«Երկու նախագահներն էլ անկեղծ էին» - Mediamax.am

exclusive
11862 դիտում

«Երկու նախագահներն էլ անկեղծ էին»

Մեդիամաքս գործակալության բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ (1999-2001թթ.) Քերի Քավանոյի հետ:

Ռոբերտ Քոչարյանը եւ Քերի Քավանոն Քի Ուէսթում
Ռոբերտ Քոչարյանը եւ Քերի Քավանոն Քի Ուէսթում

Լուսանկարը` Photolure


Մեդիամաքս գործակալության բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ (1999-2001թթ.) Քերի Քավանոյի հետ:

- Այս շաբաթ լրանում է Քի Վեսթի բանակցությունների 10 տարին, որոնք, ինչպես կարծում են շատերը, խաղաղ համաձայնության հասնելու ամենաիրատեսական հնարավորությունն էին: Դուք համամի՞տ եք այդ կարծիքին:

 

- Քի Վեսթը եզակի պահ էր ԼՂ շուրջ իրավիճակի լուծմանն ու հակամարտության հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերում: 1999թ. մեկնարկած խաղաղ բանակցությունները զարգացան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ ուղղակի երկխոսությունից հետո: Դա որակապես նոր փուլ էր հակամարտության կարգավորման ջանքերում. նախագահներն անձամբ մշակեցին այն մոտեցումը, որը, նրանց կարծիքով, կարող էր հանգեցնել խնդրի վերջնական լուծմանը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գիտակցում էին, որ առաջընթացի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատանքն է հանուն ընդհանուր նպատակի: Այդ նպատակը ոչ թե կողմերին Մոսկվայի կամ Վաշինգտոնի կողմից պարտադրված համաձայնությունն էր, այլ Երեւանի ու Բաքվի կողմից մշակված լուծումը, որը վայելում էր Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի լիարժեք աջակցությունը: Ամերիկա-ռուսաստանա-ֆրանսիական համագործակցության այդ նոր փուլը պարզապես հիանալի էր: Բոլոր հինգ կողմերը միասին աշխատում էին գործընթացին օժանդակելու եւ այն դեպի վերջնական լուծում տանելու ուղղությամբ:

 

Եվ, վերջապես, այդ ժամանակ միջազգային ասպարեզում չկար «մրցակցող ճգնաժամ», ինչը հնարավոր էր դարձրել նշանակալի ֆինանսական միջոցների բացահայտումը, որոնք անհրաժեշտ կլինեին որոշումը կյանքի կոչելու համար: Այդ բոլոր գործոնները միասին Քի Վեսթում կողմերին մոտեցրին համաձայնագրի ստորագրման «շեմին»:

"Ալիեւը սահմանափակել էր ծանոթությունն առաջարկվող որոշմանը, եւ դրա մասին գիտեր մարդկանց շատ նեղ շրջանակ, որում ընդգրկված չէին նույնիսկ նրա հիմնական խորհրդատուներից շատերը"

- Ի՞նչը դարձավ հիմնական խոչընդոտը Քի Վեսթի բանակցություններից հետո առաջընթացի հասնելու համար` Հեյդար Ալիեւի առողջական վատ վիճակը եւ տանը համաձայնագիրը «վաճառելու» անկարողությո՞ւնը, թե՞ որեւէ այլ հանգամանք: 

 

- Միշտ պետք է գիտակցել, որ խաղաղություն կերտելը բարդ գործընթաց է, որը կախված է հանգամանքներից, ուժից, հեռատեսությունից եւ խիզախությունից: Պատահական չէ, որ խաղաղության Նոբելյան մրցանակն այդքան հեղինակավոր է:

 

Նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը շատ երկար ճանապարհ անցան դեպի խաղաղություն, սակայն ի վերջո նրանք անկարող գտնվեցին ամրագրել համաձայնությունը:

 

Ինչպես ես ասել եմ 2001 թվականին, հիմնական պատնեշներից մեկն այն հանգամանքն էր, որ կողմերից ոչ մեկն անհրաժեշտ աշխատանք չկատարեց իր երկրի հասարակությանը լուրջ փոխզիջումների նախապատրաստելու համար: Փակ դռների ետեւում երկու առաջնորդներն եկան այդ եզրակացությանը եւ պատրաստ էին դիմել քայլերի: Սակայն հրապարակայնորեն նրանք դա ցույց չէին տալիս` շարունակելով պնդել, որ իրենց բոլոր պահանջները պետք է կատարվեն: Ադրբեջանում դա կրկնակի դժվար էր, քանի որ Ալիեւը սահմանափակել էր ծանոթությունն առաջարկվող որոշմանը, եւ դրա մասին գիտեր մարդկանց շատ նեղ շրջանակ, որում ընդգրկված չէին նույնիսկ նրա հիմնական խորհրդատուներից շատերը: Դա պահանջում էր նույնիսկ ավելի մեծ քաղաքական խիզախություն գործողությունների եւ որոշում կայացնելու համար, ինչը կհանգեցներ հասարակական հզոր արձագանքի:

 

Նախկինում երկու նախագահներն էլ գիտակցում էին, որ համարձակ որոշումների քննարկումը կարող է անմիջականորեն սպառնալ իրենց կյանքին: ՀՀ խորհրդարանում 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունները հստակ ամրապնդեցին այդ միտքը (կրակոցները, երբ սպանվեցին այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վնասեցին նաեւ խաղաղ գործընթացին): Երկու առաջնորդները, չնայած այդ ռիսկին, անկեղծորեն շարունակում էին առաջ տանել այն հաստատակամ որոշումը, որն ընդգծում էր իրենց երկրների համար լավագույն ապագա կառուցելու նրանց պարտավորությունը:

 

 

Քի Վեսթի ճանապարհին Մինսկի խմբի համանախագահները հասկանում էին, որ համաձայնությունն երաշխավորված չէ: Իրականում այնտեղ չէր հայտարարվել համաձայնագրի ստորագրման մասին (մենք քաղաքական չեզոք իրադարձությունը նախատեսում էինք Ժնեւում), եւ ակնկալիքը մեղմելու քայլեր ձեռնարկվեցին այն ուղղությամբ, թե համաձայնագիրն անխուսափելի է: Դա արվեց այն նպատակով, որպեսզի ձախողումը չհանգեցներ բռնության, որի ականատեսը մենք եղել էինք 2000թ. Քեմփ Դեւիդում Էհուդ Բարաքի եւ Յասիր Արաֆաթի միջեւ ապարդյուն պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների օրինակով:

 

- Դուք հավատու՞մ եք, որ Հայաստանն իսկապես պատրաստ էր իրականացնել փարիզյան եւ քի-վեսթյան պայմանավորվածությունները, թե՞ ՀՀ նախագահը «հաշվարկեց», որ Հեյդար Ալիեւը կընկրկի, եւ որոշեց կառուցողական մոտեցում ցուցաբերել մինչեւ Բաքվի մերժումը:

 

- Այդ հարցն ավելի շատ արտացոլում է այն իրավիճակը, որը նախորդել է 1999 թվականին եւ հաջորդել Քի Վեսթին, քան այն մթնոլորտը, որն առկա էր այդ ժամանակահատվածում: Ես հավատում եմ, որ երկու նախագահներն էլ անկեղծ էին առաջ ընթանալու իրենց ցանկության մեջ: Գործընթացը շատ հեռուն գնաց քաղաքական խուսանավումներով միավորներ կուտակելուց եւ հասավ խոստումնալից կետերի: Յուրաքանչյուր կողմը պատրաստ էր ուսումնասիրել դիրքորոշումները, որոնք, ինչպես նրանք գիտեին, դժվար են լինելու, սակայն անհրաժեշտ են հակամարտության վերջնական լուծման եւ երկու երկրներն ու տարածաշրջանը վերականգնման եւ հարաբերությունների կարգավորման ուղու վրա դնելու համար:

 

- Այսօր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են մի քանի ամիսը մեկ անգամ եւ զրուցում ընդամենը մի քանի ժամ, Քի Վեսթի հնգօրյա ինտենսիվ բանակցություններն անիրական են թվում: Կարո՞ղ եք վերստեղծել քի-վեսթյան բանակցություններում տիրող մթնոլորտը: Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ իսկապես ձեւավորվել էին մարդկային լավ շփումներ, եւ նրանք վստահում էին միմյանց: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

 

- Իսկապես, առկա էր զգալի փոխադարձ հարգանք, սակայն կար նաեւ առողջ զգուշավորություն, որը հանդիսանում էր լուծման հասնելու անհաջող ջանքերի երկարատեւ պատմության արդյունքը: Քննարկումներում գերակշռում էր կոշտ իրատեսությունը, ինչն ընդգծում էր կողմերի ձգտումները: Նրանք հաճախ հանդիպում էին եւ միասին ջանասիրաբար աշխատում առաջընթացի ուղղությամբ: Հասարակության աչքից հեռու տրամադրությունը դրական էր, սակայն կային նաեւ հիասթափությունների դրսեւորումներ` հաշվի առնելով վերջին տարաձայնությունների հաղթահարման հետ կապված դժվարությունները: Այդ երկու բաղադրիչները նկատելի էին նաեւ հաճախակի հանդիպումների, ընթրիքների եւ կղզու շուրջ զբոսանավով շրջագայությունների ընթացքում:

 

- Թոմաս դե Վաալը գրում է. «Եթե Քի Վեսթը Ղարաբաղի համար բաց թողնված «Դեյթոնյան պահ» էր, ապա տարբերությունները ուսանելի են: Դեյթոնյան խաղաղությունը Բոսնիայի համար գործուն դարձնելու համար Ռիչարդ Հոլբրուքն իր տնօրինության տակ ուներ բազմաթիվ գործիքներ, որոնք ղարաբաղյան հակամարտության միջնորդները չունեն»: Դուք համաձա՞յն եք այդ պնդմանը:

 

- Ոչ այնքան: Դեյթոնում կողմերը ստիպված եղան համաձայնագիր կնքել «Շփման խմբի» ինտենսիվ ճնշման ներքո: ԵԱՀԿ Մինսկի խմբում միշտ եղել է այն ըմբռնումը, որ Ղարաբաղի վերաբերյալ կայուն համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ կողմերն ինքնուրույն ընդունեն այն. կողմերին այն չի պարտադրվելու: Բացի այդ, դեսպան Հոլբրուքի տնօրինած հիմնական գործիքներից մեկը ՆԱՏՕ-ի կողմից ուժի գործադրման սպառնալիքն էր: Դա եւս այնպիսի գործիք էր, որը համապատասխան չէր Մինսկի գործընթացին: Ընդհակառակը, կար տարածված համոզմունք, որ տարածաշրջանում հետագա ռազմական գործողությունները ցանկացած ամուր որոշում կդարձեն ավելի դժվարին:

 

Հոլբրուքը ենթադրում էր, որ Դեյթոնի ընտրությունը, որպես խաղաղ բանակցությունների անցկացման վայր, զգալիորեն նպաստել էր իր ջանքերին: Երբ ես կիսեցի նրա հետ մեր պլանները Քի Վեսթի վերաբերյալ, նա ասաց, որ դա հիանալի վայր է` նախագահի նստավայրը (Թրումենի «Փոքր Սպիտակ տունը»), որտեղ բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եւ երկու նախագահները կարող էին զրուցել հարմարավետ մթնոլորտում որքան կպահանջվեր` հեռու Վաշինգտոնի եւ մամուլի ազդեցությունից:

"Նախկինում երկու նախագահներն էլ գիտակցում էին, որ համարձակ որոշումների քննարկումը կարող է անմիջականորեն սպառնալ իրենց կյանքին"

- Կարծիք կա, որ Քի Վեսթի բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ-ը սկսել է գործընթացին մասնակցել ավելի դժկամությամբ: Ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ:

 

- 1999-2001թթ. բոլոր երեք համանախագահ-երկրները շատ լրջորեն ներգրավված էին այն տեսլականին օժանդակելու գործում, որը ձեւակերպել էին նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը: Դա ներառում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի առաջնորդ Ժակ Շիրակի եւ ԱՄՆ նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշի, ինչպես նաեւ այդ երկրների արտաքին քաղաքականությունը ղեկավարող թիմերի անմիջական ներգրավումը: Ղարաբաղի թեման բարձրացրել էին նախագահներ Պուտինն ու Շիրակը Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցների ընթացքում, երբ վերջինս առաջին շաբաթն էր անցկացնում Սպիտակ տանը: Երբ 2001թ. ապրիլին բանակցություններն ավարտվեցին, նախագահ Բուշը առանձին հանդիպումներ անցկացրեց Քոչարյանի եւ Ալիեւի հետ Օվալաձեւ առանձնասենյակում` Քի Վեսթի բանակցությունների արդյունքների եւ հետագա քայլերի քննարկման նպատակով:

 

Քի Վեսթից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ հող չի նախապատրաստվել ու  կարճաժամկետ որոշում չի կարող կայացվել, եւ բնական է, որ առաջնորդների ուշադրությունը սեւեռվեց միջազգային այլ խնդիրների վրա: Ես կարծում եմ, որ դա արտացոլում էր ոչ այնքան այդ խնդրով զբաղվելու չցանկանալու հանգամանքը, որքան ճանաչումն էր այն փաստի, որ տարածաշրջանում անհրաժեշտ է կատարել լուրջ աշխատանք, մինչ առաջընթացը հնարավոր կդառնա: 

 

- Դուք շարունակո՞ւմ եք հետեւել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցություններին: Տեսնո՞ւմ եք արդյոք նախադրյալներ «նոր Քի Վեսթի» համար կարճաժամկետ հեռանկարում:

 

- Ես շարունակում եմ ուշադիր հետեւել տարածաշրջանային զարգացումներին: Որպես Պատերսոնի դիվանագիտական դպրոցի տնօրեն եւ Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր` ես հնարավորություն ունեմ շփումներ պահպանել խաղաղ գործընթացում ներգրավված կառավարական եւ ոչ կառավարական ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելել տարածաշրջան. ես Թբիլիսիում եղել են նախորդ տարվա հոկտեմբերի վերջին:

 

Ինչ վերաբերում է «նոր Քի Վեսթին», ապա, ցավոք, չնայած Պրահայի գործընթացի տարիների ջանքերին, կողմերն այժմ ավելի հեռու են կարգավորումից, քան 2001թ. ապրիլին: Այսօր, ինչպես եւ այն ժամանակ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունն իր հասարակություններին քիչ է ասում փոխզիջման անհրաժեշտության մասին, եւ շատ են հայտարարությունները, մասնավորապես, Բաքվի կողմից, ռազմական նոր գործողությունների հնարավորության մասին:

 

Ես հաստատակամորեն հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը քաղաքական եղանակով է, որը յուրաքանչյուր կողմից կպահանջի հրաժարվել ինչ-որ բանից: Այն, ինչը ներկայումս քննարկվում է ոչ այնքան համարձակ է, որքան 1999-2001թթ., սակայն դա կարող է ավելի մեծ հույս ներշնչել, որ երկու երկրների ղեկավարությունները կարող են միավորել իրենց ջանքերը խաղաղության հասնելու համար:

 

Քերի Քավանոյի հետ զրուցեց Մեդիամաքսի թղթակից Արամ Արարատյանը:

Մեր ընտրանին