Երեւան: Մեդիամաքս: Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեւեը հայտարարել է, որ «ԼՂ խնդրի չլուծված լինելու գլխավոր եւ միակ պատճառը կողմերի դիրքորոշումների բացարձակ անհամապատասխանությունն է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում նա հայտարարել է, որ միջնորդների ջանքերը «փշրվում են» հակամարտող կողմերի դիրքորոշումների անհաշտելիության հետեւանքով:
«Այս իրավիճակից կարող են օգտվել երրորդ ուժերը, այդ թվում` ԱՄՆ-ը, որը լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունի տարածաշրջանում», - ասել է փորձագետը:
Իր հերթին, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեւշեւը ասել է, որ բացակայում է ԼՂ հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայությունը:
«Ինչպես Աբխազիայի, Հարավային Օսիայի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի դեպքում, Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի որոշված մոդելով, կամ էլ, ինչպես Պաղեստինի կամ Հյուսիսային Կիպրոսի դեպքում, չլուծվի», - հայտարարել է նա: