմահարթակ բարձրանալ Գիլանի հետ:
Պատմությունը սկսեց նրանից, որ մենք Գիլանին եւ իր խմբին հրավիրեցինք հյուրասիրության: Այնտեղ մի դուդուկահար կար, ում կատարումից հետո Գիլանը ցանկություն հայտնեց, որ իր համերգի ժամանակ դուդուկ հնչի:
Իէն Գիլանը եւ Արա Գեւորգյանը Երեւանում, 2010թ.
Լուսանկարը` Ա. Գեւորգյանի արխիվից:
Սկզբում լուրջ չընդունեցի այդ ցանկությունը. ինձ թվաց՝ ուղղակի պահի ազդեցության տակ ասված մի բան էր: Սակայն հաջորդ օրը Գիլանը կրկնեց իր խնդրանքը ու ես զանգահարեցի դուդուկահար Արսեն Գրիգորյանին ու խնդրեցի գալ Համալիր՝ փորձին մասնակցելու: Փորձի ժամանակ ստեղնահարին բացատրեցի, որ նա պետք է սեղմած պահի ընդամենը մեկ նոտա («սի» նոտան) եւ այլ անելիք չունի: Համաձայնեց, բայց որպես երաժիշտ չէր դիմանում եւ որոշեց ակորդներով ավելի «գունավորել» ստեղծագործությունը: Տեսնելով դա՝ փորձեցի իրեն ճիշտ ուղղություն ցույց տալ, իսկ նա առաջարկեց, որ հենց ես էլ նվագեմ, իսկ ինքն իմ կողքը կկանգնի այդ ընթացքում: Այդպես մենք Արսենի հետ նվագեցինք համերգի ժամանակ: Ինչ խոսք, այդ կատարումը շատ մեծ տպավորություն թողեց իմ վրա:
Այդ օրերին Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանից զանգ ստացա: Խնդրեց, որ Գիլանին իր խմբի հետ թատրոն տանենք, իրենք էլ ծանոթանան: Կեսգիշերին գնացինք թատրոն եւ մի «գժանոց» սկսվեց: Ներկա էին Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, երաժիշտներ, դերասաններ: Մինչեւ լուսաբաց Գիլանը երգեց, մենք նվագեցինք, իրար հետ “Smoke On the Water” երգեցինք: Չեմ կարող նկարագրել այդ ուրախությունը:
1990թ. շատ էինք շփվում Գիլանի հետ, եւ նա բազմաթիվ պատմություններ պատմեց, որոնք բավականին արտասովոր էին ինձ համար: Մի բան ասաց, որը սկզբում այնքան էլ դուրս չեկավ: Երբ հարցրեցի նրան՝ գիտի արդյո՞ք, որ եկել է մի երկիր, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել, Գիլանը պատասխանեց, որ կրոնն ու դրոշներն իրեն չեն հետաքրքրում: Նա հասկացրեց, որ երգում է բոլորի համար՝ բոլոր ազգությունների ու կրոնների:
Հիշում եմ, թե ինչպես Գիլանին զարմացրեց մեր կենացը«բացակա ընկերների» համար: Նա շատ զարմացած էր ու ասաց՝ «ինչպիսի հետաքրքիր ազգ եք, որ այսպիսի կենաց ունեք»:
2010 թվականին Գիլանն ինձ առաջարկեց, որ մասնակցեմ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցման համար ստեղծված WhoCares խմբի երգերից մեկի ստեղծմանը: Բնականաբար, սիրով համաձայնեցի, եւ ինքն ինձ ուղարկեց Holy Water երգը՝ խնդրելով, որ երգին հայկական երանգ հաղորդեմ: Այս անգամ հրավիրեցի Արշակ Սահակյանին՝ իմ շատ լավ ընկերոջն ու հայտնի դուդուկահարին: Արշակը փայլուն կերպով կատարեց իր առջեւ դրված խնդիրը:
Պատմում է Rock Aid Armenia նախագծի հիմնադիր Ջոն Դին
1988թ. դեկտեմբերի 7-ին, ինձ զանգահարեցին Վաշինգտոնից ու ասացին, որ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինձ խնդրեցին օգնել առաջին արտասահմանյան նկարահանող խմբի Հայաստան մեկնումը կազմակերպելու հարցում:
Տեսնելով աղետի գոտում արված կադրերը՝ որոշեցի ձեռնարկել միջոցների հավաքագրում Rock Aid Armenia նախագծի ներքո: Դեւիդ Գիլմորը Pink Floyd-ից առաջին մարդն էր, ում ես զանգահարեցի, եւ նա առաջին աստղն էր, որը համաձայնեց մասնակցել ծրագրին: Սակայն, անկասկած, ամենամեծ ներդրումն ունեցավ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը:
Ջոն Դին եւ Դէվիդ Գիլմորը, 1989թ.
Լուսանկարը` Ջոն Դիի արխիվից:
1990թ. մայիսին այցելեցի Հայաստան եւ Իէնի հետ միասին ուղեւորվեցի երկրաշարժի գոտի: Rock Aid Armenia նախագծի շրջանակներում նոր էի թողարկել “The Earthquake Album”-ը, որը Բրիտանիայում դարձավ «ոսկե»: Իէնի հետ միասին ցանկանում էինք մեր աչքերով տեսնել այն, ինչ տեղի էր ունենում աղետի գոտում:
“Smoke on the Water” ալբոմի ու սինգլի հաջողության շնորհիվ ես ծանոթ էի Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանի եւ նրա թիմի հետ: Նրանք աջակցեցին, որպեսզի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան հովանավորեր իմ այցը, եւ դա շատ դռներ բացեց: Չնայած դրան, КГБ-ն հետեւում էր ինձ: Ամենազավեշտալի դեպքը տեղի ունեցավ Մոսկվայի օդանավակայանում, երբ սպասում էի «Աէրոֆլոտի» չվերթին դեպի Երեւան: Վարդագույն կոստյումով մի մարդ անգլիական թերթ էր կարդում՝ ապարդյուն փորձելով արեւմտյան զբոսաշրջիկ երեւալ: Ուշադիր նայելով նկատեցի, որ նա թերթը բռնել էր գլխիվայր: Ձեռքի շարժումով նրան ցույց տվեցի, որ ավելի հարմար կլինի թերթը կարդալ ճիշտ դիրքով: Նա նայեց թերթին, ծիծաղեց իր վրա, աչքով արեց ինձ ու ժպտաց: Ես էլ ի պատասխան ժպտացի:
Ինքնաթիռն այնքան կցված էր, որ որոշ մարդիկ կանգնած էին ողջ թռիչքի ժամանակ: Մի քանիսն իրենց հետ նույնիսկ հավեր էին տեղափոխում: Մի խոսքով, դա հեռու էր նրանից, ինչին ես սովորել էի բրիտանական ավիաուղիներում: Ինքնաթիռի վիճակը թռիչքից առաջ անհանգստացնում էր ինձ, սակայն վայրէջքը շատ ավելի վախենալու էր: Մենք կտրուկ իջանք եւ այնպիսի կոշտ վայրէջք կատարեցինք, որ ամբողջ ուղեբեռը ցած ընկավ նստատեղերի վերեւի դարակներից: Երբ ինքնաթիռը ցատկոտեց ասֆալտի վրա, մեր սրտերը կանգ առան: Նույնիսկ տեղի ուղեւորներն էին շփոթված երեւում:
Իէն Գիլանը եւ Բրայան Ադամսը, 1989թ.
Լուսանկարը` Մայքլ Պուտլանդ:
Հաջորդ օրը Իէնի հետ մեկնեցինք Սպիտակ: Մեզ տրամադրեցին գեղեցիկ լիմուզին («Չայկա»-Մեդիամաքս), որը, կարծես վերցված լիներ 50-ականների հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումներից: Սպիտակի ճանապարհը երկար էր, եւ մենք Իէնի հետ երկար ժամանակ ունեինք Rock Aid Armenia ծրագրի մասին խոսելու համար:
Չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում երկրաշարժի գոտում: Ինչ-որ մեկը ժամանակ կունենա՞ արդյո՞ք մեզ ցույց տալ ամեն բան: Մեզ ներս կթողնե՞ն արդյոք մարդկանց տներ: Հսկայական քանակությամբ հարցեր էին անցնում մեր մտքով ճանապարհի ընթացքում:
Առաջինը, ինչ մենք տեսանք, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն էր: Գերեզմանոցը հեռու չէր, եւ մենք նկատեցինք, որ Հայաստանում գերեզմանաքարերը խիստ տարբերվում են նրանցից, որոնք ընդունված են Արեւմուտքում: Դրանց վրա լուսանկարչական ճշգրտությամբ պատկերված էին մահացածների դեմքերը: Ամենաշատը մեզ ցնցեցին երեխաների նկարներով տապանաքարերը: Իէնին ու ինձ ցույց տվեցին մի տապանաքար, որի վրա ամբողջ ընտանիքի նկար էր: Հետադարձ ճանապարհին տեսանք անթիվ քանակությամբ քարեր նման դեմքերով… Մեզ համար չափազանց դժվար էր զսպել զգացմունքները:
Ապա Սպիտակում ուղեւորվեցինք միջազգային ավանը: Նախ` հանդիպեցինք տարեց մի կնոջ, որը ապրում էր ընդամենը մեկ սենյակից բաղկացած ժամանակավոր տնակում: Ներս մտնելով՝ տեսանք նրա հարազատների լուսանկարերով պատված պատը: Մատնացույց անելով նկարները՝ նա լաց եղավ: Թարգմանիչն ասաց, որ նրանք բոլորը մահացել են: Նա մեզ հետ խոսում էր մի լեզվով, որը մենք չէինք հասկանում, սակայն մեզ թարգմանություն հարկավոր չէր: Նրա ձայնն ու հեկեկանքը բացատրում էին ամեն ինչ: Կյանքի մայրամուտին նա կորցրել էր ամբողջ ընտանիքը: Իէնը նուրբ գրկեց նրան: Նա նայում էր կնոջ աչքերին ու ոչինչ չէր ասում: Դա նույնիսկ պետք էլ չէր: Ես բռնեցի նրա ձեռքերը, եւ նա գլուխն իմ ուսին դրեց: Զգացի նրա արցունքներն իմ պարանոցին: Ես ընդամենը 27 տարեկան էի եւ նախկինում երբեւէ չէի զգացել անծանոթ մարդու այսպիսի վիշտ: Վիշտը համակեց սենյակը…
Ջոն Դին եւ Պետ Քեշը, 1991թ.
Լուսանկարը` Ջոն Դիի արխիվից:
Ապա Իէնն ու ես տեսանք մի բան, ինչն ավելի ցնցեց մեզ: Գնացինք ժամանակավոր կացարանում տեղակայված դպրոց եւ մտանք «որբերի դասարան»: Պարզվեց, որ այստեղի երեխաներից շատերը կորցրել են իրենց ընտանիքները: Մայրերին, հայրերին, եղբայրներին, քույրերին, տատիկներին, պապիկներին: Երեխաների աչքերն ինձ այնպես խորը ցնցեցին, որ մինչ օրս չեմ կարող այդ օրվա մասին բարձրաձայն խոսել: Նայելով նրանց աչքերին՝ տեսնում ես, որ նրանք դեռ կենդանի են, սակայն զգում ես, որ հոգեպես մահացել են: Հայտնաբերեցի, որ աչքերիցս արցունքներ են հոսում, երբ գրում եմ այս տողերը: Ես գիտակցում էի, որ հնարավոր չէ մեղմել այդ երեխաների վիշտը: Դա սղոցում էր իմ հոգին այն ժամանակ, եւ հիշելով այդ հանդիպման մասին՝ այն կեղեքում է հոգիս նաեւ այսօր:
Մենք վերադարձանք մեքենա: Ոչ ոք չէր խոսում: Պարզապես չէինք կարող խոսել: Մենք շոկի մեջ էինք տեսածից: Անցնելով փլատակների կողքով՝ մենք չէինք կարող հարց չտալ՝ ինչպե՞ս կարող է հասարակությունը ոտքի կանգնել այսպիսի ամայացումից ու վշտից: Մենք կանգ առանք, որպեսզի հարցազրույց նկարահանենք MTV-ի համար: Հիշում եմ՝ այդ ժամանակ ասում էի, որ այս հողը դեռ տասնամյակներ օգնության կարիք կունենա: Իհարկե, այդ ժամանակ չէի կարող գուշակել, որ Իէնն ու ես կվերադառնանք 20 տարի անց՝ փորձելով մի փոքր լումա ներդնել:
Երեւան վերադառնալու ճանապարհին մեքենայի մեջ կրկին քար լռություն էր տիրում: Ոչ ոք չէր ցանկանում խոսել: Բոլորս գտնվում էինք մեր սեփական աշխարհում, որտեղ մեզ հետապնդում էին մեր տեսածի ստվերները: Ի վերջո, ինչ-որ մեկը մի բան ասաց, ինչը բոլորիս ծիծաղեցրեց, եւ մենք սկսեցինք խոսել նաեւ մեր տեսած դրական պահերի մասին: Մեքենայում տիրող իրավիճակն աստիճանաբար լիցքաթափվեց:
Երեկոյան կանգնած էի բեմի խորքում՝ հետեւելով Իէնի համերգին Մարզահամերգհային համալիրում: Երբ հնչեց առաջին նոտան, մենք ականատես եղանք ամբոխի անհավանական հզոր արձագանքին: Իէնը դրան պատասխանեց լավագույն շոուով, որը ես երբեւէ տեսել էի նրա կատարմամբ:
Սպիտակ կատարած այցից հետո ես հասկացա, որ Rock Aid Armenia նախագծի հաջողությունը չէր որոշվում այն գումարի ծավալով, որը մեզ հաջողվել էր հավաքագրել. գլխավորը մարդկանց ոգու բարձրացումն էր: Երկրաշարժից 17 ամիս անց համաշխարհային ԶԼՄ-ները Հայաստանի մասին այլեւս չէին խոսում: Բայց այն հանգամանքը, որ համաշխարհային խոշորագույն ռոք-աստղերից ոմանք դեռ փորձում էին օգնել, ոգեւորում էր մարդկանց: Նրանք հասկանում էին, որ մոռացված չեն:
Սպիտակում կենացներից մեկի ժամանակ ինչ-որ մեկն ասաց, որ երկրաշարժի օրը երաժշտությունը մահացավ: Մեզ ասացին նաեւ, որ վերքերը կլավանան այն ժամանակ, երբ երաժշտությունը վերադառնա հայերի սրտերը: Երբ 2009 թվականին որոշեցի վերաթողարկել Rock Aid Armenia-ի շրջանակներում ձայնագրված Smoke on the Water-ը, ցանկանում էի, որպեսզի միջոցներն ուղղվեն երեխաների հետ կապ ունեցող մի ծրագրին: Մեդիամաքսի ու Հայ օգնության ֆոնդի օգնությամբ մենք որոշեցինք փորձել վերականգնել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը:
Իէն Գիլանը եւ Ջոն Դին Երեւանում, 2010թ..
Լուսանկարը` Մեդիամաքս
Այժմ այդ դպրոցը կառուցվում է, եւ այն ջանքերը, որոնք Իէնն ու ես սկսել էինք գործադրել տարիներ առաջ, կհանգեցնեն դրական արդյունքի: Այնպիսի արդյունքի, որը երաժշտությունը կվերադարձնի պատանի հայերի սրտեր: Այն, որ մենք դա անում ենք Հայ օգնության ֆոնդի ու Մեդիամաքսի մեր հայ ընկերների հետ, հատկապես կարեւորում է ծրագիրը մեզ համար:
Ինձ համար պատիվ է, որ ինձ Հայաստանի բարեկամ են համարում: Այդ երկիրը հատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում: Գիտեմ, որ կարող եմ խոսել նաեւ Իէնի անունից. այն, ինչ մենք տեսանք Սպիտակում շատ տարիներ առաջ, մեզ հետ կմնա մինչեւ մեր կյանքի վերջը:
Իէն Գիլանը եւ Ջոն Դին հանդիպում են ՀՀ նախագահ Սերժ Սարգյսանին, 2010թ..
Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ:
Հատվածներ «Իէն Գիլան. փառքի ճանապարհով» գրքից
Մայիսի 17-ից 20-ը Գիլանին ծափահարում էր Հայաստանը: Բեմի ու հանդիսականի միջեւ չկար ոչ մի սահման, համերգի ժամանակ Իէնը սեղմում էր երկրպագուների ձեռքերը, ինքնագրեր էր բաժանում եւ այլն: Կարգուկանոն էին ապահովում միայն բեմի կողքերին կանգնած երկու թիկնապահները: Երկրպագուներն անընդմեջ ձայնարկում էին՝ «Գիլան-Գիլան», մթնոլորտը հիրավի ֆանտաստիկ էր: Առաջին երեկոյի ընթացքում “Ain't No More Cane On The Brazos” երգից առաջ Գիլանն ասաց, որ այն նվիրում է երկրաշարժի անմեղ զոհերին:
Երրորդ օրը համերգի կեսին ձեքռսեղմումների ընթացքում երկրպագուները Գիլանին բեմից ներքեւ իջեցրին իրենց մոտ: Երգչի հետեւից արագ ցած իջան երկու թիկնապահները, եւ երբ Իէնը բեմ վերադարձավ, կրծքին այլեւս չկար շերիֆի հայտնի կրծքանշանը: Տեսնելով դա՝ նա ծիծաղեց, ինչ-որ բան ասաց եւ շարունակեց երգել: Այդ ընթացքում խմբի երաժիշտներն անվրդով շարունակում էին նվագել:
Վերջին համերգի ընթացքում բեմ հրավիրվեց մի երաժիշտ, որը շուրջ 10 րոպե դուդուկ էր նվագում: Գեղեցիկ երաժշտությունից սահուն անցում կատարվեց “Ain't No More Cane On The Brazos” երգին: Հանդիսատեսը ձայնակցում էր Գիլանին, եւ ամբողջ սրահում երեւում էին կրակայրիչների «սահող» լույսերը: Համերգի ավարտին մի աղջիկ առանձնացավ ամբոխից եւ բառացիորեն թռչելով Գիլանի վրա՝ գրկեց նրան ոտքերով ու ձեռքերով եւ կրքոտ համբուրեց շուրթերը: Թիկնապահները դժվարությամբ հեռացրին երկրպագուհուն երգչից: Իէնը ժպտաց, նուրբ գրկեց նրան եւ ժեստերով թիկնապահներին խնդրեց աղջկան ուղեկցել ներքեւ՝ հանդիսականների մոտ:
Բոլոր չորս համերգների ընթացքում խումբը հանդես եկավ նույն երգացանկով՝ Gut Reaction, Black Night, Living For The City, Strange Kind Of Woman, Ain't That Loving You Baby, Nothing To Lose, Ain’t No More Cane On The Brazos, I Thought No, Knocking At Your Back Door, Puget Sound, Sweet Lolita, Trouble, New Orleans, Lucille, Smoke On The Water:
«Իէն Գիլան՝ գերաստղ»
1990 թ-ի մայիսին «Էխո Պլանետի» ամսագրում հրապարակվեց Իէն Գիլանի հետ հարցազրույցը, որը վերնագրված էր «Իէն Գիլան՝ գերաստղ»: Հարցազրույցը նվիրված էր Խորհրդային Միությունում երգչի շրջագայության մեկնարկին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ հարցազրույցից, որը վարել էին ՏԱՍՍ-ի թղթակիցներ Անդրեյ Բիրյուկովն ու Ալեքսանդր Սիսնյովը:
***
ԽՍՀՄ-ում սպասվելիք շրջագայություններից առաջ մեր զրույցն առաջին հանդիպումը չէր Գիլանի հետ: Նրա հետ ծանոթացել էինք «Ռոքն օգնում է Հայաստանին» բարեգործական ձայնասկավառակի շնորհանդեսի ընթացքում: Այդ ժամանակ երգիչը շատ ջերմ էր արտահայտվել մեր երկրի մասին: Իսկ այժմ նա պատրաստակամությամբ է արձագանքում «Էխո Պլանետի» ամսագրին հարցազրույց տալու խնդրանքին ու մեզ հրավիրում իր տուն:
Լոնդոնից մեկուկես ժամվա ճանապարհ անցնելուց հետո հասանք Քաբլինգ բնակավայր: Հենց այստեղ՝ Ռիդինգ-լեյն փողոցի «Օլդ Մենոր-հաուզ» առանձնատանն է ապրում երգիչը: Մեքենան հազիվ էր մոտեցել տանը, երբ դռան մոտ հայտնվեց տերը՝ վարդագույն սպորտային վերնաշապիկով ու երկնագույն ջինսերով: Նրա կողքին կանգնած էր չորքոտանի արարած՝ վզկապին ամրացված անորոշ նշանակության պլաստիկ լայնվածքով:
- Սա Ռուֆուսն է,- բացատրեց Իէնը, նկատելով այն զարմանքը, որով մենք զննում էինք «տիեզերքից ժամանած այլմոլորակայինին»: - Վնասել է առջեւի թաթերը, իսկ վիրակապ տանել չի կարող, միանգամից պատռում է: Ստիպված էինք խորամանկ սարք հագցնել նրան՝ իր իսկ օգտի համար:
Տուն մտնելով՝ տեսանք «կենդանիների իսկական թագավորություն»: Երկու կատու, դեղձանիկ, մեծ ակվարիում ամենաանհավանական երանգներ ունեցող ձկնիկներով: «Ամեն մեկն իր անունն ունի»,- մտերմիկ տեղեկացրեց 6-ամյա Գրեյսը՝ Գիլանի դուստրը: Բացի դժբախտ Ռուֆուսից, սենյակներում շրջում էին եւս երեք թափառական շներ:
Իէն Գիլանը, 1989թ.
Լուսանկարը` Մայքլ Պուտլանդ:
- Իրականում մենք ցանկանում էինք մեկ շուն վերցնել,- ասում է Իէնը,- բայց երբ կնոջս հետ եկանք անտուն կենդանիների ապաստան եւ այս չորսին տեսանք մեկ վանդակում, չդիմացանք ու բոլորին տուն բերեցինք:
Գիլանը մեզ հրավիրեց տեսնել իր տունը՝ ոչ առանց հպարտության հավելելով, որ շատ գործեր՝ հյուսնի աշխատանքից մինչեւ կոյուղու մոնտաժում, կատարել է սեփական ձեռքերով:
***
- Իէն, որքան մեզ հայտնի է, ԽՍՀՄ տարածքում քո շրջագայությունը նախատեսված էր մարտ ամսին: Մենք տեղեկացրել էինք այդ մասին եւ, անկեղծ ասած, մեղավոր զգացինք մեզ ռոքի խորհրդային սիրահարների առջեւ, երբ ժամանակացույցը խափանվեց: Ի՞նչ է պատահել: Կազմակերպչական թերություննե՞ր են:
- «Մեղավոր» է, եթե կարելի է այդպես ասել, իմ Naked Thunder («Մերկ որոտ») ձայներիզը: Ինձ թվում էր, թե կհասցնեմ մարտին լինել ԽՍՀՄ-ում, ապա ուղեւորվել Արեւմտյան Եվրոպա՝ դրա գովազդով զբաղվելու նպատակով: Բայց ձայնագրման արեւմտագերմանական ընկերությունը ձայներիզի թողարկումը հետաձգեց մինչեւ հուլիս, եւ մենք որոշեցինք մի փոքր էլ աշխատել ստուդիայում:
- Ռոքի խորհրդային սիրահարները կլսե՞ն այդ նորույթները:
- Այո, շրջագայության ծրագրում մենք ներառել ենք մի քանի նոր կոմպոզիցիաներ: Բայց կերգենք նաեւ արդեն ժամանակով փորձվածները՝ Deep Purple-ի ու Ian Gillan band խմբի առավել հայտնի հիթերը, դասական ռոք, օրինակ, Լիթլ Ռիչարդի «Լյուսիլը» եւ այլն: Հետաքրքիր է, թե ինչպես կընդունեն մեր երաժշտությունը ձեզ մոտ, առավել եւս, ըստ իմ ունեցած տեղեկությունների, մեր երթուղում կան քաղաքներ, որտեղ արեւմտյան խմբերը հազվադեպ են ելույթ ունենում:
***
- Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ում համերգների ընթացքում ձեր բազմաթիվ գործընկերների մոտ խնդիրներ են առաջացել սարքավորումների հետ կապված: Նրանք ստիպված են եղել իրենց հետ տանել բազմատոննայանոց բեռ…
- Հիմնականում մենք օգտվելու ենք այն տեխնիկայից, որն օգտագործել է Black Sabbath խումբն իր լենինգրադյան շրջագայության ընթացքում, բայց ինչ-որ բաներ, իհարկե, կբերենք մեզ հետ: Հուսով եմ, համերգները լավ կընթանան, եւ հանդիսատեսը գոհ կմնա:
***
- Հիշում եմ, Ձեր կողմից Ուեբերի օպերայում Հիսուս Քրիստոսի հատվածի կատարումն արդարացիորեն անվանվեց իրադարձություն երաժշտական կյանքում: Դուք գուցե գիտեք, որ մեզ մոտ եւս օպերան վայելում է ֆանտաստիկ, պարզապես աներեւակայելի մասսայականություն, թեեւ պաշտոնական «մշակութային գերատեսչություններն», ինչպես միշտ, այնպիսի կեցվածք են ընդունում, թե այդպիսի ստեղծագործություն պարզապես գոյություն չունի: Մանրամասն կպատմե՞ք այդ գործի մասին:
- «Հիսուս Քրիստոս - գերաստղ» ռոք-օպերայի ձայնագրությանն ինձ հրավիրեց Թիմ Ռայսը: Նա չհասավ այնպիսի փառքի, ինչպես Էնդրյու Լլոյդ Ուեբերը, մինչդեռ հենց Թիմը մեծապես կանխորոշեց ստեղծագործության հաջողությունը: Նա կատարեց հսկայական ուսումնասիրություն, գրեց հիասքանչ տեքստ: Ես, ի դեպ, կարծում եմ, որ երաժշտական առումով ավելի մեծ է ոչ այնքան կոմպոզիտորի, որքան դերակատարների ու կատարողների դերը. այդ նրանք են իրենց իմպրովիզացիոն վարպետությամբ օպերան հասցրել այն հնչողությանը, որով նա հայտնի է: Ուեբերի հետ մեր համագործակցությունը «Հիսուս Քրիստոս»-ից հետո չշարունակվեց, թեեւ հետագայում ինձ առաջարկվեց երգել գեներալ Պերոնի հատվածը նրա նոր՝ «Էվիտա» ստեղծագործության մեջ: Ինձ թվաց, որ այդ երաժշտությունն արդեն նման է կաբարեի, եւ ես չհամաձայնեցի: Ազդեցին նաեւ անձնական դրդապատճառները. Ուեբերն ավելի ու ավելի մեծ իշխանություն էր ձեռք բերում, իսկ Ռայսի հեղինակությունն ընկնում էր: Իմ կարծիքով՝ անարդար է: Իսկ Թիմին ես շատ լավ եմ վերաբերվում…
***
Պատրաստվելով գնալ ԽՍՀՄ՝ մենք հույս ունենք, որ ուղեւորությունը մեզ համար ճանաչողական կլինի,- ասում է Գիլանը: - Ցանկանում ենք ծանոթանալ ձեր երկրի տարբեր ազգերի, նրանց բնավորությունների, մշակույթների հետ: Վստահ եմ, մենք շատ բան կտեսնենք ու ինչ-որ բան կսովորենք: Այլ բան է, երբ Խորհրդային Միության մասին կարդում ես թերթերում, լսում ես քաղաքական գործիչներին ու գործարար մարդկանց, մեկ այլ բան, երբ անձամբ ես զրուցում հասարակ մարդկանց հետ: Ինձ հետաքրքրում է հասարակ մարդկանց կենցաղային փիլիսոփայությունը, նրանց համակրանքներն ու հակակրանքները…
Իէն Գիլանը, 1990թ.
Լուսանկարը` Իէն Գիլանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում:
Պատմում է Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանը
Թատրոնում հավաքվել էր շուրջ 50-60 մարդ, շատերն, իհարկե, գիտեին, որ մեզ հյուրընկալվելու է Իէն Գիլանը:
Այդ տարիներին մեր թատրոնում ակտիվ գործում էր ջազ-ակումբ: «Կապույտ դահլիճում» հիմնականում նվագում էր մեր քառյակը: Բոլորը գիտեին, որ ներկայացումներից հետո՝ երեկոյան ժամը 10-ին, կարելի է այնտեղ լիցքաթափվել:
Երբ հայտնվեց Գիլանը, թատրոնում աղմուկ բարձրացավ: Նա եկել էր իր երաժիշտների հետ: Մեր գաղափարը պարզապես հավաքվելն ու իրար հետ խմելն էր, մենք չէինք մտածում, որ նա կերգի:
Սկզբում նվագում ու երգում էին ինչպես նրա, այնպես էլ մեր երաժիշտները: Ավելի ուշ երգեց նաեւ ինքը Գիլանը: Դա խելահեղ գիշեր էր: Անհասկանալի էր՝ ով է երգում, ով պարում, դաշնամուրի մոտ կարող էին հայտնվել միաժամանակ վեց նվագողներ:
Այդ սրահում մենք չէինք կարող շատ մարդ հավաքել, շատ նեղ շրջանակով էինք, բոլորը գիտեին, որ հրաշք է տեղի ունենալու:
Պատմում է «Այաս» ռոք-խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Միտինյանը
Երկրպագուները, այդ թվում նաեւ մեր խումբը, Գիլանին հանդիպեցին «Դվին» հյուրանոցում, որտեղ նա ապրում էր: Մենք համեստ կանգնած էինք մուտքի մոտ, երբ երեւաց Գիլանը:
Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:
Նա շատ սիրալիր ու պարզ էր մարդկանց հետ շփման մեջ եւ ինքը մոտեցավ մեզ: Իմ ձեռքում ինչ-որ ամսագիր էր, արդեն չեմ հիշում, թե ով էր պատկերված շապիկին: Ես ամսագիրը մեկնեցի նրան ինքնագիր ստանալու համար: Իսկ մեր թմբկահար «Ռեմբոյի» ձեռքի տակ ոչինչ չկար, ու նա տվեց իր անձնագիրը, եւ Գիլանը ինքնագիր թողեց հենց դրա մեջ:
Պատմում է Մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից (համալիրի սպորտային միջոցառումների բաժնի ավագ ինժեներ) Վահան Մանոյանը
Ես եւ ընկերներս Deep Purple խմբի մեծ երկրպագուներ ենք: Իէն Գիլանին մեր բեմում հյուրընկալելն արդեն իսկ մեծ իրադարձություն էր մեզ համար, բայց մեր ուրախությունը կրկնապատկվեց, երբ համերգից հետո հնարավորություն ընձեռնվեց նաեւ անմիջական շփում ունենալ նրա հետ: Քանի որ լեզվական խնդիր կար, մեր շփումը հնարավոր էր դառնում բեմական սարքավորումների բաժնի պետի միջոցով` նախկին օդաչու էր եւ տիրապետում էր անգլերենին:
Մեր հետ հանդիպման ժամանակ Գիլանը շատ անմիջական էր: Հայկական գինի հյուրասիրեցինք, եւ նրան շատ դուր եկավ: Հանդիպման ժամանակ ասում էր, որ «երկաթյա վարագույրից» այն կողմ ԽՍՀՄ-ն իրեն իսկական չարիք է թվացել, սակայն այստեղ հանդիպել է շատ բարեհոգի մարդկանց: Նրան հատկապես զարմացրել էր ռոքի հանդեպ մեր ջերմ վերաբերմունքը եւ երկրպագության բարձր մակարդակը:
Խմբի անդամներն իրենց հետ բերել էին ամեն ինչ, եւ Գիլանը հարդարանքի սենյակում իրեն կարող էր զգալ ինչպես տանը: Իրենց հետ բերել էին շատ գարեջուր, որը շարունակ խմում էին: Բերել էին նաեւ հեծանիվներ եւ բասկետբոլի գնդակներ. ետնաբեմում հեծանիվ էին քշում: Տպավորվել է նաեւ, որ Գիլանն իր հետ բերել էր մի լամպային շրթհարմոն, որը շատ հին էր:
Համերգը շատ լավ անցավ: Անմոռանալի էր “Smoke on the water” երգի կատարումը, հավատս չէր գալիս, որ մեր առջեւ ելույթ է ունենում Իէն Գիլանը: Չգիտեմ` ինչով էր պայմանավորված, բայց ի զարմանս մեզ, մեր ոգեւորությունը կիսողները քիչ էին: Դահլիճը լեցուն չէր: Հիշում եմ, որ Գիլանի համերգից մի քանի օր հետո նույն դահլիճում ելույթ էր ունենում ուզբեկական «Յալլա» խումբը, եւ դահլիճը լեփ-լեցուն էր:
Պատմում է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը
1990 թվականի գարնանային մի օր էր: Դպրոցից վերադառնում էի, ու գրեթե տուն էի հասել էի, երբ մի բան տեսա ու տեղում քարացա: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող ծաղկի խանութի պատին սպիտակ ներկով, մեծ տառերով գրված էր. IAN GILLAN IN ARMENIA: MAY 17-20, 1990: Դժվար էր հավատալ, որ դա իրական «ազդագիր» է ու ոչ թե ինչ-որ մեկի չար կատակը: Հեքիաթային բան էր: Այդ ժամանակ Deep Purple-ին երկրպագելու ամենավառ շրջանն էի ապրում եւ ուղեղս հրաժարվում էր պատկերացնել, որ մի ամսից Իէն Գիլանին կկարողանամ տեսնել ու լսել Երեւանում:
Առաջին համերգին գնացինք մեր դասարանի Էլիզայի հետ`նա Երեւանի սակավաթիվ «մետալիստներից» մեկն էր: Մեր տեղերը տրիբունայում էին, սակայն մի քանի երգ լսելուց հետո իջանք ներքեւ ու շարունակեցինք լսել համերգը արդեն կանգնած: Անկեղծ ասած, այդ համերգից շատ բան չեմ հիշում` անհամեմատ ավելի վառ հիշողություններ ունեմ վերջին` չորրորդ համերգից:
Այդ համերգին շատ պատահական հայտնվեցի: Մեր ընկերոջ ծննդյան օրն էր, նրանց տանը հավաքված ուրախանում էինք: Հանկարծ պարզվեց, որ տան տերերը Գիլանի համերգի տոմսեր ունեն, սակայն չեն գնալու: Որոշեցինք վերցնել այդ տոմսերը ու գնալ` մանավանդ որ գտնվում էինք համալիրի անմիջական հարեւանությամբ: Գնացինք երեք դասընկերներով` Ավիկ Էլոյանը, Նաիրի Պետրոսյանը ու ես: Հենց տանից դուրս եկանք, ահավոր անձրեւ սկսվեց, որի տակ վազում էինք Կիեւյան կամրջով: Ոտքից գլուխ թրջված հասանք համալիր: Անմիջապես տեղ գրավեցինք հենց բեմի մոտ: Այստեղ գտնվելը բոլորովին ուրիշ էր` քեզ էր փոխանցվում ոչ միայի Գիլանի ու նրա երաժիշտների, այլեւ կողքդ պարող ու գոռացող հարյուրավոր մարդկանց էներգետիկան: Պարբերաբար Գիլանը կռանում էր ու ձեռքով խփում երկրպագուների ձեռքերին: Իմ բախտն էլ բերեց` նայեց դեմքիս ու ձեռքիս խփեց: Միեւնույն է, թվում էր, որ երազ է: Իսկապես հավատալու բան չէր:
Իէն Գիլանը, 1990թ.
Լուսանկարը` Իէն Գիլանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում:
Համերգի մեծ մասը Ավիկը անցկացրեց ուսերիս վրա, սակայն դա ինձ որեւէ անհարմարություն չէր պատճառում` էյֆորիան անում էր իր գործը: Անմոռանալի էր, երբ բեմ դուրս եկավ դուդուկահարը եւ Գիլանն ասաց, որ երգը նվիրում է Սպիտակի երկրաշարժի զոհերին: Բոլորը վառեցին կրակայրիչները ու լուցկիները` նման բան միայն ֆիլմերում էինք տեսել:
Համերգից հետո որոշեցինք փորձել ինքնագիր ստանալ Գիլանից: Երեքով գնացինք համալիրի ծառայողական մուտքի մոտ, որտեղ հավաքվել էին եւս 20-30 երիտասարդներ: Բավական երկար սպասեցինք, երեւի մոտ 2 ժամ: Սակայն Գիլանը դուրս չէր գալիս, իսկ մեզ ներս չէին թողնում: Ի վերջո, երբ մոտենում էր կեսգիշերը, որոշեցինք, որ ես ու Ավիկը տուն կգնանք, իսկ Նաիրին կմնա ու ինքնագրեր կվերցնի բոլորիս համար: Հենց տուն մտա, զգացի վալոկորդինի սուր հոտը: 14 տարեկան էի ու առաջին անգամ էի տուն գալիս կեսգիշերին: Մայրս, տեսնելով ինձ, այնքան ուրախացավ, որ շատ չբարկացավ վրաս: Արդեն պառկել էի, երբ տուն եկավ հայրս` հորաքրոջս հետ գնացել էին մեզ փնտրելու ու համալիրի ծառայողական մուտքի մոտ հայտնաբերելով Նաիրիին` գրեթե բռնի ուժով տարել էին տուն:
Մի քանի ամիս անց Գիլանի ինքնագրին ի վերջո տիրացա` փոխանակեցի այն Rolling Stones խմբի «իսկական» ձայնապնակի հետ: Ինքնագիրը դրեցի շրջանակի մեջ ու այն մոտ 10 տարի կախված մնաց սենյակիս պատին…
Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:
Իհարկե, 1990 թվականին անգամ երազել չէի կարող այն մասին, որ 19 տարի անց Իէն Գիլանին պիտի հրավիրեմ Հայաստան մեր «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում: Երբ նա ժամանեց 2009 թվականի հոկտեմբերին, օդանավակայանում կանգնած մտածում էի, թե ի՞նչ պետք ասեմ, երբ տեսնեմ: Ահավոր անհանգիստ էի ու շփոթված: Եկավ, բարեւեցինք, ներկայացա: Ասացի, գիտեք, 1990 թվականին այնքան երկար ձեզ սպասեցի, որ ինքնագիր վերցնեմ, բայց չստացվեց: Մեղմ ժպտաց ու միանգամից հասկացա, որ անհանգստությունս իզուր է` մեր հյուրը ոչ թե աստղ է, այլ շատ լավ ու շատ բարի մի մարդ, որի հետ մեր կապը երկար է շարունակվելու: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է…
Նախագծի վրա աշխատել են` Արա Թադեւոսյանը, Արամ Արարատյանը, Էլեոնորա Արարատյանը, Մարիամ Մանոյանը, Կարինե Պետրոսյանը:
Շնորհակալություն ենք հայտնում` Նաիրա Շահսուվարյանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: