Նորագույն պատմություն [մաս 4]. Web 1.0-ը Հայաստանում` Starfish ու Freenet - Mediamax.am

exclusive
32970 դիտում

Նորագույն պատմություն [մաս 4]. Web 1.0-ը Հայաստանում` Starfish ու Freenet



Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը:

Այսօր, երբ կյանքը չենք պատկերացնում առանց Facebook-ի, YouTube-ի, Twitter-ի, շփման եւ հաղորդակցման այլ գործիքների, գրեթե անհնար է պատկերացնել, որ 14 տարի առաջ Հայաստանում մարդիկ չաթում շփվելը համարում էին հրաշքի նման մի բան: Ու եթե նախկինում կային սերունդներ, որոնք երբեք չաթ չէին արել, քանի որ պատկերացում չունեին, թե դա ի՞նչ է, ապա այսօր ունենք մի սերունդ, որը թեեւ լսել է չաթի մասին, սակայն երբեք դրանով չի զբաղվել` հաղորդակցման առավել հարմար հնարավորություններ ունենալով:

Starfish ու Freenet` այս երկու անունները փոխել են շատերի կյանքը Հայաստանում` հնարավորություն տալով զարգացնել կարիերան, գործնական կապեր հաստատել, ինչպես նաեւ` ընտանիքներ ստեղծել: Այսօր պատմում ենք հայկական հին ու բարի Web 1.0-ի մասին:

«Ինտերնետ Հանրություն» (ISOC-AM) ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյան` Freenet-ը միանշանակ բրենդ է

1993 թվականին մասնակցեցի Սան Ֆրանցիսկոյում կայացած Առաջին Համաշխարհային ինտերնետ կոնֆերանսին: Այդ ժամանակ աշխատում էի Ամերիկյան Համալսարանում` որպես համակարգչային բաժնի վարիչ: Ամերիկյան համալսարանի հիմնադիրները շատ առաջադեմ ամերիկահայեր էին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին ինձ գործուղել ԱՄՆ` Հայաստանի ազգային դոմեյնի (am) կառավարումը կարգավորելու նպատակով:

Սան-Ֆրանցիսկոյում դասընթացներ անցա՝ ազգային դոմեյնի կառավարման վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ստեղծեցինք նախաձեռնող խումբ, որը 1995 թ. հիմնադրեց Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպությունը
(ISOC):

Կազմակերպության նպատակն էր միավորել Հայաստանի՝ ինտերնետից օգտվողների առաջադեմ ներկայացուցիչներին, որոնք համատեղ որոշումներ կկայացնեին ազգային դոմեյնը կառավարելու համար:

1997 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դիմեց մեզ` Freenet ծառայությունը գործարկելու համար: Հայկական Ազատ Ցանցը տրամադրում էր անվճար հեռախոսագծային միացման ծառայություն (Dial-up access service), am դոմեյնով կայքերի դիտման եւ տեղադրման  ծառայություն (hosting service)  եւ էլեկտրոնային փոստի ծառայություն. անհրաժեշտ էր գրանցվել freenet-ի պաշտոնական կայքում եւ ստանալ @freenet.am անձնական էլեկտրոնային փոստի հասցե:

Freenet-ը հետաքրքիր ծրագիր էր, որը նպաստեց Հայաստանում ինտերնետի տարածմանը եւ լայն օգտագործմանը:


Freenet-ի ստեղծումից որոշ ժամանակ անց մեր բաժանորդների թիվը հասավ շուրջ 20 հազարի: Մեր ծառայություններն օգտագործվում էին նաեւ գործարար շրջանակներում: Հիշում եմ, մի անգամ, երբ տեխնիկական խնդիրների պատճառով մեկ օրով դադարեցրել էինք աշխատանքը, կապի բացակայության վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստացանք, քանի որ խախտվել էր նամակագրությունը գործընկերների հետ:

2006 թվականին, երբ սկզբնական ծրագիրն ավարտվեց, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Freenet.am-ի կառավարումը հանձնեց մեր կազմակերպությանը: Ներկայումս Freenet.am-ի տեղակայումը եւ տեխնիկական սպասարկումը տրամադրում է Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM), որը հանդիսանում է Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիաների համատեղ կառույց:

Freenet-ն այսօր էլ շարունակում է գործել, եւ մենք մտածում ենք այն վերակառուցելու եւ արդիականացնելու ուղիների շուրջ: Ներկա դրությամբ ունենք շուրջ 4000 բաժանորդ եւ 4653 վեբ-էջեր:

Freenet-ը հստակ բրենդ է: Մարդիկ խոստովանում են, որ ժամանակին հենց այս ծառայության միջոցով են իմացել ինտերնետի մասին:

«Վեբ» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Տոնեյան` Freenet-ը հրաշքի պես մի բան էր

Երբ 1997 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ մշակվեց Freenet նախագիծը` դա հրաշքի պես մի բան էր:

Նախագծի գրասենյակը եւ սարքավորումները գտնվում էին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում: Հիշում եմ, ՄԱԿ-ին «Ֆրինետ» էինք անվանում:

Մարդիկ անվճար օգտվում էին կապից, զանգահարում արտասահմանում գտնվող բարեկամներին, շփվում էին ընկերների հետ: Նախագիծը նաեւ օգտատերերին հնարավորություն էր տալիս ստեղծել իրենց անձնական կայք էջերը:

Դա չտեսնված, ֆանտաստիկ նախագիծ էր: Գիտնականները, արվեստագետները Ֆրինետի շնորհիվ կարողացան կապեր հաստատել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իրենց գործընկերների հետ:

Freenet-Ի սկզբնական նախագիծը ավարտվեց 2006 թվականին, որից հետո ՄԱԿ-ի հանձնեց Freenet.am-ի կառավարումը Հայաստանի Ինտերնետ Հանրությանը (ISOC-AM):

Ծրագրավորող Միքայել Ղազարյան (pooh,mk)` Telnet-ը իր տեղը զիջեց վեբ-չաթերին

Առաջին անգամ ինտերնետի մասին ընկերներիցս իմացա 1997-ին: Այդ տարիներին այն հասանելի էր Ամերիկյան Համալսարանում եւ ինձ հաջողվել էր երկու անգամ էլեկտրոնային նամակ ուղարկել`ճիշտ է, ուրիշի հասցեից:

Մինչ Freenet-ի հայտնվելն ես արդեն որոշակի առնչություն ունեի համակարգիչների հետ, սակայն ֆրինետի շնորհիվ սկսեցի բոլորովին այլ կերպ ընկալել այն: Ֆրինետը հնարավորություն տվեց ազատ օգտվել սեփական էլեկտրոնային հասցեից, բացի այդ, այն նպաստեց ապագա մասնագիտությանս մեջ առաջին քայլեր կատարելուն: 

Ֆրինետի միջոցով սկսեցի տիրապետել HTML-ին. այդ ժամանակաշրջանում բոլորը տարված էին սեփական home page-եր պատրաստելով, ես էլ բացառություն չէի:

Ֆրինետում յուրաքանչյուր օգտատեր կարող էր  սեփական էջը պատրաստել եւ գրանցել  http://freenet.am/username հասցեով:  Օրինակ՝ իմ էջը, բացի անձնական տեղեկությունից, պարունակում էր նաեւ հետաքրքիր հղումներ՝ Մոշկովի գրադարանի, նկարիչ Էշերի կայքերին: Տեղադրված էին նաեւ զվարճալի տեքստեր, որոնց հեղինակն էր Ալեքս Էքսլերը ( նրա ամենահայտնի պատմվածքներից էր “Записки жены программиста” ): Ի դեպ, նախապես նամակ էի ուղարկել Էքսլերին՝  նրա համաձայնությունը ստանալու համար:



Ֆրինետի շնորհիվ ի հայտ եկավ նաեւ վիրտուալ շփումը: Ծրագիրը կոչվում էր telnet: Telnet-ն իրենից մի պատուհան էր ներկայացնում, որտեղ պետք էր հավաքել «հրահանգներ»՝ տարբեր գործողությունների համար: Օրինակ՝ օնլայն գտնվող օգտատերերի ցուցակը տեսնելու համար անհրաժեշտ էր հավաքել «who»: Օգտատիրոջ մասին տեղեկություն ստանալու համար պետք էր հավաքել «finger» եւ տվյալ օգտատիրոջ ծածկանունը: Այդպես կարելի էր տեսնել, թե երբ է նա վերջին անգամ եղել ցանցում, ինչպես է ներկայացրել ինքն իրեն: Հաղորդագրություն ուղարկելու համար պետք էր հավաքել «write» եւ օգտատիրոջ ծածկանունը, իսկ եթե հիմնավոր զրուցելու ցանկություն կար, պետք էր հավաքել talk եւ օգտատիրոջ ծածկանունը: Պատուհանը կիսվում էր երկու մասի, վերեւի մասում երեւում էին քո գրառումները, ներքեւի մասում՝ զրուցակցի:

ԱՄՆ-ի չաթերից մեզ մոտ հասան նաեւ որոշակի հապավումներ, որոնք օգտագործվում են վիրտուալ շփման մեջ առ այսօր: Օրինակ՝ LOL, AFK, BRB, LMAO, WB եւ այլն:

Իհարկե, պատահում էր, երբ վիրտուալ շփումը վերածվում էր իրական հանդիպումների: Վիրտուալ շփման ընթացքում փոխանակվում էին նաեւ  հեռախոսահամարներով, ինչպես նաեւ՝ լուսանկարներով (էլ. փոստի միջոցով):

Աստիճանաբար ինտերնետն ավելի հասանելի դարձավ, Arminco-ից գնում էինք dial-up քարտեր: Կար նաեւ գիշերային ինտերնետ, որն ավելի մատչելի էր: Freenet-ը սկսեց կորցնել իր արդիականությունը եւ որոշ ժամանակ անց telnet ծրագիրը փակվեց՝ իր տեղը զիջելով վեբ-չաթերին:
 
Քարոզչության ոլորտի հետազոտող, Starfish չաթի համահիմնադիր Կարեն Վրթանեսյան (groul) ` մարդկանց մի ընդհանուր «գաղտնիք» էր միավորում

1996 թվականին սկսեցի աշխատել սեյսմիկ պաշտպանության նախարարությունում, որտեղ ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեի: Կապը շատ դանդաղ էր` սովորական նամակ ուղարկելը երբեմն տեւում էր 15-20 րոպե: 

Ինտերնետը մի նոր, հրաշալի աշխարհ բացեց իմ առջեւ` գիտելիքների, տեղեկատվության հսկայական օվկիանոս, հատկապես՝ «մութ ու ցուրտ» տարիներից հետո: Սկզբում Հայաստանում ընդամենը երկու-երեք պրովայդեր կար եւ քչերն էին տեղյակ, թե ի՞նչ է ինտերնետը: 

Freenet-ի հիմնադրումը մեծ քայլ էր ինտերնետի զարգացման հարցում: Դա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունն էր: Freenet-ը համակարգիչ ու հեռախոս ունեցող մարդկանց վիրտուալ աշխարհի հետ ծանոթանալու հնարավորություն տվեց:
Ի հայտ եկավ չաթով շփումը: Առաջին չաթերը իրականացվում էին TelNet ծրագրով: Դիզայնի տեսակետից բավականին լակոնիկ էին՝ երկու կեսից բաղկացած սպիտակ գույնի մի պատուհան, որտեղ մուտքագրվում էր տեքստը:

Աստիճանաբար արտասահմանում սկսեցին զարգանալ այսպես կոչված վեբ-չաթերը, որտեղ հնարավոր էր մթնոլորտ ստեղծել:

1999թ-ին Մովսես Բաբայանը (maestro), Գասպար Չիլինգարովն  ու ես առաջինն էինք, որ որոշեցիք նման մի բան ստեղծել Հայաստանում: Հենց այդպես ծնվեց Starfish չաթը: Այսօրվա չափանիշներով այն բավականին պրիմիտիվ էր, սակայն այդ տարիներին մեծ հաջողություն ուներ եւ նույնիսկ ճակատագրական (լավ իմաստով) դարձավ որոշ մասնակիցների համար. Starfish-ի շնորհիվ ընտանիքներ ստեղծվեցին:

Այդ տարիներին չաթում շփվում էին` պատկերացում չունենալով, թե ինչ արտաքին ունի զրուցակիցը: Միակ պատկերը այսպես կոչված ավատարներն էին, որոնք առկա էին չաթում: Starfish-ի ավատարների հեղինակն էր Դավիթ Սահակյանցը:

Չաթն ուներ երեք «սենյակ»՝ lobby, bar եւ dark, սակայն ամենից սիրվածը lobby-ն էր: Օգտատերերը հանդես էին գալիս կեղծանուններով, եւ հետագայում, իրական կյանքում հանդիպելիս, հենց այդ անուններով էին միմյանց ճանաչում: Գրառումները կատարվում էին գլխավոր էջում եւ տեսանելի էին բոլորին, սակայն կար նաեւ գաղտնի նամակագրվելու հնարավորություն, անհրաժեշտ էր ցուցակից առանձնացնել օգտատերին եւ հաղորդագրությունը միայն նրա համար էր տեսանելի դառնում: Բայց ընդհանուր «պատին» միեւնույնն է երեւում էր, որ տվյալ օգտատերը  գաղտնի հաղորդագրություն է ուղարկել մյուսին: Օրինակ՝ aelita whispers to goya:

Այժմ, «տրանսլիտի» համոզված հակառակորդ լինելով` պետք է ասեմ, որ այն ժամանակ մարդիկ չաթում հենց տրանսլիտով էին շփվում: Այդ տարիներին Windows-ը համացանցում հայատառ գրելու հնարավորություն չէր տալիս: 

Բավականին կարճ ժամանակահատվածում Starfish-ի օգտատերերի թիվը հասավ 1000-ի: Մրցույթ հայտարարեցինք, որպեսզի ի հայտ բերենք «ամենաակտիվ մասնակցին»: Հաղթողին նվիրեցինք համակարգչային մկնիկ եւ ձայնասկավառակ:

Հետագայում, Starfish-ի մեկամյակի կապակցությամբ հրապարակեցինք նաեւ Starfish-ի օգտատերերի ամենաակտիվ տասնյակը:

Այժմ այս ամենը զվարճալի է հնչում, սակայն այդ տարիներին մարդկանց շատ փոքր զանգված գիտեր, թե ի՞նչ է ինտերնետը, ի՞նչ է չաթը: Մարդկանց կարծես ընդհանուր «գաղտնիք» էր միավորում, մի առանձին ենթամշակույթ էր ստեղծվել: Մի պահ հասկացա, որ Starfish-ը սկսել է «ապրել» իր կյանքով, օգտատերերը իրենց  սեփական աշխարհն են ձեւավորել, հանդիպում են իրական կյանքում՝ կազմակերպելով մեծ եւ փոքր հավաքներ:



Չաթը գործեց մինչեւ 2000 թվականի վերջը: Սկզբնական շրջանում Starfish-ը տեղակայված էր Freenet-ի սերվերի վրա, սակայն օգտատերերի քանակի աճելուն պես մենք առանձին սերվեր տեղադրեցինք Arminco-ի սերվեր: Միեւնույնն է, անընդմեջ աճող օգտատերերի պատճառով այն շատ էր ծանրաբեռնվում եւ հաճախ էր «կախվում», բացի այդ, մի քանի անգամ եղան չաթը «կոտրելու» փորձեր: Աստիճանաբար Starfish-ը հայտնվեց բարձիթողի վիճակում՝ մենք գնում էինք առաջ, ունեիք նոր մտքեր եւ հետաքրքրություններ:

Starfish-ից հետո սկսեցին ի հատ գալ նրա կրկնօրինակները, սակայն որոշ ժամանակ անց դրանք էլ վերացան, հայտնվեցին ֆորումները, որոնց էլ հետագայում «կուլ տվեցին» բլոգերը: Բլոգերն էլ, իրենց հերթին, չդիմացան սոցցանցերի մրցակցությանը…

Հոգեբան Գոհար Լեւոնյան (goya)` «ընդհանուր օգտագործման» մի ծածկանուն ունեինք

Մեր տանը համակարգիչը հայտնվեց դեռ 90-ականների սկզբին` մայրս աշխատում էր հաշվիչ կենտրոնում: Ես համակարգիչը եւս ընկալում էի որպես աշխատանքային գործիք: 90-ականների վերջում, երբ հայտնվեցին Ֆրինետը եւ Starfish չաթը, քույրս գրանցվել էր այնտեղ, սակայն ես շարունակում էի անտարբեր մնալ` զարմանալով,թե ինչն է նրան այդպես գրավում վիրտուալ շփման մեջ:

Որոշ ժամանակ անց քույրս մեկնեց ԱՄՆ եւ նրա հետ շփման միակ միջոցը հենց Starfish-ը դարձավ: 

Գրանցվելիս պետք է ծածկանուն ընտրեի (այն ժամանակ ոչ ոք հանդես չէր գալիս իրական անունի տակ): Առանց երկար մտածելու գրանցվեցի որպես goya` մտերիմներս ինձ այդպես էին անվանում:

Գործի բերումով ուսումնասիրում  էի կոմունիկացիաների տարբեր ձեւերը եւ այդ առումով չաթը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ շփվելու բոլորովին նոր միջոց էր:

Աստիճանաբար ներգրավվեցի այդ ամենի մեջ: Տարօրինակ զգացողություն էր, երբ սկսում էիր հասկանալ, թե որքան ջանք է ներդրվում նման կերպով ներկայանալու, իսկ շատերի համար նաեւ՝ ինչ-որ նոր եւ ցանկալի կերպար ստեղծելու, ինչպես նաեւ ինքնահաստատվելու գործում: Բացահայտում էիր նաեւ հին ծանոթների նոր կողմերը:

Մինչ Starfish-ը համոզված էի, որ կոմունիկացիայի գործընթացի համար անհրաժեշտ  է կենդանի շփում, ծայրահեղ դեպքում՝ ձայնային: Չաթում տեսանելի էր միայն քո ծածկանունը, ավատարը եւ ,ամենակարեւորը, խոսքը (տպված վիճակում, այն էլ` տրանսլիտով): Զարմանալի էր, բայց պարզվեց, որ այդ ամենի շնորհիվ կարելի էր լիարժեք կերպար ստեղծել: Ճիշտ է, այնպես էր պատահում, որ կենդանի շփման ընթացքում այն բոլորովին չէր համապատասխանում իրական պատկերին: Դա վերաբերվում էր եւ տարիքին, եւ բնավորությանը, եւ արտաքին տեսքին, սակայն այդ «բացահայտումների» փաստը եւս չափազանց հետաքրքիր էր:

Այժմ դժվար է պատկերացնել, սակայն այն տարիներին չաթն իրոք երեւույթ էր, եւ նույնիսկ վիրտուալ շփման միջոցով ծնված իրական ծանոթությունները անսովոր էին ընկալվում (շատերը գաղափար չունեին, թե ինչ է իրենից ներկայացնում ինտերնետը եւ չաթերը):

Իհարկե, Starfish-ի  օգտատերերը կախվածության մեջ էին, շատերը այնտեղ «նստում էին» օր ու գիշեր, սակայն դա որոշակի իմաստով «պատվաստում» էր հետագա սոցցանցային կախվածությունից:

Բավականին կարճ ժամանակահատվածում Starfish-ում առանձնացավ աղջիկների մի խումբ: Այնպիսի տպավորություն էր, որ երկար ժամանակ ենք ճանաչում միմյանց, եւ, անկախ տարիքից, մասնագիտությունից եւ ընտանեկան կարգավիճակից, ընդհանուր լեզու ենք գտել: Մեր շփումը շարունակվեց նաեւ իրական կյանքում: Հետաքրքրին այն էր, որ իրական հանդիպումների ընթացքում շարունակում էինք դիմել միմյանց կեղծանուններով:

Starfish-ում բավականին զվարճալի էր. օգտատերերի քանակն աճել էր, «կյանքն»` աշխուժացել, կրքեր էին եռում: Սկսեցին հայտնվել կեղծ ծածկանուններ, պատահում էր, երբեմն աղջիկները թաքնվում էին տղաների կեղծանունների ներքո եւ հակառակը:

Մեր «խմբում» «ընդհանուր օգտագործման» մի կեղծանուն ունեինք, որը հերթով օգտագործում էինք: Որպեսզի այն փաստը չբացահայտվի, մտածել էինք մի քանի «ֆիրմային» նախադասություն, եւ ընդհանուր «ձեռագիր»: Օրինակ՝ «ժ» տառը պետք է գրվեր միայն «zh»(ոչ թե j կամ g), խ-ն՝ kh եւ այլն:

Starfish-ի ստեղծման մեկ տարին նշելու կապակցությամբ չաթի հեղինակները գլխավոր էջում տեղադրեցին լավագույն տասնյակը, որտեղ ես հայտնվել էի առաջին պատվավոր տեղում: Պետք է խոստովանեմ, որ շատ ամաչեցի այդ փաստից (ժպտում է): Հատկապես, երբ սկսեցի բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ:



Հանդիպում ունեցանք Starfish-ի համահեղինակ Մովսես Բաբայանի (maestro) հետ եւ ինձ շնորհեցին շատ լուրջ մրցանակ`Ինտերնետից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

Ուրախ եմ, որ 14 տարի անց շարունակում եմ իրական կյանքում շփվել այն մարդկանց հետ, որոնց ճանաչում եմ Starfish-ի շնորհիվ:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյան (media)` վիրտուալ «փսփսոցը» երբեմն խանդի առարկա էր դառնում

1999 թվականին Մեդիամաքս-ը նոր էր ստեղծվել ու առաջին քայլերն էր անում  հայկական լրատվական շուկայում, երբ ես ու մեր գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հայտնաբերեցինք Starfish չաթը: Այդ տարիներին ինտերնետը Հայաստանում նորություն էր, եւ հիմնելով Մեդիամաքս-ը, մենք այդ գրավիչ նորույթից օգտվելու անսահմանափակ հնարավորություն ստացանք` ունեինք համակարգիչներ եւ dial-up ինտերնետ:

Starfish-ը շատ գրավիչ աշխարհ էր: Այնտեղ կարելի էր զրուցել բոլորի հետ` զրուցակցին չտեսնելը ու չճանաչելը խնդիր չէր: Իհարկե, նրբություններ կային` որոշակի ժամանակ պահանջվեց LOL (laughing out loudly` «ծիծաղից մեռնում եմ») կամ brb (be right back` «հիմա կգամ») հապավումները իմաստը հասկանալու համար: Հետո արդեն մենք էինք Starfish-ի նորեկներին բացատրում, թե ինչ են նշանակում այդ տարօրինակ «կոդերը»:

Չաթում կար «հանրային» եւ «մտերմիկ» շփման հնարավորություն: Առաջին դեպքում բոլորը մասնակցում էին ընդհանուր խոսակցությանը եւ բոլորը տեսնում էին միմյանց գրառումները: Երկրորդ դեպքում կարող էիր այս կամ այն մասնակցին «գաղտնի» մի բան ասել: Ու թեւ ձեր մտերմիկ խոսակցության բովանդակությունը մնացածը չէին տեսնում, բայց փաստը արձանագրվում էր ի ցույց բոլորի: Օրինակ, եթե ես վիրտուալ ընկերոջս մի գաղտնի բան էի գրում, բոլորը տեսնում էին հետեւյալ գրառումը` media whispers to Mont:

Այդ վիրտուալ «փսփսոցը» երբեմն խանդի առարկա էր դառնում: Օրինակ, վիրտուալ ընկերություն էիր անում մի աղջկա հետ, մեկ էլ տեսնում էիր, որ նա «փսփսում է» մի այլ տղայի հետ: Ու թեեւ այդ «փսփսոցը» հաճախ շատ անմեղ, կամ նույնիսկ` գործնական բնույթի էր, երեւակայությունը այլեւ պատկերներ էր առաջ բերում:

Starfish-ում հաճախ հայտնվում էին «վատ տղաներ», որոնք սկսում էին «կպնել» աղջիկներին: Այդ ժամանակ չաթում արագ կազմվում էր «կոալիցիա», որը սկսում էր լեզվակռիվ տալ անկոչ հյուրի հետ, իսկ եթե վեճը դուրս էր գալիս կառավարելիության սահմաններից` փորձում էր նրան իրական հանդիպման հրավիրել:

Լավ տպավորվել է, որ «վիրտուալ կարգի» հետեւողական խախտողներից մեկի կեղծանունն էր sexukik: Նա գալիս էր չաթ ու սկսում էր աղջիկներին անպարկեշտ առաջարկներ անել` թեեւ առանց վիրավորանքների: Նրա դեմ առավել ակտիվ պայքարում էր Mask անունով օգտատերը: Մինչեւ հիմա իմ մեջ կասկած կա, որ իրականում sexukik-ը եւ Mask նույն մարդն էր, ով միաժամանակ չաթ էր մտնում տարբեր աքաունթներով ու այդպես ինքնահաստատվում:

Օրեր էին լինում, երբ առավոտյան Դավիթի հետ գալիս էինք գրասենյակ, մտնում էինք
Starfish ու մեկ էլ երեկոյան էինք գիտակցում, որ ողջ օրը չաթում «զավզակություն» ենք արել` աշխատելու փոխարեն: Այն ժամանակ կարող էինք մեզ նման շռայլություն թույլ տալ…


Starfish-ում ձեւավորվել էր 6-7 հոգանոց խումբ` հիմնականում իրար հետ էինք շփվում ու պաշտպանում էին միմյանց շահերը: Մի օր էլ որոշեցինք հանդիպել իրական կյանքում` Տիկնիկային թատրոնի սրճարանում: Շատ անսովոր էր տեսնել այն մարդկանց դեմքերը, ում հետ ամիսներ շարունակ շփվում էիր` որեւէ պատկերացում չունենալով նրա արտաքին տեսքի մասին: Այդ մարդկանց մեջ ձեռք բերեցի իսկական ընկերներ, ում հետ շփվում եմ մինչ օրս:

Իմ մուտքը Starfish 2000 թվականի ձմռան վերջին օրերից մեկը ճակատագրական եղավ ինձ համար: Բանն այն է, որ 1999 թվականի վերջից չաթ արդեն քիչ էինք մտնում: Նախ, աշխատանքի ծավալն էր էապես ավելացել: Բացի դրանից, Starfish-ի ընկերների հետ արդեն շփվում էինք այլ եղանակներով` իրական կյանքում, կամ էլ ICQ-ի միջոցով` այն ավելի հարմար գործիք էր կոնկրետ մարդկանց հետ կապը պահպանելու համար: Այնպես որ, երբ 2000 թվականի փետրվարի վերջում մտա Starfish, բազմաթիվ նոր անուններ տեսա: Ուշադրություն գրավեց մի աղջիկ` շատ գեղեցիկ կեղծանունով: Մի փոքր շփվեցինք, հետո էլ պայմանավորվեցինք երեկոյան հանդիպել ռոք-ակումբում: Ահա այդպես գտա կնոջս, ում հետ երջանիկ ապրում ենք արդեն 12 տարի: Այն տարիներին մենք կարծես թանգարանային նմուշ լինեինք` մարդիկ մեր մասին ասում էին. «նրանք ծանոթացել են ինտերնետի միջոցով», եւ այդ բառերը լսողներից շատերի աչքերը կլորանում էին: Դժվար թե նման վիճակագրություն վարվի, բայց կարծում եմ, որ այսօր Հայաստանում մարդիկ ծանոթության առաջին քայլերը հիմնականում կատարում են հենց համացանցի միջոցով ու դա այլեւս բնական է համարվում: Այնպես որ մենք որոշ իմաստով «առաջամարտիկ» էինք:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Էլեոնորա Արարատյանը, Եկատերինա Պողոսյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին