Համանախագահների աշխատանքը պետք է շարունակվի, պնդում են Մոսկվայում - Mediamax.am

1521 դիտում

Համանախագահների աշխատանքը պետք է շարունակվի, պնդում են Մոսկվայում


Լուսանկարը` gordonua.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի:

«Նրանք կարեւոր ներդրում են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերը

արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

«Համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների համաձայն, դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա, շարունակում է պահանջված մնալ: «Եռյակը» միջազգային ուժեղ աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում ՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշորեն, առանց շտապելու, երբ գա ժամանակը:

 

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նրա համանախագահները կարող են ակտիվ լինել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդման գործում: Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը եւ քաղաքական ուղղությամբ հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը», - նշել է դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին