Երեւան: Մեդիամաքս: Արցախում այսօր նշել են Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 25-ամյակը:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կրկժանի ազատագրման մարտերին մասնակից իր մարտական ընկերներին եւ նշել, որ այն հատուկ նշանակություն ունի Արցախյան պատերազմի տարեգրության մեջ:
«Ճիշտ է՝ մինչ այդ Արցախի տարբեր շրջաններում որոշակի հաջողություններ արդեն ունեինք, բայց Կրկժանի ազատագրումը շատ կարեւոր հանգրվան դարձավ ոչ միայն Շուշիի ազատագրման, այլեւ՝ մեր հետագա հաղթանակների եւ հաջողությունների համար: Այս առումով, շատ բարձր եմ գնահատում այդ գործողության նշանակությունը, որն առաջին հերթին նպատակաուղղված էր Ստեփանակերտի բնակչության խաղաղ գոյակցության ապահովմանը: Ցավոք, այդ մարտերում մենք նաեւ անդառնալի կորուստներ ենք ունեցել: Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար»,- ասել է վարչապետը: Նա ասել է, որ այդ ռազմական գործողությունը համարում է իր մարտական մկրտությունը, հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը:
Միջոցառման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից մի խումբ ազատամարտիկներ արժանացել են պատվոգրերի, հուշանվերների եւ դրամական պարգեւների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: