Արցախի նախագահ. Բաքվից փոխանցել են, որ լինելու են «կոշտ քայլեր» - Mediamax.am

2971 դիտում

Արցախի նախագահ. Բաքվից փոխանցել են, որ լինելու են «կոշտ քայլեր»


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ այդ մասին նա ասել է  Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

 

Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպումից:

 

«Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր: Մենք չենք ընդունում: Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել եւ ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձեւավորել այդ տրամադրությունները, երկրում ձեւավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը եւ ամեն նման մի երեւույթի չարձագանքել եւ ներքաղաքական որեւէ ենթատեքստ չտալ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները բացառված չեն:

 

«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք եւ այդ պայքարի շրջանակում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին