Պուտին. «Ոչինչ չենք պարտադրելու․ տարբերակը պետք է ընտրի Հայաստանը» - Mediamax.am

3369 դիտում

Պուտին. «Ոչինչ չենք պարտադրելու․ տարբերակը պետք է ընտրի Հայաստանը»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ՝ նա նշել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի պատրաստվում Երեւանին որեւէ բան պարտադրել՝ որոշման տարբերակի ընտրությունը հայ ժողովրդի եւ ղեկավարության գործն է»։

 

«Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։

 

Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։

 

Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաեւ Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, եւ մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»,- ասել է Պուտինը։

 

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանը «երկար տարիներ երկխոսել հայկական կողմի հետ»՝ առաջարկելով պահպանել վերահսկողությունը յոթ շրջաններից երկուսի նկատմաբ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապը պահպանելու համար, իսկ մնացած հինգը վերադարձնել։

 

«Ինչո՞ւ դրանք պահել, իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կաի պահպանման համար երկու հսկայական շրջանները բավական էին, եւ մենք կարծում էինք, որ արդարացի կլիներ փախստականներին վերադարձնել եւ այլն։ Դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Դա բերեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ընդգծել է Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին