Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են - Mediamax.am

2080 դիտում

Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ:

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին եւ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:

 

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

 

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն եւ Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները:

 

Պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին