Միջնորդները հիշեցրել են, որ 20 տարի առաջ կնքված հրադադարը ԼՂ խնդիրը չի լուծել եւ թվարկել են կարգավորման հիմնական տարրերը - Mediamax.am

4308 դիտում

Միջնորդները հիշեցրել են, որ 20 տարի առաջ կնքված հրադադարը ԼՂ խնդիրը չի լուծել եւ թվարկել են կարգավորման հիմնական տարրերը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:

«Հրադադարի շնորհիվ մեծացել է հայերի եւ ադրբեջանցիների մի սերունդ, որը ստիպված չի եղել վերապրել պատերազմի սարսափները, եւ կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձերբազատեն ապագա սերունդներին նման փորձից»,- ասված է հայտարարության մեջ:

 

Միեւնույն ժամանակ միջնորդները նշել են, որ «հրադադարը հակամարտությունը չի լուծել»:

 

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները շարունակում են գրավված մնալ, իսկ Ղարաբաղի կարգավիճակի որոշման ուղղված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել»,- ասված է հայտարարության մեջ: 

 

Միջնորդները նկատել են, որ «որոշ շրջանակներում կան սխալ պատկերացումներ առ այն, թե ստատուս-քվոն կարող է հավերժ պահպանվել»: 

 

Հայտարարության մեջ ասված է, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009-2013 թթ.-ին հնչեցված տարրերը` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ; Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ` անվտանգություն եւ ինքնակառավարում երաշխավորող; Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք; Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում կամարտահայտության միջոցով; փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունք; անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ խաղաղապահ առաքելություն:

 

«Նոյեմբերին մենք բարձր մակարդակով խոստումնալից երկխոսության վերսկսման ականատեսը եղանք: Կոչ ենք անում կողմերին ներգրավվել կառուցողական բանակցությունների մեջ, որի արդյունքը կլինի խաղաղ համաձայնագիրը` կառուցված վերոնշյալ տարրերի վրա»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին